Իլոն Մասկը ցանկանում է X-ում ֆինանսական ծառայությունները ավելացնել և սոցցանցը դարձնել ֆինանսական կենտրոն

27 հոկտեմբերի, 2023  17:20

Միլիարդատեր, X սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է X սոցիալական ցանցում ավելացնել ֆինանսական ծառայություններ և այն դարձնել ֆինանսական կենտրոն, ինչը թույլ կտա «կառավարել այն ամենը, ինչ կապված է գումարի հետ», գրում է The Verge-ը։

Մասկն այս մասին ասել է հինգշաբթի X-ի աշխատակիցների հետ կոնֆերանսի ժամանակ՝ նշելով, որ մարդիկ կզարմանան, թե «որքան հզոր է այն»: Նրա խոսքով՝ սոցցանցում նոր գործառույթները պետք է հայտնվեն մինչև 2024-ի վերջ։

«Երբ ես խոսում եմ վճարումների մասին, ես իսկապես նկատի ունեմ ինչ-որ մեկի ամբողջ ֆինանսական կյանքի մասին,- ասել է Մասկը,- Դա կլինի մեր հարթակում։ Գումար, արժեթղթեր կամ ինչ-որ այլ բան»:

Մասկը նաև նշել է, որ սոցցանցի օգտատերերին նույնիսկ բանկային հաշիվ պետք չի լինի։ «Ես շոկի մեջ կլինեմ, եթե մենք դա չհասցնենք մինչև հաջորդ տարվա վերջ»,- հավելել է նա։

X-ի գլխավոր տնօրեն Լինդա Յակկարինոն ևս հաստատել է, որ այդ գործառույթները սոցցանցում կհայտնվեն մինչև 2024-ի վերջ։

Ընկերությունը ներկայումս աշխատում է ամբողջ Միացյալ Նահանգներում ֆինանսական ծառայություններ իրականացնելու արտոնագրեր ձեռք բերելու վրա, որպեսզի կարողանա նման ծառայություններ առաջարկել օգտատերերին: Մասկը հանդիպման ժամանակ աշխատակիցներին ասել է, որ մնացած անհրաժեշտ թույլտվությունները հույս ունի ստանալ «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»:

Ինչպես պարզվում է, Մասկը դեռ շատ տարիներ առաջ է հղացել ֆինանսական հարթակ ստեղծելու գաղափարը: «X/PayPal արտադրանքի ճանապարհային քարտեզն իրականում գրել ենք ես և Դեյվիդ Սաքսը (PayPal-ի ներդրողներից մեկը) 2000-ի հուլիսին»,- ասել է Մասկը X սոցցանցի աշխատակիցների հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Եվ ինչ-ինչ պատճառներով PayPal-ը, որը դարձավ eBay-ը, ոչ միայն չիրականացրեց ցուցակի մնացած մասը, այլ իրականում հետ կանգնեց մի շարք հիմնական գործառույթներից, ինչը պարզապես խենթություն է: Այսպիսով, PayPal-ը իրականում ավելի քիչ հասուն արտադրանք է, քան այն, որը մենք մտածել էինք 2000-ի հուլիսին, այսինքն՝ 23 տարի առաջ»,- ասել է Իլոն Մասկը:


 
 
 
 
  • Արխիվ