Ե՞րբ վաճառքի կհանվեն Optimus ռոբոտները և ի՞նչ սպասել դրանցից

25 հունվարի, 2024  20:20

Հաջորդ տարի Tesla-ն մտադիր է սկսել Optimus մարդակերպ ռոբոտների փոքր քանակով մատակարարումը: Ժամանակի ընթացքում այս ռոբոտները կդառնան ընկերության բիզնեսի ավելի կարևոր մասը, քան էլեկտրական մեքենաները: Այս մասին, համենայն դեպս, ասվել է Tesla-ի եռամսյակային հաշվետվության համաժողովի ժամանակ:

Դեռևս բավարար տեղեկություն չկա այն մասին, թե կոնկրետ ինչ հնարավորություններ կունենան այս ռոբոտները, երբ դուրս գան շուկա: Սակայն հայտնի է, որ դրանք կհամալրվեն ծրագրային պաշտպանության համակարգով, որը թույլ չի տա երրորդ կողմի հարձակվողներին իրենց ձեռքը վերցնել ռոբոտների կառավարումը։ Tesla-ն կնախատեսի նման գործողությունների լոկալ մակարդակով արգելափակում, եթե այդպիսիք հայտնաբերվեն:

«Մեքենաների հնարավոր ապստամբությունից» պաշտպանությունը, թվում է, հիմնական ուղղություններից է, որն զբաղեցնում է ծրագրավորողների միտքը: Նրանք փորձում են հատուկ սահմանափակումներ մտցնել Optimus ռոբոտների կառուցվածքում և կառավարման ալգորիթմներում, որպեսզի կանխվի մարդկանց համար հնարավոր վնասը: Նախկինում արդեն ասվել է, որ վտանգի դեպքում մարդը կկարողանա փախչել նման ռոբոտից, իսկ եթե բախումն անխուսափելի է, ապա նա կկարողանա հաղթահարել այն։

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նույնպես չափազանց կարևոր է համարում այդ ռոբոտների անվտանգության ապահովումը դրանց զանգվածային շահագործման ժամանակ։

«Պետք է այնպես անել, որ հնարավոր չլինի կենտրոնացված կերպով ներբեռնել որոշ վնասակար ծրագրեր»,- նշել է նա հաշվետու համաժողովի ժամանակ։

Մնացած հարցերում մարդանման ռոբոտների մշակումը կիրականացվի նույն ծրագրաշարի հիման վրա, ինչ Tesla էլեկտրական մեքենաների ինքնակառավարման էվոլյուցիան, որոնց Իլոն Մասկը բազմիցս անվանել է «անիվների վրա ռոբոտներ»։

Optimus-ը, ըստ Մասկի, ամենաառաջադեմ մարդանման ռոբոտն է, որ երբևէ ստեղծվել է:

Ի՞նչ են արդեն կարողանում Optimus ռոբոտներն անել

Վերջերս Tesla-ն ցուցադրեց 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է Optimus մարդանման ռոբոտը սեղանին դրված զամբյուղից շապիկ հանում ու ծալում այն:

Իրականում, ռոբոտները դեռ չեն կարող նույնիսկ դա ինքնուրույն անել: Ռոբոտների բոլոր այս շարժումները, որոնք մենք տեսնում ենք տեսանյութում, իրականում մանրակրկիտ մտածված և նախապես ծրագրված գործողություններ են։ Առայժմ մենք տեսնում ենք, որ ռոբոտներն ունեն ֆունկցիոնալ հոդեր և վերջույթներ. նրանք կարող են խնամքով վարվել փխրուն առարկաների հետ, բայց նաև զգալիորեն ծանր բեռներ բարձրացնել:

Ապագայում, իհարկե, ռոբոտների ֆունկցիոնալությունը զգալիորեն կբարձրանա։ Մասկը վստահ է, որ ռոբոտը «այս և այլ առաջադրանքներն անպայման կկարողանա լիովին ինքնուրույն կատարել»:

Tesla-ն նախ պատրաստվում է մարդանման Optimus-ն օգտագործել Տեխասի իր գործարանում, որտեղ նրանք կօգնեն հավաքել էլեկտրական մեքենաներ կամ գոնե փոքր բեռներ տեղափոխել: Սակայն ընկերության ղեկավարությունը հուսով է, որ ժամանակի ընթացքում նման ռոբոտները կդառնան հուսալի օգնականներ սովորական մարդկանց առօրյա կյանքում և շատ ավելի ակտիվ և լայնորեն կկիրառվեն արտադրությունում։


 
 
 
 
  • Արխիվ