Պատմության մեջ առաջին անգամ iPhone-ը կստանա Samsung-ի տեսախցիկ

25 հուլիսի, 2024  10:12

Apple-ը երբեք չի նշում, թե որ ընկերության տեսախցիկներն է օգտագործում իր սմարթֆոններում, բայց երկար տարիներ դրանք եղել են բացառապես Sony-ի սենսորները: Սակայն շուտով դրանք կարող են փոխարինվել Samsung-ի տեսախցիկներով։

Tianfeng International-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն վստահեցնում է, թե ակնկալվում է, որ Samsung-ը կսկսի 48 մեգապիքսելանոց պատկերի սենսորներ մատակարարել Apple-ին, որպեսզի արդեն 2026-ից դրանք օգտագործվեն iPhone-ներում՝ վերջ դնելով Sony-ի երկարամյա մենաշնորհին: Հայտնի է, որ սա լինելու է 1/2,6 դյույմանոց օպտիկական ֆորմատի սենսոր։ Այսինքն՝ այն ամենամեծը չէ, բայց նաև հիմնական տեսախցիկը չէ:

Ըստ վերլուծաբանի՝ հաշվի առնելով, որ խոսքը 2026-ի մասին է, ապա նման սենսորներ հավանաբար կստանան iPhone 18 շարքի սմարթֆոնները, հավանական է, որ սկզբում միայն հիմնական մոդելները, իսկ Pro մոդելները կունենան ավելի մեծ սենսորներ։

Մինգ-Չի Կուոն ավելացնում է, որ Samsung-ն ստեղծել է հատուկ թիմ՝ այս հարցում Apple-ին սպասարկելու համար, ինչը նշանակում է, որ ընկերությունը լուրջ է տրամադրված։


 
 
 
 
  • Արխիվ