X-ը iOS օգտատերերին թույլ է տալիս սոցցանց մուտք գործել առանց գաղտնաբառի

24 հունվարի, 2024  16:11

Անցյալ տարի X սոցիալական ցանցը պրեմիում բաժանորդագրություն չունեցող օգտատերերին զրկել էր SMS-ի միջոցով երկգործոն նույնականացում անցնելու հնարավորությունից և այժմ, որպես փոխհատուցում, Apple iOS հավելվածը հնարավորություն է տալիս սոցցանց մուտք գործել առանց գաղտնաբառի՝ Passkey տեխնոլոգիայի միջոցով։ Նոր հնարավորությունը, այդուհանդերձ, առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում:

«Այսօր մենք ուրախ ենք գործարկելու մուտքի բանալիները (Passkey)՝ որպես մուտք գործելու միջոց ԱՄՆ-ում գտնվող iOS օգտատերերի համար»,- ասվում է հարթակում: Նոր հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել X հավելվածը։

Passkey-ն տեխնոլոգիա է, որը մշակել է FIDO Alliance ընկերությունը և աջակցություն ունի  այնպիսի խոշոր խաղացողների պրոդուկտներում, ինչպիսիք են Apple-ը, Google-ը և Microsoft-ը: Ավանդական գաղտնաբառերի փոխարեն այն օգտվողներին թույլ է տալիս մուտք գործել՝ օգտագործելով կենսաչափական տվյալները:

Apple iOS 16-ում մուտքի բանալիների ստեղծման և պահպանման հնարավորությունն ստեղծվել է Safari-ի և iCloud Keychain-ի միջոցով, և iOS 17-ի թողարկմամբ այս գործառույթը տարածվում է նաև երրորդ կողմի ռեսուրսների վրա:

Հիշեցնենք, որ անցյալ տարի X սոցիալական ցանցը պրեմիում բաժանորդագրություն չունեցող օգտատերերի համար անջատել էր երկգործոն նույնականացումը SMS-ի միջոցով և առաջարկել էր որպես այլընտրանք օգտագործել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են 1Password-ը, iCloud Keychain-ը և Google Authenticator-ը: Այժմ ընկերությունն ավելացրել է առանց գաղտնաբառի մուտքի հնարավորություն՝ մուտքի բանալիների միջոցով։


 
 
 
 
  • Արխիվ