X սոցցանցում տեսա և լսազանգերի գործառույթն արդեն հասանելի է բոլորին

29 փետրվարի, 2024  16:12

X սոցցանցում (նախկինում՝ Twitter) տեսա և լսազանգերի գործառույթը, որը նախկինում գործառույթը հասանելի էր միայն X Premium վճարովի բաժանորդներին, այժմ արդեն հասանելի է բոլոր օգտատերերին։ Այս մասին տեղեկացրել է XNews-ը։

«Աուդիո և տեսազանգերն այժմ հասանելի են բոլորին X-ում: Ո՞ւմ եք առաջինը զանգահարելու»,- ասվում է հրապարակման մեջ։

X սոցցանցի զանգերը ներկառուցված են հաղորդագրությունների բաժնում. մեկ այլ օգտատիրոջը զանգելու համար օգտատերը պետք է նրա հետ առնվազն մեկ անգամ շփվի անձնական հաղորդագրությունների միջոցով:

Օգտատերերը կարող են նաև կարգավորել գործառույթն այնպես, որ ոչ ոք չզանգահարի իրենց կամ զանգահարեն միայն իրենց կոնտակտները: Հնարավոր է նաև կարգավորումը նշել այնպես, որ զանգեր ստացվեն միայն ստուգված օգտատերերից կամ նրանցից, որոնց տվյալ օգտատերը բաժանորդագրված է: Համացանցին միացած լինելու դեպքում օգտատերերը մուտքային զանգը կտեսնեն նույնիսկ, երբ էկրանը կողպված է, ինչպես սովորական զանգերի դեպքում:

Ընկերությունը տեսա և լսազանգերի հնարավորությունը փորձարկում է 2023-ի հուլիսից։ Սկզբում գործառույթն ավելացվել էր iOS օգտատերերի և X Premium բաժանորդների համար, սակայն ավելի ուշ գործառույթը հայտնվել էր նաև Android-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը մտադիր է 2024-ին իր X սոցցանցը վերածել ծանոթությունների կայքի և թվային բանկի։ Ընկերությունն անցկացրել էր բարձրագույն ղեկավարության հանդիպում Մասկի և ընկերության գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոյի մասնակցությամբ։ Հանդիպման ժամանակ Մասկն ասել էր, որ X-ը 2024-ին կդառնա ծանոթությունների լիարժեք կայք, ինչպես նաև թվային բանկ։ Սակայն նա չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է տեղի ունենալու վերափոխումը։


 
 
 
 
  • Արխիվ