WhatsApp-ը նոր գործառույթ ունի, որը շատերին կուրախացնի

18 օգոստոսի, 2023  20:17

WhatsApp մեսենջերի օգտատերերն այժմ արդեն կկարողանան ուղարկել բարձր լուծաչափով լուսանկարներ։ Ընդորում՝ ստացողն իր հերթին կարող է որոշել, թե ինչ որակով է ցանկանում ստանալ լուսանկարը, այս մասին հայտնում է The Verge-ը։

Պարբերականը նշում է, որ նորամուծությունը ավտոմատ կերպով չի գործում։ HD որակով լուսանկար ուղարկելու համար օգտատերը պետք է սեղմի վերևի ընտրացանկում գտնվող նոր «HD» կոճակը, նախքան լուսանկարն ուղարկելը:

Այս դեպքում լուսանկարը կուղարկվի նվազագույն սեղմումով, բայց ոչ առանց դրա․ առանց սեղմման լուսանկարն ամբողջությամբ ուղարկել դեռ հնարավոր չէ: Չատում լուսանկարի կողքին կհայտնվի HD պատկերակ, որը ցույց կտա, որ պատկերի որակը բարձր է:

WhatsApp-ին ուղարկված լուսանկարների ստանդարտ լուծաչափը 1600×1052 պիքսել է, մինչդեռ HD որակը թույլ կտա դա հասցնել մինչև 4096×2692 պիքսելի: Այնուամենայնիվ, նման լուսանկար ստացողը կկարողանա ընտրել, թե արդյոք ցանկանում է ներբեռնել այն բարձր, թե նվազեցված լուծաչափով:

Նոր գործառույթը մոտ ապագայում աստիճանաբար հասանելի կդառնա WhatsApp-ի բոլոր օգտատերերին: Դրանից հետո ծրագրավորողները նախատեսում են մեսենջերին ավելացնել բարձր լուծաչափով տեսանյութեր ուղարկելու գործառույթ։

WhatsApp-ը պարբերաբար նոր գործառույթներ է ներդնում։ Վերջերս հայտնի դարձավ, որ այս մեսենջերում օգտատերերը շուտով կկարողանան իրենց սթիքերներն ստեղծել արհեստական բանականության օգնությամբ։ WhatsApp-ը վերջերս նաև հայտարարել է, որ նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կավելացնի։ Մեկ այլ նորամուծության շրջանակում մեսենջերում վերջերս նաև ավելացել է մեկ հեռախոսում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու հնարավորությունը:


 
 
 
 
  • Արխիվ