Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է ևս 9%-ով, Իլոն Մասկը խոստացել է մինչև 2024 թ․ դադարեցնել դրանց վաճառքը

23 դեկտեմբերի, 2022  18:59

Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերի գինը մեկ օրում նվազել է ևս 9%-ով` հասնելով մինչև 125 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց։ Ընդորում՝ շուկայի բացման ժամանակ ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը եղել է 135 դոլար։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոստացել է, որ մինչև 2024 թ․ այլևս չի վաճառի Tesla-ի բաժնետոմսերը։

Ինչպես նշում է Seeking Alpha-ն, բորսայի մեկնարկից հետո միայն առաջին երեք ժամվա ընթացքում վաճառվել է Tesla-ի 124 մլն բաժնետոմս, այն դեպքում, երբ սովորաբար ողջ օրվա ընթացում վաճառվում է միջինը շուրջ 90 մլն բաժնետոմս։ Միայն վերջին վեց շաբաթվա ընթացքում Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է 27%-ով, իսկ ընդհանուր առմամբ տարվա սկզբից այն նվազել է 69%-ով։  

Tesla-ն փորձում է զեղչերով շտկել իրավիճակը

Tesla-ի բաժնետոմսերի գնանկումը տեղի է ունենում Իլոն Մասկի նկատմամբ դժգոհությունների ֆոնին առ այն, որ նա անուշադրության է մատնել ընկերությունը։ Գնանկմանը նաև նախորդել են լուրերն այն մասին, որ Tesla-ն չինական շուկայում իր ավտոմեքենաների վաճառքը խթանող (ընկերությանը ոչ բնորոշ) միջոցառումներ է իրականացնում, իսկ այս շաբաթ սկսել է նաև զեղչեր տրամադրել ողջ Հյուսիսային Ամերիկայում, ներառյալ Կանադայում և Մեքսիկայում։ Սա, ըստ վերլուծաբանների՝ առաջին նշաններն են այն մասին, որ Tesla-ի ավտոմեքենաների պահանջարկը նվազել է։

Ըստ Electrek-ի՝ դեկտեմբերին ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների համար զեղչերը հասնում են  7500 դոլարի, բացի դրանից, հիմա արդեն ավելացել են Կանադայում և Մեքսիկայում տրվող զեղչերը: Ճիշտ է, այս երկրներում այն չի գերազանցում 3700 դոլարը, սակայն մարկետինգի ոլորտում Tesla-ի նման պահվածքն ընդհանուր առմամբ բնորոշ չէ ընկերությանը։ Բացի դրանից, Մեքսիկայում և Կանադայում իր մեքենաները վաճառելու համար ընկերությունն իր Supercharger լիցքավորման կետերում մինչև 10 000 կմ-ին համարժեք անվճար լիցքավորման հնարավորություն է տալիս նրանց, ովքեր պատրաստ են մինչև դեկտեմբեր գնել ընկերության մեքենաներից։

Twitter-ի գնման գործարքը ֆինանսավորելու համար Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վաճառել է ընկերության առնվազն 23 միլիարդ դոլարի բաժնետոմսեր: Ինչպես տեղեկացնում է Ortex-ը, տարվա սկզբից ֆոնդային բորսայում կարճ դիրքեր զբաղեցնողներն այս արժեթղթերը գնելու համար առնվազն 15 միլիարդ դոլար են ծախսել: Հենց դրա շնորհիվ էլ Tesla-ի բաժնետոմսերը 2022 թ․ արդյունքներով դարձել են ամենաեկամտաբեր ֆինանսական գործիքը կարճաժամկետ ներդրումների համար։

Վթարները՝ լուրջ խնդիր

Իրավիճակը որոշ չափով սրում են Tesla-ի կողմից վերահսկվող էլեկտրական մեքենաների հետ կապված վթարների նոր դեպքերը, որոնք ԱՄՆ Ազգային մայրուղիների երթևեկության անվտանգության վարչության կարգավորիչների հետաքննության առարկա են դառնում: Գործակալությունը ներկայումս հետաքննում է Tesla-ի՝ վարորդի աջակցության ակտիվ համակարգերի հետ կապված ընդհանուր 41 վթար, որոնցից 14-ը եղել են մահվան ելքով: Հետաքննության նյութերին ավելացել է նաև Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում Tesla Model S սեդանը կամրջի երկայնքով երթևեկել էր շատ քաոտիկ ձևով, ինչի հետևանքով 8 ավտոմեքենա էր վնասվել։

Բաժնետոմսեր նեղ օրվա համար

Ֆոնդային շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ Tesla-ն ընթացիկ եռամսյակում կվաճառի 420,000-ից մինչև 430,000 էլեկտրական ավտոմեքենա՝ այդպիսով թարմացնելով սեփական ռեկորդը: Ակնհայտ է, որ վերը նշված խթանիչ միջոցառումներն ուղղված են այս նպատակին հասնելուն։ Սակայն այդ միջոցառումները չեն ուղեկցվում մեքենաների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ եռամսյակի վերջին աշխատակիցներին ուղղված Մասկի՝ արդեն ավանդական դարձած կոչով։ Ըստ փորձագետների՝ սա մի կողմից վկայում է արտադրական գործունեության ոլորտում բարեփոխումների հաջող իրականացման մասին, իսկ մյուս կողմից, այն կարող է խոսել այն մասին, որ Tesla-ն էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկի հետ կապված խնդիրներ ունի իր համար որոշ կարևոր շուկաներում, այդ թվում՝ Չինաստանում և ԱՄՆ-ում:

Գիտակցելով իրավիճակի նրբությունը՝ Իլոն Մասկը Twitter Spaces-ում խոստացել է, որ առաջիկա 18-24 ամիսներին զերծ կմնա Tesla-ի բաժնետոմսերի վաճառքից։ Մասկն ասել է, որ արդեն վաճառել է Tesla-ի որոշ բաժնետոմսեր, եթե Twitter-ի հետ ինչ-որ բան պատահի, և իրեն գումար լինի։ Այնուամենայնիվ, Մասկը նախկինում բազմիցս է խախտել նմանատիպ խոստումները, և այս խոստում դժվար թե համոզի ներդրողներին հավատալ նրան։ Միլիարդատերը շարունակում է կարծել, որ ԱՄՆ արժութային իշխանությունները, շահարկելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մասամբ մեղավոր են Tesla-ի բաժնետոմսերի գնի ներկայիս դինամիկայի համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ