Starship-ի պայթյունը թանկ է արժեցել. Իլոն Մասկը մեկ օրում $12,6 մլրդ է կորցրել

21 ապրիլի, 2023  13:04

Հայտնի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մեկ օրում 12,6 մլրդ դոլար է կորցրել՝ իր կարողության ավելի քան 7%-ը։ Դրան նպաստել է SpaceX Starship-ի պայթյունը երեկ առաջին փորձնական արձակման ժամանակ, ինչպես նաև էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության ֆինանսական արդյունքների հրապարակումը:

Ներկայումս, ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI), Մասկի կարողությունը գնահատվում է 164 մլրդ դոլար և այդ ցուցանիշով նա երկրորդն է միլիարդատերերի ցուցակում։ 12,6 մլրդ-ի կորուստը համարվում է այս տարվա ամենամեծ օրական կորուստն աշխարհում։

Հիշեցնենք, որ SpaceX Starship-ը երեկ հաջողությամբ արձակվել էր Տեխասի Starbase-ից երկրորդ փորձի ժամանակ: Սակայն օդում տիեզերանավը չառանձնացավ առաջին փուլից՝ Super Heavy հրթիռից, և երկուսն էլ պայթեցին։

Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը պատահականություն չէր. առաքելության կառավարման կենտրոնի մասնագետները հրթիռի և տիեզերանավի ինքնաոչնչացման հրաման էին տվել, քանի որ թռիչքի ժամանակ շարժիչներում առաջացած խնդրի պատճառով հրթիռը շեղվել էր ուղեգծից և սկսել շարժվել պարուրաձև։

Նշենք, որ ընկերության մասնագետները տեղի ունեցածը ձախողում չեն համարում. հրթիռը հաջողությամբ թռավ, և այն ամենը, ինչ տեղի ունեցավ հետո, գիտնականներին արժեքավոր տվյալներ կտա համակարգը բարելավելու և հաջորդ արձակմանը պատրաստելու համար:

Ինչ վերաբերում է Tesla-ին, ապա ընկերությունը հրապարակել է եռամսյակային հաշվետվությունը, ըստ որի՝ բաժնետերերին բաժին ընկնող զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 24%-ով։ Այս տեղեկության հայտնի դառնալուց հետո ընկերության բաժնետոմսերը հինգշաբթի օրվա արդյունքներով իջել են 9,75%-ով։

Մասկի մասնաբաժինը Tesla-ում, ներառյալ բաժնետոմսերը և օպցիոնները, կազմում են նրա կարողության մեծ մասը, թեև SpaceX-ն սկսել է ավելի կարևոր դեր խաղալ, քանի որ ընկերության շուկայական արժեքն ավելի վաղ կտրուկ աճել էր:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ