Ամերիկացին $500,000 է ծախսել, որպեսզի Tesla-ն բոյկոտել կոչ անող տեսանյութը ցուցադրվի Super Bowl-ի ժամանակ

13 փետրվարի, 2024  19:19

Ամերիկացի ձեռնարկատեր Դեն Օ'Դաուդը ավելի քան 500,000 դոլար է ծախսել, որպեսզի Tesla-ի ինքնակառավարվող մեքենաները բոյկոտել կոչ անող տեսահոլովակը ցուցադրվի ԱՄՆ ազգային ֆուտբոլային լիգայի ամենամյա առաջնության՝ Super Bowl-ի ժամանակ: Դեն Օ'Դաուդը, որը Dawn Project-ի ղեկավարն է, արդեն երկրորդ տարին անընդմեջ նման տեսանյութեր է հրապարակում Super Bowl-ի ժամանակ՝ կոչ անելով հրաժարվել Tesla-ի մեքենաներից։

Տեսանյութում ցուցադրվում են Tesla մեքենաների մասնակցությամբ բազմաթիվ և ծանր մահացու վթարների կադրեր: Օ'Դաուդն ասել է, որ ցանկանում է դրանով գրավել հանրության ուշադրությունը, քանի որ կարծում է, որ Tesla-ի ինքնակառավարման գործառույթն «ամենաանգործունակ ծրագրաշարն է», որը նա երբևէ տեսել է: Նա հիմնադրել է Green Hills Software ընկերությունը, որը զբաղվում է մեքենաների և ինքնաթիռների օպերացիոն համակարգերի մշակմամբ:

Tesla-ն և նրա գործադիր տնօրեն Իլոն Մասկը չեն արձագանքել մեկնաբանություն տալու հարցումներին: Մասկի հետևորդները Օ'Դաուդին մեղադրել են Tesla-ի հետ շահերի բախման մեջ, քանի որ Green Hills Software-ի հաճախորդներից մեկը Mobileye-ն է, որը ևս ծրագրային ապահովում է մշակում վարորդներին օգնելու համար: Օ'Դաուդն ասել է, որ ինքն առաջնորդվել է բացառապես Tesla-ի տեխնոլոգիայի վերաբերյալ մտահոգություններով։

Օ'Դաուդն ասել է. «Եթե մարդիկ իմանային ճշմարտությունը, եթե հասկանային դրա հետևանքները, նրանք կպահանջեին արգելել դա: Սա մեր գործն է։ Քաղաքական գործիչները կգործեն միայն այն դեպքում, եթե հասարակությունը քայլեր ձեռնարկի»:

Տեսանյութում ներկայացված է երեք խոշոր վթար, որոնք ենթադրաբար տեղի են ունեցել ինքնակառավարման ռեժիմի միացված ժամանակ: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայում, որտեղ Tesla-ն վրաերթի է ենթարկել 17-ամյա տղայի, երբ նա իջել է դպրոցական ավտոբուսից, ընդորում՝ ավտոբուսի վարորդը միացրած է եղել կանգառի նշանը՝ վառվող լույսերով: Գովազդն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Tesla-ն մնում է անտարբեր։ Բոյկոտե՛ք Tesla-ն և ապահո՛վ պահեք ձեր երեխաներին»:

Այն նաև հիշատակվում է 2019-ի վթարը, որի ժամանակ 50-ամյա տղամարդը զոհվել էր, երբ նրա Tesla-ն բախվել է բեռնատարի կցասայլին:

 


 
 
 
 
  • Արխիվ