Twitter-ի հասույթը նվազել է 40%-ով. հունվարի վերջին Մասկը պետք է կատարի առաջին խոշոր վճարումը

18 հունվարի, 2023  10:25

Twitter-ի հասույթը նախորդ տարվա համեմատ նվազել է 40%-ով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Platformer-ի խմբագիրներից Զոի Շիֆերը։

Նա նաև հիշեցրել է, որ հունվարի վերջին Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը սոցցանցը ձեռք բերելուց հետո պետք է կատարի վարկային առաջին խոշոր վճարումը։

Մասկը Twitter-ը ձեռք է բերել 2022 թ․ հոկտեմբերին 44 մլրդ դոլարով, ինչից հետո ընկերությունը 13 միլիարդ դոլարի պարտք ունի: Գործարքից անմիջապես հետո Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը «ամբողջ արագությամբ գնում է դեպի սնանկություն», և օրական կորուստները կարող են հասնել մինչև 4 միլիոն դոլարի: Ավելի ուշ PayPal-ի իր գործընկերներից Դեյվիդ Սաքսի հետ հարցազրույցում նա նշել էր, որ հաջողվել է ընկերության ծախսերը վերահսկողության տակ առնել, և այժմ այն ​​այլևս ամբողջ արագությամբ սնանկության չի գնում: Մասկի խոսքով՝ «ընդհանուր առմամբ, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում», սակայն դեռ շատ անելիք կա՝ «բիզնեսը փրկելու համար»։

Առաջին իսկ օրերից Մասկը սկսեց ակտիվորեն կրճատել անձնակազմը և հնարավորության դեպքում կրճատել ծախսերը։ Նա Twitter-ի գլխավոր գրասենյակի ազատված գրասենյակային տարածքը վերածել էր «հյուրանոցի», որտեղ մնացած աշխատակիցները կարող են գիշերել և հանգստանալ։ Նույնիսկ աճուրդի են հանվել ընկերության՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող կենտրոնակայանի ոչ անհրաժեշտ կահույքն ու տեխնիկան, որտեղ այժմ աշխատում է երկու երրորդով քիչ մարդ, քան մի քանի ամիս առաջ։

Թվում է, թե չնայած գործադրվող բոլոր ջանքերին, ընկերության գործերը դեռ վատ են ընթանում: Դրանում թերևս իրենց դերն ունեն նաև գովազդատուների հետ կապված խնդիրները, որոնցից շատերին դուր չի գալիս Մասկի քաղաքականությունը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ սոցցանցի գովազդային բիզնեսը, որն ուներ տարեկան 5 մլրդ դոլար հասույթ, սկսեց վնասներ կրել այն բանից հետո, երբ Մասկը դարձավ Twitter-ի սեփականատերը։ Օրինակ՝ General Motors-ը, Volkswagen-ը, Carlsberg-ը և շատ այլ ընկերություններ, որոնք միասին 2020-2022 թթ․ մոտ 2 միլիարդ դոլար են ծախսել այս հարթակում գովազդի վրա, վերջերս դադարեցրել են իրենց գովազդային արշավները։

Փորձագետների կարծիքով՝ հասույթի կրճատման հարցում հավանաբար իրենց դերն են խաղացել նաև Twitter-ում տեղի ունեցած կրճատումները, ինչի պատճառով շատ գովազդատուներ կորցրել են ընկերությունում իրենց կոնտակտային անձանց և բախվել մի շարք դժվարությունների։ Ի հայտ են եկել նաև տեխնիկական խնդիրներ, որոնք հավանաբար կվանեն գովազդատուներին: Այնուամենայնիվ, Twitter-ում գովազդային արշավների դադարեցման հիմնական պատճառը, ըստ Financial Times-ի փորձագետների, ամենևին էլ տեխնիկական խնդիրները չէին և ոչ էլ մարդկանց բացակայությունը, որոնց հետ գովազդատուները սովոր են աշխատել, այլ Իլոն Մասկի անձը՝ նրա անկանխատեսելիությունն ու կոնֆլիկտայնությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Մասկը վաճառեց Tesla-ի իր բաժնետոմսերի մի մասը 3,6 միլիարդ դոլար արժողությամբ՝ այն անվանելով «անվտանգության բարձիկ» Twitter-ի համար (սակայն, ընկերության բաժնետոմսերի գնի կտրուկ անկումից հետո նա խոստացավ չվաճառել իր բաժնետոմսերը մինչև 2024 թ․ )։ Արդյո՞ք այս քայլը կօգնի փրկել Twitter-ը և այն ոտքի կանգնեցնել, ցույց կտա ժամանակը:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ