Ցուկերբերգը մենամարտի վերաբերյալ վերջնագիր է ներկայացրել Մասկին և ասել, որ նա անլուրջ է

14 օգոստոսի, 2023  10:21

Meta ընկերության համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը ամերիկացի ձեռնարկատեր, X-ի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկին կոչ է արել հնարավորինս շուտ նշանակել մենամարտի օրը կամ ընդհանրապես հրաժարվել դրանից: Meta-ին պատկանող Threads սոցցանցում արված գրառման մեջ Ցուկերբերգը նաև նշել է, որ Մասկը լուրջ չէ։

Ցուկերբերգն ասել է, որ ինքը Մասկին կոնկրետ օր էր առաջարկել մենամարտի համար, իսկ Բացարձակ մարտական առաջնության (UFC) ղեկավար Դեն Ուայթը հայտարարել էր, որ պատրաստ է ստանձնել մենամարտի կազմակերպումը։ Նա նաև հիշեցրել է, որ Մասկը չի հաստատել մենամարտի օրը, իսկ ավելի ուշ ասել է,  որ վիրահատության կարիք ունի։ Meta-ի համահիմնադիրը եզրակացրել է, որ Մասկը «լուրջ չէ, և ժամանակն է առաջ շարժվել»։

«Եթե Իլոնը երբևէ լրջորեն խոսի իրական ժամկետի և պաշտոնական իրադարձության մասին, նա գիտի, թե ինչպես կապվել ինձ հետ։ Հակառակ դեպքում, մենք պարզապես կթողնենք այն: Ես պատրաստվում եմ կենտրոնանալ մրցակցության վրա նրանց հետ, ովքեր լրջորեն են վերաբերվում դրան»,- ասել է Ցուկերբերգը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Մասկը հայտարարել էր, որ Ցուկերբերգի հետ մենամարտը կազմակերպվելու է ոչ թե UFC-ի, այլ միլիարդատերերի ֆոնդերով։ Նա նաև վստահեցրել էր, որ մենամարտը տեղի է ունենալու «էպիկական վայրում»՝ Հին Հռոմի ֆոնին։

Ավելի ուշ Ցուկերբերգն ակնարկել էր, որ Հին Հռոմի ֆոնին մենամարտ անցկացնելու մասին Մասկի հայտարարությունն արվել է առանց իր կամ իր ներկայացուցիչների հետո համաձայնեցման։

Մասկի և Ցուկերբերգի մենամարտի պատմությունն սկսվել է հունիսին, երբ Մասկը գրել էր, թե ցանկանում է մենամարտել Ցուկերբերգի հետ, որն ընդունել էր մարտահրավերը։ Միլիարդատերերի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել այն, որ Ցուկերբերգին պատկանող Meta ընկերությունն ստեղծել է Մասկին պատկանող X սոցցանցի անալոգը՝ Threads-ը։ Դրանից հետո նրանք բանակցություններ են սկսել մենամարտի անցկացման շուրջ։ Իլոն Մասկը նույնիսկ պատմել է, թե ինչպես է պատրաստվում Ցուկերբերգի հետ մենամարտին։ Նաև տեղեկություն կար այն մասին, որ մարտը կհեռարձակվի X-ի ուղիղ եթերում։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ