Մարդկությունը կարող է առաջիկա 25 տարիներին կանգնել պատմական զարգացման որակապես նոր փուլի շեմին, երբ տեխնոլոգիական առաջընթացն ու հասարակական փոփոխությունները կհասնեն աննախադեպ արագության։ Մինչև 2051 թվականը աշխարհը կարող է այնքան փոխվել, որ ներկայիս պատկերացումներն ապագայի մասին այլևս բավարար չլինեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար Արթուր Իշխանյանը՝ նոյեմբերի 10-ին Գիտության համաշխարհային օրվան նվիրված «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստի ժամանակ՝ ներկայացնելով «Գիտական դիվանագիտությունը մարդկության պատմության սինգուլյարության կետում» զեկույցը։
Նրա խոսքով՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացումը մարդկության առջև կբացի նոր հնարավորություններ, սակայն միաժամանակ կստեղծի լուրջ մարտահրավերներ՝ արհեստական բանականությունը վերահսկելու անհրաժեշտությունից մինչև գլոբալ անվտանգության սպառնալիքներ։
Ի՞նչ է պատմության սինգուլյարությունը
Ինչպես նշել է Արթուր Իշխանյանը՝ մարդկության պատմությունը գնալով արագանում է։ Եթե հին ժամանակներում խոշոր փոփոխությունները տեղի էին ունենում հարյուր հազարավոր տարիների կամ հազարամյակների ընթացքում, ապա արդյունաբերական հեղափոխությունը աշխարհը վերափոխեց մի քանի սերնդի ընթացքում, իսկ թվային հեղափոխության համար ընդամենը տասնամյակներ պահանջվեցին։
«Ակնհայտ է, որ մեծ փոփոխությունների միջև եղած ժամանակը գնալով կրճատվում է։ Եվ հարց է առաջանում՝ կարո՞ղ է այս արագացումն անվերջ շարունակվել»,- նշել է նա։
Իսկ ո՞րն է պատմության սինգուլյարությունն այս համատեքստում։ Դա այն ենթադրյալ սահմանային կետն է, երբ մարդկության զարգացման արագությունն ու փոփոխությունների մասշտաբն այնքան կմեծանան, որ պատմական գործընթացները հնարավոր չի լինի նկարագրել նախկին օրինաչափություններով։
Գիտնականը հիշեցրել է, որ սինգուլյարության գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ դարում։ 1904–1909 թվականներին Հենրի Ադամսը փորձել է մաթեմատիկորեն նկարագրել պատմության տեխնոլոգիական արագացումը, 1958 թվականին Ստանիսլավ Ուլամը հիշատակել է Ջոն ֆոն Նոյմանի հետ զրույցը մարդկության պատմության հնարավոր սինգուլյարության մասին, իսկ 1993 թվականին Վերնոր Վինջը տեխնոլոգիական սինգուլյարությունը կապել է գերմարդկային բանականության հնարավոր առաջացման հետ։
Տարբեր հետազոտողներ փորձել են նաև մաթեմատիկական մոդելներով գնահատել այդ հնարավոր անցման ժամանակը։
«1960 թվականի նոյեմբերի 4-ին Science ամսագիրը հրապարակեց Հայնց ֆոն Ֆյորստերի, Պատրիսիա Մորայի և Լոուրենս Ամիոյի հոդվածը՝ «Doomsday: Friday, 13 November, A.D. 2026» («Աշխարհի վերջը՝ ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.»)։ Բնակչության պատմական աճի տվյալների մաթեմատիկական արտարկումը նրանց բերեց 2026 թվականի նոյեմբերի 13-ին՝ մեր այսօրվա ելույթից ընդամենը երեք օր հետո», - նշեց գիտնականը։
Այնուհետև Ալեքսանդր Պանովի 2005 թվականի հետազոտությունը տվել էր 2004 ± 15 թվականի գնահատականը, իսկ Անդրեյ Կորոտաևի 2018 թվականի վերլուծությունը՝ մոտ 2027 թվականը։
Տեխնոլոգիական սինգուլյարության վերաբերյալ մեկ այլ հայտնի կանխատեսում արել է Ռեյ Կուրցվեյլը՝ 2005 թվականին որպես հնարավոր ժամանակաշրջան նշելով 2045 թվականը։
Արթուր Իշխանյանն ընդգծել է, որ այս գնահատականները տարբեր մոդելների արդյունքներ են, ոչ թե ապացուցված կանխատեսումներ։ «Երկուսն էլ կանխատեսումներ են, ոչ ապացուցված ապագա։ Մեր ելույթում 2051 թվականը խորհրդանշական հորիզոնն է՝ այսօրվանից ուղիղ 25 տարի հետո։ Ինձ համար թվի ճշգրտությունից ավելի կարևոր է մի հարց՝ ի՞նչ կփոխվի մարդկության կյանքում ընդամենը մեկ սերնդի ընթացքում»,- նշել է նա։
Ի՞նչ է սպասվում սինգուլյարությունից հետո
Արթուր Իշխանյանի ներկայացմամբ՝ պատմության հնարավոր սինգուլյարությունը կարող է ունենալ մի քանի հետևանք։
Առաջին հերթին՝ հասարակական ճգնաժամի վտանգ, քանի որ պետական և հասարակական հաստատությունները կարող են չհասցնել հարմարվել փոփոխությունների արագությանը։ Մյուս կողմից՝ կարող է ձևավորվել զարգացման նոր ուղի, որտեղ պատմությունն այլևս չի ընթանա նախկին ռիթմով։ Եվ մարդկությունը պետք է գիտակցված ընտրություն կատարի։
«Մաթեմատիկական սինգուլյարությունը չի նշանակում պատմության ավարտ։ Այն կարող է պարզապես ցույց տալ, որ նախկին մոդելն այլևս բավարար չէ ապագան նկարագրելու համար։ Իսկ առայժմ մենք վայելում ենք փոփոխությունների հիացնող կողմը»,- ընդգծել է գիտնականը։
Նոր տեխնոլոգիաների աննախադեպ հնարավորությունները
Առաջիկա տասնամյակների կարևորագույն փոփոխություններից մեկը կարող է կապված լինել արհեստական բանականության և գենային տեխնոլոգիաների զարգացման հետ։
Արդեն այսօր արհեստական բանականությունն օգնում է մշակել գիտական հսկայական տվյալներ, արագացնել նոր դեղամիջոցների որոնումը և բարելավել հիվանդությունների ախտորոշումը։ Գենային տեխնոլոգիաները հնարավորություն են տվել բուժելու որոշ ծանր ժառանգական հիվանդություններ։
Առաջիկայում կարող են ընդլայնվել անհատականացված բժշկության, հիվանդությունների վաղ ախտորոշման և ավելի երկար ու առողջ կյանքի հնարավորությունները։
«Սակայն նույն տեխնոլոգիական առաջընթացը բերում է նաև մեծ ռիսկեր։ Միջուկային վտանգը, կլիմայական ճգնաժամը, կենսատեխնոլոգիաների հնարավոր չարաշահումները և արհեստական բանականության վերահսկման խնդիրները պետական սահմաններ չեն ճանաչում։ Նույն գիտական ձեռքբերումը կարող է ծառայել և՛ բուժմանը, և՛ վնասելուն։ Այդ պատճառով մարդկությանը պետք են ոչ միայն ավելի հզոր տեխնոլոգիաներ, այլև դրանց կիրառման բարոյական սկզբունքներ, իրավական կանոններ և համատեղ պատասխանատվություն։ Գիտության ուժը պետք է ուղեկցվի այդ ուժը խելամիտ օգտագործելու կարողությամբ», - ասել է Արթուր Իշխանյանը։
Արհեստական բանականություն. վերահսկողության կորուստ և գոյութենական վտանգ
Զեկույցում Արթուր Իշխանյանն առանձին անդրադարձել է գերհզոր արհեստական բանականության համակարգերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգին։
Ըստ նրա՝ նման համակարգերի վերահսկողության կորուստը կարող է վտանգել մարդկանց ազատությունն ու ինքնուրույնությունը, իսկ ծայրահեղ սցենարներում՝ նույնիսկ մարդկության գոյությունը։
Նա հիշեցրել է, որ դեռևս 2014 թվականին Սթիվեն Հոքինգը, Սթյուարթ Ռասելը, Մաքս Թեգմարկը և Ֆրանկ Վիլչեկը զգուշացրել էին, որ արհեստական բանականության ստեղծումը կարող է դառնալ մարդկության պատմության մեծագույն իրադարձությունը, բայց նաև վերջինը, եթե մարդիկ չսովորեն կանխել դրա հետ կապված վտանգները։
«Խնդիրը միայն հնարավոր չարամիտ գործողությունները չեն. գերհզոր համակարգը կարող է չափազանց արդյունավետորեն իրականացնել մարդկային շահերին անհամապատասխան նպատակներ», - ասել է նա։
2015 թվականին Հոքինգը, Իլոն Մասկը և այլ մասնագետներ աջակցել են բաց նամակի, որը կոչ էր անում հետազոտություններն ուղղել նաև արհեստական բանականության անվտանգությանը և մարդկության օգտին դրա կիրառմանը։ Իսկ 2023 թվականի միջազգային հայտարարությամբ ընդգծվել է ԱԲ-ից մարդկության ոչնչացման ռիսկը նվազեցնելու անհրաժեշտությունը։
«Սա հնարավոր սցենար է, ոչ ապացուցված կանխատեսում։ Բայց հնարավոր հետևանքների լրջությունը պարտադրում է համատեղ գիտական, իրավական և միջազգային պատասխանատվություն», - ասել է Արթուր Իշխանյանը։
Պատերազմներ և նոր աշխարհակարգ. գիտական դիվանագիտության դերը
Տեխնոլոգիական հեղափոխությունը տեղի է ունենում մի աշխարհում, որը շարունակում է բախվել պատերազմների, քաղաքական հակասությունների և աշխարհաքաղաքական բաժանումների հետ։
Իշխանյանի խոսքով՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Սուդանում ընթացող հակամարտությունները ցույց են տալիս, թե որքան դժվար է պահպանել երկխոսությունը։ Մինչդեռ մարդկության առջև ծառացած ամենալուրջ վտանգները պետական սահմաններ չեն ճանաչում, և դրանց հաղթահարումը պահանջում է միջազգային համագործակցություն։
Այս համատեքստում նա ընդգծեց գիտական դիվանագիտության նշանակությունը՝ որպես տարբեր երկրների միջև համագործակցության և վստահության պահպանման միջոց։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա խորագիրը նույնպես մեզ ուղղորդում է դեպի ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով։
«Պետություններն ունեն սահմաններ ու ազգային շահեր, բայց բնության օրենքները սահմաններ չեն ճանաչում։ Գիտնականներն աշխատում են տարբեր երկրներում, սակայն փաստերն ու ապացույցները գնահատում են ընդհանուր սկզբունքներով։ Այդ իմաստով գիտությունը վերազգային լեզու է»,- նշել է նա։
Որպես հաջողված համագործակցության օրինակներ՝ Իշխանյանը հիշատակել է CERN-ը, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների գիտնականներին միավորող SESAME հետազոտական կենտրոնը և կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական գնահատականներ տրամադրող IPCC-ն։
Նրա խոսքով՝ այդ կառույցները չեն վերացրել քաղաքական հակասությունները, սակայն ցույց են տվել, որ վստահություն կարելի է ձևավորել համատեղ աշխատանքի միջոցով։
«Մենք չենք ասում, թե գիտնականների հանդիպումները լուծելու են պատերազմներն ու շահերի բախումները։ Բայց մեր ջանքերը շատ կարևոր են»,- ընդգծել է նա։
Հայաստանը՝ համաշխարհային գիտության մաս
Անդրադառնալով Հայաստանի հնարավորություններին՝ Իշխանյանը նշել է, որ երկիրն ունի գիտական հարուստ ավանդույթներ, միջազգային կապեր, գիտական սփյուռք և երիտասարդ հետազոտողներ։
Նրա գնահատմամբ՝ արագ փոփոխվող աշխարհում փոքր երկրի առավելությունը կարող է լինել ոչ այնքան նյութական ռեսուրսների քանակը, որքան գիտելիքը, ճկունությունը և վստահելի գործընկեր լինելու կարողությունը։
Գիտական դիվանագիտությունը կարող է դառնալ Հայաստանի զարգացման և միջազգային ներկայության կարևոր գործիք։
Նա առաջարկել է ամրապնդել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, համալսարանների և պետական կառույցների մշտական համագործակցությունը՝ ապահովելու համար գիտական խորհրդատվության համակարգված մասնակցությունը երկրի կարևոր որոշումների մշակմանը։
Ամփոփելով ելույթը՝ Արթուր Իշխանյանը նշել է, որ մարդկությունը դեռևս չգիտի՝ ինչպիսին կլինի աշխարհը 2051 թվականին, սակայն ապագայի մարտահրավերներին պատրաստվելու հնարավորությունը կա արդեն այսօր։
«Պատմությունն արագանում է։ Մեր պատասխանը պետք է լինի համատեղ պատասխանատվության խորացումը»,- եզրափակել է նա։






