X սոցցանցը նոր գործառույթ ունի․ այժմ կարող եք թաքցնել ձեր հավանումները

15 սեպտեմբերի, 2023  14:19

X սոցիալական ցանցը (նախկինում հայտնի որպես Twitter) նոր գործառույթ ունի․ այն օգտատերերին թույլ է տալիս կառավարել իրենց հավանումների տեսանելիությունը։ Նախկինում յուրաքանչյուր «հավանում» գտնվում էր օգտատիրոջ էջում՝ «Հավանել» ներդիրում, սակայն այժմ օգտատերերը հնարավորություն ունեն թաքցնել դրանք հանրությունից։

Նոր գործառույթի մասին հայտարարել է X-ի, ինչպես նաև Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը։

«Այժմ կարող եք թաքցնել ձեր հավանումները: Բայց խորհուրդ եմ տալիս դրանք բաց պահել և պարզապես օգտագործել էջանիշեր հետաքրքիր գրառումների համար»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

twitter-new-function.jpg (25 KB)

Մասկը նաև տեղեկացրել է, որ ապագայում X սոցիալական ցանցը կունենա աուդիո և տեսազանգերի հնարավորություն, որը հասանելի կլինի տարբեր հարթակներում, այդ թվում՝ iOS-ում, Android-ում և համակարգիչներում, այդ թվում՝ Apple սարքերում։ Այս դեպքում զանգ կատարելու համար բաժանորդի հեռախոսահամարն իմանալու կարիք չի լինի։

Վերջերս X սոցիալական ցանցը գործարկել է նաև X Hiring կոչվող նոր ծառայություն, որը թույլ է տալիս էջում տեղադրել աշխատատեղերի մասին հայտարարություններ։ Այն նոր հնարավորություններ է ընձեռում հարթակի ներսում կադրեր փնտրելու համար։ Ճիշտ է, ծառայությունը հասանելի է միայն այն ընկերություններին և կազմակերպություններին, որոնք ունեն X Premium բաժանորդագրություն, և արժե ամսական $1000։ Այս բաժանորդագրությամբ օգտահաշիվներն առանձնանում են ոսկե ստուգանիշով։

Առայժմ գործառույթն աշխատում է բետա տարբերակում։ Այն օգտագործելու համար հարկավոր է հայտ ներկայացնել։ 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ