Հեգնական և անկաշկանդ․ Իլոն Մասկի ընկերության ստեղծած Grok չատբոտը հասանելի է դարձել X-ի բաժանորդներին

8 դեկտեմբերի, 2023  14:19

Իլոն Մասկին պատկանող xAI ընկերությունն ավելի լայն լսարանի համար հասանելի է դարձրել արհեստական ​բանականության իր չատբոտը Grok-ը։ ChatGPT-ի հնարավոր մրցակիցը, որը չունի սադրիչ հարցերին պատասխանելու խիստ սահմանափակումներ, անկաշկանդ է և կարող տալ նույնիսկ հեգնական պատասխաններ, հասանելի է դարձել X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) Premium+ բաժանորդներին:

Grok-ի գործարկման մասին X սոցիալական ցանցում տեղեկացրել է Իլոն Մասկը՝ չհայտնելով այլ մանրամասներ։ Անցյալ ամիս նա ասել էր, որ երբ Grok-ը դուրս գա բետա տարբերակի վաղ հասանելիության փուլից, այն հասանելի կլինի Premium+-ի բաժանորդներին (ամսական $16-ով): Հավանական է, որ Premium բաժանորդները մի փոքր ավելի ուշ հասանելիություն կստանան չատբոտին։

Մշակողները նշում են, որ Grok-ը նախատեսված է գրեթե ամեն տեսակ հարցի պատասխանելու և նույնիսկ հուշելու համար, ու, թե ինչ հարցեր կարելի է տալ: Այն նաև նախատեսված է հարցերին սրամտորեն պատասխանելու համար։ «Այնպես որ, խնդրում ենք մի՛ օգտագործեք այն, եթե ատում եք հումորը»,- նշել են չատբոտի մշակողները։

xAI-ի ստեղծած չատբոտը նման է մյուս չատբոտերին։ Հարցեր տալու համար առաջարկվում է օգտագործել համապատասխան դաշտը։ Ըստ մշակողների՝ Grok-ի գլխավոր առավելությունն այն է, որ այն կարողանում է պատասխանել գրեթե ցանկացած հարցի՝ X սոցիալական ցանցից տվյալների առցանց հասանելիության շնորհիվ։

Իլոն Մասկը xAI ընկերությունն ստեղծել է այս տարվա հուլիսին՝ ի պատասխան արհեստական բանականության ոլորտում տեխնոլոգիական հսկաների ջանքերին, որոնց նա քննադատում էր չափից ավելի գրաքննության և անվտանգության համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար: Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների միջև, ներառյալ Microsoft-ի և Google-ի, արհեստական բանականության ոլորտում իսկական մրցավազք է սկսվել այն բանից հետո, երբ OpenAI ընկերությունը գործարկեց իր ChatGPT չատբոտը։ Հիշեցնենք, որ Մասկը 2015-ին հիմնված OpenAI-ի հիմնադիրներից էր, սակայն 2018-ին լքեց ընկերության տնօրենների խորհուրդը։

Քանի որ X-ի գովազդատուները շարունակ հեռանում են, Իլոն Մասկը փորձում է նվազեցնել ընկերության կախվածությունը գովազդից և կենտրոնացել է բաժանորդագրությունների վրա: Grok չատբոտը հերթական քայլն է, որը նպատակ ունի գրավիչ դարձնել սոցհարթակը։ Մասկը նաև մտադիր է X-ը վերածել «սուպերհավելվածի», որն օգտատերերին առաջարկում է մի շարք ծառայություններ՝ սկսած հաղորդագրություններից և սոցիալական ցանցերից մինչև վճարումներ:


 
 
 
 
  • Արխիվ