Մասկի դեմ Ցուկերբերգի մարտը կհեռարձակվի X-ի ուղիղ եթերում. Ցուկն առաջարկում է օգտագործել ավելի «վստահելի հարթակ»

7 օգոստոսի, 2023  10:04

X սոցիալական ցանցը հեռարձակելու է Իլոն Մասկի եւ Մարկ Ցուկերբերգի մարտն ուղիղ եթերում, իսկ հեռարձակման եկամուտները կտրամադրվեն բարեգործական նպատակների՝ պատերազմի վետերաններին։ Իլոն Մասկն այս մասին հայտարարել է իր սոցիալական ցանցում։

«Ցուկի մարտը Մասկի դեմ կհեռարձակվի X-ի ուղիղ եթերում։ Բոլոր եկամուտները կտրամադրվեն բարեգործությանը՝ վետերանների համար»,- գրել է նա։

Ցուկերբերգը կարծես թե հիացած չէ այդ գաղափարով: Իր նոր Threads սոցիալական ցանցում նա պատասխանել է, որ նրանք պետք է «օգտագործեն ավելի հուսալի հարթակ, որն իրոք կարող է գումար հավաքել բարեգործության համար»:

Հիշեցնենք, որ Մասկի եւ Ցուկերբերգի մարտը կարող է տեղի ունենալ Հռոմի լեգենդար Կոլիզեումում, որտեղ միլիարդատերերը կարող են կռվել իսկական գլադիատորների պես։

Սակայն հարկ է նշել, որ կա որոշակի հավանականություն, որ մարտն առհասարակ չի կայանա։ Ցուկերբերգը վերջերս ասել էր, որ կասկածում է, որ մենամարը տեղի կունենա։ Նա նաեւ գրել է, որ պատրաստ է կռվել թեկուզ այսօր։

«Ես այսօր պատրաստ եմ: Ես առաջարկություն արեցի օգոստոսի 26-ին, երբ նա առաջին անգամ ինձ ռինգ կանչեց, բայց նա չհաստատեց»,- գրել է Ցուկերբերգը։

Այս գրառումը Ցուկերբերգն արել ի պատասխան Մասկի այլ գրառման, որտեղ նա գրել էր, որ մարզվում է մարտից առաջ եւ պատրաստվում է դրան՝ «ծանրություններ բարձրացնելով»։

«Բարձրացնում եմ ծանրություններ օրվա ընթացքում, պատրաստվում եմ մարտին։ Ժամանակ չունեմ մարզումների համար, ուստի պարզապես դրանք տեղափոխում եմ աշխատանքի վայր»,- գրել է նա։

Վերջերս մարտի նախաշեմին Մասկը եւ Ցուկերբերգը հերթով մարզվել են հայտնի պոդկաստեր եւ ԱԲ հետազոտող Լեքս Ֆրիդմանի հետ։ Ֆրիդմանի գրառումներից դժվար է հասկանալ, թե հակառակորդներից ում է նա ավելի ուժեղ համարում եւ ով, ըստ իրեն, ավելի շատ հաղթելու հնարավորություն ունի։

Շատերը սակայան վստահ են Ցուկերբերգի հաղթանակում, քանի որ նա զբաղվում է ջիու-ջիթսույով եւ լավ մարզավիճակում է։ Մյուս կողմից, 51-ամյա Իլոն Մասկն ավելի բարձրահասակ է եւ ծանր 39-ամյա Մարկ Ցուկերբերգից եւ դա կարող է նրան որոշակի առավելություններ տալ։ Ինչպես նշում է The Guardian-ը, 187 սմ հասակ ունեցող Մասկը կշռում է մոտ 85 կգ, իսկ 171 սմ հասակով Ցուկերբերգը՝ 70 կգ-ից պակաս։

Հիշեցնենք, որ Մասկը Ցուկերբերգին ռինգ էր կանչել այն բանից հետո, երբ Meta ընկերությունը տեղեկացրել էր Twitter-ի մրցակից-հավելվածի մշակման մասին՝ Project 92 կոդային անվանմամբ (հիմա արդեն գիտենք, որ խոսքը Threads-ի մասին էր)։ Ցուկերբերգն ընդունել է մարտահրավերը եւ խնդրել նշել մարտն անցկացնելու վայրը։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ