Chandra աստղադիտակի 25-ամյակի առթիվ ՆԱՍԱ-ն 25 լուսանկար է հրապարակել, որոնք հանրությունն առաջին անգամ է տեսնում

24 հուլիսի, 2024  10:19

Տիեզերքում Chandra ռենտգենյան աստղադիտակի գործունեության 25-ամյակի առթիվ ՆԱՍԱ-ն հրապարակել է այս գործիքի միջոցով արված 25 լուսանկար, որոնք նախկինում հանրությունը չի տեսել: Հնարավոր է, որ ՆԱՍԱ-ի բյուջեի կրճատումների պատճառով աստղադիտակի աշխատանքը շուտով դադարեցվի։

Chandra աստղադիտակն արձակվել է Columbia տիեզերանավով 1999-ի հուլիսի 23-ին, և այն ժամանակից ի վեր Երկիր է ուղարկել բազմաթիվ ցնցող պատկերներ, ներառյալ երբևէ նկատված ամենահեռավոր սև խոռոչի լուսանկարը:

Աստղադիտակն օգնել է կատարել որոշ բացահայտումներ, որոնց մասին գիտնականներն առաքելության մեկնարկից առաջ նույնիսկ չէին էլ կասկածում: Քսանհինգամյա տարեդարձի առթիվ հրապարակված 25 լուսանկարները մի փոքր մասն են միայն այն նյութերի, որ ստացվել են 25,000 դիտարկումներից, որոնք Chandra-ն անցկացրել է տիեզերքում գտնվելու ընթացքում:

chandra (1).jpg (2.58 MB)

Աստղագետները շարունակում են օգտագործել աստղադիտակից ստացված տվյալները այլ հզոր աստղադիտակների, այդ թվում՝ James Webb տիեզերական աստղադիտակի (JWST) և Imaging X-ray Polarimetry Explorer-ի (IXPE) պատկերների հետ համատեղ:

Սակայն ՆԱՍԱ-ի բյուջեի կրճատումները վտանգի տակ են դնում տիեզերական աստղադիտակի ապագան՝ չնայած նրա բոլոր հաջողություններին: ՆԱՍԱ-ի աստղաֆիզիկայի բաժնի ղեկավար Մարկ Կլամպինն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ստիպված են պայքարել բյուջետային կոշտ որոշումների դեմ և բարդ ընտրություն կատարել նոր աստղադիտակներ ստեղծելու նպատակով միջոցներ գտնելու համար։

Հետազոտողները չեն էլ ուզում անգամ մտածել, որ Chandra-ը մոտ ապագայում կարող է շահագործումից հանվել։ Բայց նույնիսկ եթե դա տեղի ունենա, աստղադիտակն արդեն վաստակել է ՆԱՍԱ-ի ամենաարդյունավետ առաքելություններից մեկի կոչումը. 25 տարվա ընթացքում Chandra-ի մասնակցությամբ իրականացված հետազոտությունները հիմք են դարձել ավելի քան 700 դոկտորական ատենախոսությունների և ավելի քան 10,000 գրախոսվող հոդվածների համար:


 
 
 
 
  • Արխիվ