Իլոն Մասկը որոշել է X սոցցանցը վճարովի դարձնել

19 սեպտեմբերի, 2023  14:20

X սոցիալական ցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է հարթակը վճարովի դարձնել։ Ինչպես տեղեկացնում է CNBC-ն, այս հայտարարությունը գործարարն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։

Մասկի խոսքով՝ սոցցանցից օգտվելու համար սահմանվող ամսական վճարը կլինի «փոքր» և կներդրվի «բոտերի բանակների» դեմ պայքարելու համար։ Գործարարն ասել է, որ X-ից ամսական օգտվում է 550 միլիոն մարդ, որոնք օրական հրապարակում են 100-ից 200 միլիոն գրառում։

Նշենք, որ X սոցցանցն արդեն ունի վճարովի տարբերակներ ինչպես ընկերությունների, այնպես էլ այն օգտատերերի համար, որոնք ցանկանում են ունենալ նույնականացման ստուգանիշը։

Նշենք, որ անցած տարի սոցցանցը գնելուց հետո Մասկը մի շարք փոփոխություններ է կատարել, կրճատել աշխատողների կեսից ավելիին, ինչը մտահոգություն էր առաջացրել սոցցանցի աշխատանքի և անվտանգության հետ կապված։ Տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին նվազել էին նաև սոցցանցի գովազդային մուտքերը և խնդիր շտկելու համար գործի էին դրվել զեղչեր և նույնիսկ սպառնալիքներ՝ զգուշացնելով, որ ընկերությունների էջերից կհեռացնի ոսկե ստուգանիշերը, եթե դրանք ակտիվություն չցուցաբերեն և չսկսեն գումար ծախսել գովազդի վրա։

Այս տարվա հուլիսին ընկերությունը գովազդատուներին առաջարկել է 50 տոկոս զեղչ որոշակի տեսակի գովազդի համար՝ 24 ժամվա ընթացքում X-ում ամենաքննարկվող թեմաներում ցուցադրվելու հնարավորությամբ: Հայտարարվել էր, որ զեղչը գործում է մինչև հուլիսի 31-ը։ Իսկ մինչ այդ գովազդատուներից ակնկալվում էր գումար ծախսել հարթակում՝ իրենց ոսկե ստուգանիշերը պահպանելու համար: Դրա համար ընկերությունը սահմանել էր ծախսերի նվազագույն գումարներ՝ $1000 վերջին 30 օրվա, կամ $6000 վերջին 180 օրվա ընթացքում:


 
 
 
 
  • Արխիվ