Ինչպե՞ս նոր տեխնոլոգիան թույլ կտա հետազոտել սերմնահեղուկի առողջությունն առանց տանից դուրս գալու. հարցազրույց Թաք Լոյի հետ

26 հուլիսի, 2024  16:17

Բժիշկների, գիտնականների և ՏՏ մասնագետների թիմն արհեստական ​​բանականության վրա հիմնված նոր տեխնոլոգիա է մշակել, որը կարող է վերլուծել սերմնահեղուկը և պարզել՝ արդյոք պտղաբերության հետ կապված խնդիրներ կան: Դա անելու համար պարտադիր չէ լաբորատորիա գնալ, անալիզը կարող եք անել տանը, և ձեզ հարկավոր է միայն տեսախցիկով սմարթֆոն, մասնագետների մշակած փոքրիկ սարքը և հատուկ հավելվածը: Այս տեխնոլոգիայի մասին NEWS.am Tech-ին տված հարցազրույցում խոսել է Kedoom Technologies Co., Ltd.-ի տեխնիկական զարգացման գլխավոր մասնագետ Թաք Լոն։

Լոյի խոսքով՝ ընկերության առաջատար արտադրանքը լաբորատորիաներում և հիվանդանոցներում սերմնահեղուկի անալիզի համար օգտագործվող սարքերի ավելի փոքրիկ տարբերակն է (լուցկու տուփից փոքր): Եվ մի շարք միջդիսցիպլինար տեխնոլոգիաների, ինչպիսիք են արհեստական ​​բանականությունը, հակադարձ օպտիկան և միկրոհեղուկ չիպերի տեխնոլոգիան օգտագործելու միջոցով, այս սարքը կարող է տրամադրել նախնական ախտորոշման աստիճանի սքրինինգի արդյունքներ, ներառյալ սերմնահեղուկի առողջության, դրանց շարժունակության, մորֆոլոգիայի և այլնի մասին տեղեկություն: Այս ամբողջ տեղեկությունը կօգնի հասկանալ տղամարդու վերարտադրողական առողջության ներկա վիճակը և արդյոք նա կարող է ցանկության դեպքում հայր դառնալ։

Այս սարքի կիրառմամբ անալիզը, Լոյի խոսքով, ավելի էժան է, քան համապատասխան անալիզը լաբորատորիայում՝ առնվազն Չինաստանի նման երկրներում, որտեղ սարքն արդեն վաճառքում է, և ԱՄՆ-ում, որտեղ այն շուտով հասանելի կլինի: Ավելին, մշակողներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի տեխնոլոգիան աշխատի սմարթֆոնի ցանկացած տեսախցիկով։

Բացի դրանից՝ շատերը կարող են անհարմար զգալ այս թեստը լաբորատորիայում կամ հիվանդանոցում կատարելուց: Տանը նրանք իրենց ավելի հանգիստ կզգան։ Եթե ​​անալիզը ցույց տա, որ անհանգստանալու բան չունեն, հիվանդանոց գնալու կարիք չի լինի։ Իսկ եթե ​​պարզվի, որ խնդիրներ կան, ապա հավելվածը խորհուրդ կտա ինչ անել հաջորդիվ։

«Իրականում, դեպքերի մոտ 50%-ի պարագայում ամուսինների անպտղության «պատասխանատուն» տղամարդիկ են։ Բայց իրականում ընդունված է կանանց «մեղադրել»։ Մենք ցանկանում ենք, որ տղամարդիկ օգտագործեն մեր արտադրանքը, որպեսզի հասկանան իրենց դերն ու պատասխանատվությունը երեխա ունենալու գործում»,- ասաց Լոն:

Նա հավելեց, որ Kedoom Technologies-ը չի ծրագրում կանգ առնել ձեռք բերվածի վրա և նախատեսում է այլ ապրանքներ ներկայացնել՝ օգնելու զույգերին, որոնք ցանկանում են երեխա ունենալ։ Ապագայում ընկերությունը, համագործակցելով բժշկական կազմակերպությունների հետ, նաև ցանկանում է սկսել հաճախորդներին առաջարկել սերմնաբջիջները սառեցնելու հնարավորություն՝ ապագայում օգտագործելու համար:

Լոն նաև մասնագիտացած է վաղ փուլի հիմնադիրների հետ աշխատելու գործում և ներդրումներ է արել ու խորհրդատվություն տրամադրել ավելի քան 300 ստարտափի: Նա համահիմնել է առաջին ասիական հիմնադրամներից մեկը, որը ներդրումներ է արել բլոկչեյն և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներում: Նա նաև կառուցել է առաջին միջազգային գրասենյակը Techstars-ի՝ աքսելերացիայի աշխարհի ամենամեծ ծրագրի համար:

Թաք Լոն արդեն չորրորդ անգամ է մասնակցում Sevan Startup Summit-ին։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովում ինքը մի քանի նպատակ է հետապնդում. ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի և հայկական ընկերությունների և հատկապես առողջապահության ոլորտի ստարտափների հետ։ Միջոցառման շրջանակում նա աշխատում է նաև խթանող ծրագրի վրա՝ մասնակիցներին սովորեցնելով ստարտափներ ստեղծելու առանձնահատկությունները և նրանց հետ կիսվում հաջողության գաղտնիքներով:

Միջոցառմանը ներկայացված ստարտափների թվում նա հույս ունի գտնել SuperAnnotate-ի նման խոստումնալից նախագծեր։ Վեց տարի առաջ Լոն հայկական առաջին վենչուրային Granatus Ventures հիմնադրամի համահիմնադիր և գործընկեր Երվանդ Սարգսյանի հետ միասին այս ստարտափի համար վարում էր քոուչինգ այստեղ՝ Sevan Startup Summit-ի շրջանակում։ Այսօր այս նախագիծն արդեն 21 միլիոն դոլար է հավաքել։

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2024-ը տարվա կարևորագույն ՏՏ իրադարձություններից է։ Ամեն տարի այս ոչ պաշտոնական բիզնես ֆորումը ներգրավում է հարյուրավոր և հազարավոր ստարտափների Հայաստանից և մի շարք այլ երկրներից՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնել իրենց գաղափարները պոտենցիալ ներդրողներին և մենթորներին, լսել ականավոր հյուրերի ելույթները, մասնակցել պանելային քննարկումների, սեմինարների, զրույցների, ժամանցային միջոցառումների և այլն։

NEWS.am Tech-ը միջոցառման մեդիա գործընկերն է։


 
 
 
 
  • Արխիվ