Ինչո՞ւ է այսօր այդքան դժվար մարդկանց Լուսին ուղարկելը

22 ապրիլի, 2024  20:12

1969-1972 թվականներին Apollo առաքելությունների շրջանակում, ընդհանուր առմամբ, տասնյակ տիեզերագնացներ իջան Լուսնի մակերես։ Ընդորում, դա տեղի ունեցավ նախքան կսկսեր այսօրվա տեխնոլոգիաների զարգացման բուռն շրջանը: Եվ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է տպավորություն ստեղծվում, որ Լուսին վերադառնալու մարդկության ներկայիս ջանքերը, ի դեմս ՆԱՍԱ-ի Artemis նախագծի, այդքան դանդաղ են և բարդ։ Պարզվում է, որ հարցը չունի մեկ հեշտ պատասխան, քանզի դա պայմանավորված է առնվազն երեք գործոնով՝ ֆինանսավորում, քաղաքականություն և առաջնահերթություններ, գրում է Space.com-ը:

Ֆինանսավորում

Apollo-ի առաքելությունները չափազանց հաջող էին և չափազանց թանկ: Այդ ժամանակ ՆԱՍԱ-ն սպառում էր ԱՄՆ ամբողջ դաշնային բյուջեի մոտ 5%-ը, և դրա կեսից ավելին հատկացված էր Apollo ծրագրին: Հաշվի առնելով գնաճը՝ Apollo-ի ամբողջ նախագիծն այսօր կարժենար ավելի քան 260 մլրդ դոլար: Եթե հաշվի առնենք Gemini նախագիծը և լուսնային ռոբոտային ծրագիրը, որոնք Apollo-ի իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ էին, ապա այդ թիվը կհասնի ավելի քան 280 մլրդ դոլարի:

Համեմատության համար նշենք, որ այսօր ՆԱՍԱ-ն տիրապետում է ընդհանուր դաշնային բյուջեի կես տոկոսից պակասին՝ առաջնահերթությունների և կարգադրությունների շատ ավելի լայն շրջանակով: Վերջին տասնամյակում ՆԱՍԱ-ն Artemis առաքելության վրա ծախսել է մոտ 90 մլրդ դոլար: Եվ քանի որ հիմա Լուսնի վրա կրկին վայրէջք կատարելու համար ավելի քիչ գումար է հատկացվում, հավանաբար, առաջընթացն այս հարցում ավելի դանդաղ կլինի, նույնիսկ տեխնոլոգիաների զարգացման պարագայում։

Քաղաքականություն

Ֆինանսական իրողությունների հետ սերտորեն կապված են նաև քաղաքական իրողությունները։ 1960-ականներին ԱՄՆ-ն գտնվում էր Խորհրդային Միության հետ մրցավազքի մեջ՝ նպատակ ունենալով հնարավորիս շատ նվաճումների հասնել տիեզերքի ուսումնասիրության հարցում, շատ հարցերում լինել առաջինը, հատկապես մարդկանց Լուսնի վրա վայրէջք կատարելու հարցում: Հասարակությունը կողմ էր և եռանդով լցված այս գաղափարով, ինչպես նաև օրենսդիրները, որոնք ուղղորդում էին NASA-ի մեծ բյուջեն:

Այդ տեսակ ծախսերը, սակայն, խորապես անկայուն էին, և երբ ԱՄՆ-ն «հաղթեց» այս հարցում, հանրությունն արագ կորցրեց հետաքրքրությունը, իսկ ՆԱՍԱ-ի ֆինանսավորումը նվազեց: Պարզապես Լուսնի վրա երկրորդ անգամ վայրէջք կատարելու նպատակով այդ գումարը ծախսելու քաղաքական կամ հասարակական կամք չկա։

Քաղաքական ավելի պակաս կամքի և ավելի քիչ ֆինանսական ռեսուրսների այս համադրությունը ՆԱՍԱ-ին ստիպեց վճռորոշ որոշումներ կայացնել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին, որոշումներ, որոնք այսօր ազդում են Artemis առաքելության վրա: Մասնավորապես, երբ Space Shuttle ծրագիրն ավարտվում էր, ՆԱՍԱ-ի ադմինիստրատորները չգիտեին, թե ինչ անել այդ ենթակառուցվածքի և համագործակցության հետ, որոնց արդյունքում իրականացվել էր նախագիծը։ Ի վերջո, նրանք որոշեցին պահպանել այդ ենթակառուցվածքը՝ նորից օգտագործելով դրա շատ մասեր, հատկապես շարժիչները, իսկ վերջում դրանք միավորեցին Artemis նախագծում։

Առաջնահերթություններ

Artemis նախագծի այսօրվա հայեցակարգն ունի շատ տարբեր առաջնահերթություններ, քան Apollo առաքելությունները: Օրինակ՝ այսօր ռիսկի նկատմամբ հանդուրժողականությունը շատ ավելի ցածր է, քան 1960-ականներին էր: Apollo առաքելությունները միանգամայն վտանգավոր էին՝ ձախողման զգալի հավանականությամբ: Մի քանի առաքելություններ ավարտվեցին աղետով։ Օրինակ՝ Apollo 1-ի հրդեհի հետևանքով երեք տիեզերագնաց զոհվեց, շարժիչի անջատումը Apollo 6-ի ժամանակ և նախագծման թերությունը, որը կարող էր Apollo-ի գրեթե 13 տիեզերագնացի մահվան պատճառ դառնալ: ՆԱՍԱ-ն, օրենսդիրները և հասարակությունն այսօր չեն ցանկանում կրկին այդպիսի ռիսկի դիմել, հատկապես Challenger-ի և Columbia-ի հետ պատահած աղետից հետո:

Apollo առաքելությունների վրա հսկայական գումարներ են ծախսել․ տիեզերագնացներին մի քանի տասնյակ ժամով ուղարկել են Լուսին, որտեղ նրանք իջել են Լուսնի մակերես, նմուշներ հավաքել, պարզ փորձեր կատարել և վերադարձել։

Սակայն Artemis առաքելությունները նախագծված են բոլորովին այլ նպատակների շուրջ: Նախ՝ տիեզերագնացները մինչև մեկ շաբաթ պետք է անցկացնեն Լուսնի մակերեսին, ինչը պահանջում է ավելի շատ սնունդ, ջուր, վառելիք և գիտական գործիքներ: Երկրորդ՝ թեև Apollo առաքելությունների դեպքում գիտությունը երկրորդ պլանում էր, (հիմնական նպատակն էր շուտ հասնել Լուսին և առաջ անցնել Սովետական Միությունից), գիտական հետազոտությունը կենտրոնական տեղ կզբաղեցնի Artemis նախագծի դեպքում։ Սա նշանակում է, որ այն այս առաքելության նախապատրաստումն ավելի բարդ է և ժամանակատար։

Եվ վերջապես, Artemis ծրագրի նպատակը մարդկանց զուտ Լուսին վերադարձնելը չէ. այն նպատակ ունի սկիզբ դնել ենթակառուցվածքների կառուցմանը, որպեսզի հնարավոր լինի ապահովել այնտեղ մարդու մշտական ներկայությունը: Artemis նախագիծը ներառում է ամեն ինչ՝ ուղեծրային վառելիքի լիցքավորման պահեստներից մինչև ապագա գաղութների համար տեղադիրքրի ընտրություն: Այն շատ ավելի ներգրավված ծրագիր է, քանի որ ապահովում է ապագա սերունդների երազանքների իրականացման շրջանակը:


 
 
 
 
  • Արխիվ