Twitter-ի տարբերանշանը կփոխվի․ թռչնին կփոխարինի X տառը

24 հուլիսի, 2023  10:11

Հայտնի գործարար և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նախատեսում է փոխել հարթակի տարբերանշանը․ հայտնի թռչնին կփոխարինի X տառը։ Այս մասին գործարարը հայտնել է սոցցանցի իր էջում։

«Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանշանին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- գրել է Մասկը։

Նոր տարբերանշանը X տառն է սև ֆոնի վրա: Ակնկալվում է, որ տարբերանշանը կփոխվի այսօր։

Ավելի ուշ Մասկը այս թեմայի վերաբերյալ մի քանի հրապարակում է արել՝ գրելով նաև, որ թեև իրեն դուր է գալիս Twitter-ի հին տարբերանշանը, այն, ամեն դեպքում, կփոխարինվի X-ով: Նա նաև գրել է, որ «X.com-ն այժմ ուղղորդում է դեպի https://twitter.com/»: Նրա հրապարակումներից կարելի է նաև եզրակացնել, որ հարթակի կապույտ գույնը նույնպես հնարավոր է փոխեն սևով։

musk-x

Հիշեցնենք, որ Twitter-ը Մասկը գնել է անցյալ տարվա հոկտեմբերին և դրանից հետո շատ բան է փոխել այս հարթակում: Մասնավորապես, նա ներմուծել է վճարովի ստուգանիշի հնարավորությունը, ապաարգելափակել է մի շարք օգտատերերի, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, վերակազմավորել է ընկերությունը և բազմաթիվ կրճատումներ արել։ Վերջերս նա նաև արգելել է դիտել թվիթերյան գրառումները՝ առանց հարթակ մուտք գործելու և գրառումները դիտելու սահմանափակումներ է մտցրել անվճար օգտահաշիվների համար։

Մասկի նորամուծությունները տարբեր արձագանքներ են ստանում․ ոչ բոլոր օգտատերերն են հավանություն տալիս գործարարի գաղափարներին ու որոշումներին։ Պատահական չէ, որ Twitter-ի այցելություններն սկսեցին նվազել այն բանից հետո, երբ Meta-ն գործարկեց մրցակից սոցիալական հարթակ Threads-ը:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ