SpaceX Starship-ի պատմական արձակումը. հրթիռը թռավ, բայց պայթեց օդում (տեսանյութ)

20 ապրիլի, 2023  18:00

SpaceX Starship-ը այսօր հաջողությամբ բարձրացավ Տեխասի Starbase-ից իր երկրորդ արձակման փորձի ժամանակ: Սակայն օդում տիեզերանավը չառանձնացավ առաջին փուլից՝ Super Heavy հրթիռից, և արդյունքում երկուսն էլ պայթեցին։

Ուշագրավ այդ կադրերը կարող եք դիտել ուղիղ հեռարձակման տեսանյութում (գործարկումը սկսվում է մոտ 43 րոպեից)։

Նախնական պլանի համաձայն՝ Super Heavy հրթիռը պետք է վայրէջք կատարեր Մեքսիկական ծոցում՝ Բոկա Չիկա լողափից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Starship-ը պետք է անջատվեր հրթիռից թռիչքից մոտ 3 րոպե անց և զարգացներ արագություն, որը մոտ է ուղեծրային, այնուհետև այն պետք է ընկներ Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների ափերի մոտ։

Բայց իրականում տիեզերանավը չառանձնացավ հրթիռից։ Տեսանյութում երևում է (սկիզբը՝ 48:50-ից), որ դրանք մի պահ պտտվում են տեղում, որից հետո տեղի է ունենում էպիկական պայթյունը։

Ընկերության մասնագետները տեղի ունեցածը ձախողում չեն համարում. հրթիռը հաջողությամբ թռավ, և այն ամենը, ինչ տեղի ունեցավ հետո, գիտնականներին արժեքավոր տվյալներ կտա համակարգը բարելավելու և հաջորդ արձակման համար ավելի լավը դարձնելու համար: 

Starship-ի արձակման առաջին փորձը նախատեսված էր ապրիլի 17-ին: Թռիչքը, սակայն, չկայացավ առաջին փուլի անսարքության պատճառով, ինչի մասին ուղիղ եթերում հայտարարեցին ընկերության ներկայացուցիչները։ Մինչ այդ արձակումը նախատեսված էր ապրիլի 10-ին, սակայն այն ժամանակ բանը նույնիսկ չհասավ հրթիռի արձակման իրական փորձին, քանի որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաձգեց թռիչքի ժամկետը։ 

Բազմակի օգտագործման այս տիեզերական համակարգը բաղկացած է Starship-ից (Ship 24-ի նախատիպ) և Super Heavy հրթիռից (Booster 7-ի նախատիպ): Այն պետք է ուղեծիր դուրս բերի մինչև 150 տոննա օգտակար բեռ:

NASA-ն SpaceX-ի Starship-ն ընտրել է որպես անձնակազմով վայրէջքի առաջին մոդուլ Լուսնի հետազոտության իր Artemis ​​ծրագրի համար, որի շրջանակում  նախատեսվում է, որը տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին մինչև 2025-ի վերջը: Մինչ այս տիեզերանավը պետք է անցնի բազմաթիվ փորձարկումներ և ապացուցի իր պիտանիությունն այս առաքելության համար։


 
 
 
 
  • Արխիվ