Որքա՞ն է գնահատվում այժմ X-ը և որքա՞ն ավել է Իլոն Մասկը դրա համար վճարել

31 հոկտեմբերի, 2023  13:53

Իլոն Մասկը կարծես թե չափից ավելի շատ է վճարել X սոցցանցի (նախկինում՝ Twitter) համար. մեկ տարի առաջ նա այն ձեռք բերեց 44 մլրդ դոլարով, սակայն այժմ ընկերությունը գնահատվում է ընդամենը 19 մլրդ դոլար:

Ինչպես հայտնում է The Verge-ը, ընկերության ներքին փաստաթղթերի համաձայն՝ աշխատակիցները բաժնետոմսեր են ստացել հենց 19 մլրդ դոլար (կամ մեկ բաժնետոմսը 45 դոլար) գնահատման հիման վրա։ Այս իրադարձությունը ընկերության արժեքի առաջին պաշտոնական հաստատումն էր դրա ձեռքբերումից ի վեր: Բաժնետոմսերի շուկայական արդար գինը որոշել է X-ի տնօրենների խորհուրդը, սակայն հարկ է նշել, որ Մասկը, լինելով տնօրենների խորհրդի նախագահը, դեռ չի ձևավորել խորհուրդն իր ամբողջական կազմով։

Նշենք նաև, որ երբ Մասկը գնեց Twitter-ը, շատ վերլուծաբաններ ու փորձագետներ չափազանց բարձր էին համարում ընկերության ձեռքբերման համար վճարված 44 մլրդ դոլար գինը։ Ինքը՝ Մասկը, կարծես, նույնպես այդպես էր համարում։ Այժմ նա ընկերությունը գնահատում է ընդամենը 19 մլրդ դոլար:

Մեկ տարվա ընթացքում X-ի արժեքի ավելի քան կրկնակի նվազումը կասկածի տակ է դնում ոչ միայն Մասկի բիզնես ռազմավարությունը, այլև հարցեր է առաջացնում առ այն, թե ինչ գործոններ են ազդում նման ընկերությունների արժեքի վրա և ինչպես այդ գործոնները կարող են փոխվել արագ զարգացող շուկայում։

Գնելով Twitter-ը՝ Մասկը մտադիր էր այստեղ կիրառել աշխատողների փոխհատուցման այնպիսի համակարգ, ինչպիսին գործում է իր մյուս ընկերությունում՝ SpaceX-ում, որտեղ աշխատակիցները կարող են իրենց բաժնետոմսերի մի մասը վաճառել արտաքին ներդրողներին: Բաժնետիրական փոխհատուցման տեսակը, որը X-ն առաջարկում է աշխատակիցներին, կոչվում է սահմանափակ բաժնետոմսերի միավորներ կամ RSU (Restricted Stock Units): RSU-ները աշխատակիցները «վաստակում» են չորս տարվա ընթացքում, և դրանք դառնում են հարկվող եկամուտ միայն որոշակի «լիկվիդացիոն իրադարձությունից» հետո, ինչպիսին արժեթղթերի նախնական տեղաբաշխումն է (IPO) կամ ընկերության վաճառքը:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ