Հաջորդ iPhone SE-ն կարող է ունենալ հզոր A18 չիպ և Apple Intelligence-ի ԱԲ գործառույթներ

23 հուլիսի, 2024  16:04

Համացանցում նոր ոչ պաշտոնական մանրամասներ են հայտնվել գալիք սերնդի iPhone SE սմարթֆոնի մասին։ Ակնկալվում է, որ նոր բյուջետային iPhone-ը կաշխատի Apple-ի վերջին A18 պրոցեսորով, որը թույլ կտա Apple Intelligence արհեստական բանականությունն (ԱԲ) ինտեգրել նույնիսկ Apple-ի բյուջետային սարքերին։

Ինչպես տեղեկացնում է9to5mac-ը, այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Ice Universe-ը, որը կիսվել է հաջորդ տարի թողարկվելիք չորրորդ սերնդի iPhone SE-ի բնութագրերի մասին տեղեկություններով: Ըստ այդմ՝ բացի iPhone 14-ի ոճով սպասվող ժամանակակից դիզայնից, Face ID-ից և USB-C պորտից, iPhone SE 4-ը կարող է ևս մեկ անակնկալ մատուցել։

Աղբյուրի համաձայն՝ նոր iPhone SE-ն հագեցած կլինի A18 չիպով և հնարավոր է՝ 6 կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Նույն չիպը կօգտագործվի iPhone 16 շարքի բոլոր սմարթֆոններում, ներառյալ բազային մոդելները։ Նախկինում Apple-ն օգտագործում էր չիպերի նույն շարքը և՛ Pro, և՛ սովորական մոդելներում, սակայն CPU-ի և GPU-ի միջուկների որոշ տարբերություններով: Այնուամենայնիվ, սկսած iPhone 14-ից, ընկերությունն սկսեց շեշտն ավելի շատ դնել Pro մոդելների կատարողականության վրա՝ դրանք զինելով բացառիկ չիպերով, մինչդեռ բազային մոդելները ստացան ոչ այնքան հզոր հարթակներ։

Այս տարի Apple Intelligence-ի ի հայտ գալը փոխել է իրավիճակը: Ներկայիս iPhone-ներից միայն A17 Pro չիպով մոդելները (iPhone 15 Pro և Pro Max) կստանան արհեստական բանականության նոր գործառույթներ iOS 18 թարմացմամբ: Հավանաբար, այս պատճառով բոլոր նոր iPhone 16 մոդելները կհամալրվեն A18 չիպով, հակառակ դեպքում Apple-ը ստիպված կլինի վաճառել նոր iPhone-ներ՝ առանց թարմ հնարավորությունների հասանելիության, ինչը կարող է հանգեցնել նրան, որ այս սարքերն ավելի քիչ մրցունակ լինեն և ավելի քիչ վաճառվեն:

Ի դեպ, ավանդաբար iPhone SE-ն միշտ ստացել է iPhone-ի վերջին մոդելներում կիրառվող չիպեր, ուստի այս լուրն անակնկալ չէ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, թե որքան ժամանակ է անցել SE-ի վերջին թարմացումից, Apple-ը կարող էր ընտրել ավելի հին չիպ (օրինակ՝ A16 Bionic-ը) A18-ի փոխարեն: Ըստ երևույթին, ընկերությունը մտադիր է օգտագործել ԱԲ-ն՝ որպես իր բոլոր ապրանքների հիմնական առավելություն։

Բացի դրանից՝ սենսորային էկրանով նոր HomePod-ի մասին արտահոսքերը նույնպես ցույց են տալիս, որ այն կարող է հագեցած լինել A18 չիպով: Սա խոսում է այն մասին, որ Apple-ը շուտով կթարմացնի իր բյուջետային iPad և iPad mini մոդելները նորագույն չիպերով: Թեև Apple Intelligence-ի գործառույթները հասանելի չեն լինի հին սարքերի համար, բոլոր նոր iPhone-ներն ու iPad-ները, հավանաբար, կստանան արհեստական բանականության հնարավորություններ:


 
 
 
 
  • Արխիվ