Apple-ը և Amazon-ը վերսկսում են գովազդը Twitter-ում. արդյո՞ք մյուս գովազդատուները ևս կվերադառնան

5 դեկտեմբերի, 2022  10:15

Apple-ը և Amazon-ը ամբողջությամբ վերսկսել են Twitter-ում գովազդի գնումը, և Իլոն Մասկը շնորհակալություն է հայտնել նրանց վերադարձի համար: Անշուշտ, նման խոշոր ընկերությունների կողմից գովազդի վերականգնումը դրական կազդի սոցիալական ցանցի վրա, որին անցյալ ամիս լքել են բազմաթիվ խոշոր գովազդատուներ, այդ թվում՝ General Motors-ը, Volkswagen-ը, Carlsberg-ը, Jeep-ը, Mars-ը, Merck-ը, Kellogg-ը, Verizon-ը և այլն։

Դեկտեմբերի 3-ին Twitter Spaces-ում ունեցած զրույցի ժամանակ Մասկը նշել է, որ Apple-ն իր սոցիալական ցանցի ամենամեծ գովազդատուն է։ Amazon-ը նույնպես համարվում է հարթակի ամենակարևոր կորպորատիվ հաճախորդներից մեկը․ այն տարեկան շուրջ 100 միլիոն դոլար կծախսի Twitter-ի գովազդի վրա:

Իլոն Մասկն ինքն էր գրել, որ Apple-ը գործնականում դադարեցրել է Twitter-ում գովազդ գնելը և նույնիսկ սպառնացել է հեռացնել սոցիալական ցանցի հավելվածը App Store-ից։ Թվիթերյան մի շարք գրառումներում նա մեղադրել էր Apple-ին և նրա գործադիր տնօրենին «ազատ խոսքն ատելու մեջ», նշել, որ Apple-ը 30% միջնորդավճար է վերցնում App Store-ից բոլոր գնումների համար, վերահրապարակել Epic Games-ի հումորային տեսանյութը և հրապարակել հարցում այն ​​մասին, թե արդյոք Apple-ը պետք է հրապարակի բոլոր ձեռնարկված քայլերը, որոնք վերաբերում են հաճախորդներին գրաքննության ենթարկելուն։

Սակայն մի քանի օր անց Մասկն այցելեց Apple-ի գլխավոր գրասենյակ, խոսեց գործադիր տնօրեն Թիմ Կուկի հետ և նրանք «լուծեցին թյուրիմացությունը»՝ կապված App Store-ից Twitter-ի հավելվածի հնարավոր հեռացման հետ։ Կուկի խոսքով՝ ինքը չէր էլ պլանավորել Twitter-ը հեռացնել հավելվածների խանութից։ Այժմ Մասկը հայտնել է, որ Apple-ը նաև վերսկսել է գովազդը Twitter-ում։

Լրատվամիջոցներին քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Twitter-ի և Amazon-ի միջև, բայց կարելի է ենթադրել, որ այս ընկերությունը նույնպես սկսել էր ավելի քիչ գովազդ գնել Twitter-ում այն ​​բանից հետո, երբ Իլոն Մասկը ձեռք բերեց այն։ Եվ այժմ ընկերությունը փաստացի վերսկսել է գովազդ գնելը՝ գրեթե նախկին ծավալով:

Արդյո՞ք մյուս գովազդատուները նույնպես կվերադառնան Twitter

Գովազդային բիզնեսը Twitter-ին տարեկան մոտ 5 միլիարդ դոլար է բերել։ Եվ այն լրջորեն տուժեց, երբ General Motors-ը, Volkswagen-ը, Carlsberg-ը և շատ այլ խոշոր ընկերություններ կասեցրին այս սոցցանցում գովազդային արշավները: Ըստ Media Matters-ի՝ բրենդներն ու գործակալությունները, որոնք վերջերս դադարեցրել են գովազդային արշավները, 2020-2022 թվականներին Twitter-ում մոտ 2 միլիարդ դոլար են ծախսել:

Financial Times-ի մասնագետները համարում են, որ խոշոր գովազդատուների հեռանալու հիմնական պատճառը ոչ թե տեխնիկական խնդիրներն են և նույնիսկ մարդկանց պակասը, ում հետ նրանք սովոր էին աշխատել, այլ Իլոն Մասկի անձը, որը, պարբերականի տվյալներով՝ անձամբ է զանգահարել որոշ բրենդների ղեկավարների և «նախատել» նրանց ու կոնֆլիկտներ ունեցել նրանց հետ։

Հնարավո՞ր է, որ բոլոր այս ընկերությունները վերադառնան Twitter: Դա կախված է, հավանաբար, նրանից, թե ինչ է սպասվում այս հարթակին: Եթե ​​Twitter-ը չփակվի կամ չկորցնի իր լսարանի մեծ մասը, չի բացառվում է, որ գովազդատուներից գոնե մի քանիսը վերադառնան կայք:

Եթե ​​հարթակը ձախողի, գովազդատուները, ինչպես նաև օգտատերերը, կսկսեն դրան այլընտրանք փնտրել։

 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ