Microsoft-ի ենթակառուցվածքում տեղի ունեցած լայնածավալ խափանումը ցույց է տվել, թե որքան է պետական գերատեսչությունների, ֆինանսական շուկաների և խոշոր ընկերությունների աշխատանքը կախված մեկ տեխնոլոգիական հսկայի ամպային ծառայություններից։ Outlook-ի, Teams-ի, OneDrive-ի և Microsoft-ի այլ արտադրանքների աշխատանքի խափանումներն անդրադարձել են 74 երկրի օգտատերերի վրա, խաթարել գործնական հաղորդակցությունը և մի շարք կազմակերպությունների աշխատակիցների ստիպել վերադառնալ հեռախոսազանգերին ու այլընտրանքային հաղորդագրությունների հավելվածներին։

Downdetector-ի տվյալներով՝ խափանման ընթացքում ընկերության տարբեր ծառայություններում առաջացած խնդիրների մասին շուրջ 200 հազար հաղորդում է ստացվել։ Bloomberg-ը տեղի ունեցածն անվանել է Microsoft-ի պատմության ամենալուրջ խափանումներից մեկը։ Խնդիրներն սկսվել են հինգշաբթի երեկոյան՝ ԱՄՆ-ում, այնուհետև տարածվել Ասիայում և հասել Եվրոպա։ Հրապարակման պահին դրանք շարունակվում էին արդեն ավելի քան 12 ժամ։

Ֆինանսական շուկաներից մինչև պետական գերատեսչություններ

Խափանումներն անդրադարձել են ոչ միայն անհատ օգտատերերի, այլև այն կազմակերպությունների վրա, որոնց համար էլեկտրոնային փոստն ու կորպորատիվ հարթակներն ամենօրյա գործառնական աշխատանքի մաս են կազմում։

Ավստրալիայում և ասիական երկրներում թրեյդերները բախվել են աշխատանքային գործիքների ու տեղեկատվության հասանելիության սահմանափակումների։ Հաճախորդների հետ շփումը և գործարքների համաձայնեցումը շարունակելու համար նրանք ստիպված են եղել օգտվել հեռախոսներից ու հաղորդագրությունների հավելվածներից։ Wilson Asset Management-ի պորտֆելի կառավարիչ Մեթյու Հաուպտի խոսքով՝ տեղեկատվության հասանելիության խնդիրների պատճառով նվազել են փոքր կապիտալացմամբ ընկերությունների բաժնետոմսերի առևտրի ծավալները։

«Սա իսկական աղետ է, և չեմ կարող հավատալ, որ խնդիրը դեռ չի լուծվել», — Bloomberg-ին ասել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում UBS Group-ի գործարքների ապահովման գծով տնօրեն Ռիտա Էլկազզին՝ հայտնելով Outlook-ի աշխատանքի դադարեցման մասին։

Խափանումն անդրադարձել է նաև պետական կառույցների վրա։ Ավստրալիայում խնդիրներ են առաջացել հետախուզական ծառայությունում և դաշնային ոստիկանությունում։ Երկրի ներքին գործերի և կիբեռանվտանգության նախարար Թոնի Բերքը հստակեցրել է, որ հիմնական դժվարությունները կապված են էլեկտրոնային փոստի համակարգերի հետ։ Ճապոնիայում նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Մասանաո Օզակին հաստատել է, որ խափանումներն անդրադարձել են կառավարության ՏՏ ենթակառուցվածքի վրա։ Խնդիրների մասին հայտնել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

Խնդիրներն անդրադարձել են նաև առևտրային կազմակերպությունների վրա։ Հնդկական IndiGo և Akasa Air ավիաընկերությունների աջակցության ծառայությունները զրկվել են էլեկտրոնային փոստի հասանելիությունից։ Էլեկտրական բեռնատարներ արտադրող Workhorse Group-ը եռամսյակային հաշվետվության հրապարակումը հետաձգել է մինչև նոյեմբերի 16-ը՝ որոշումը բացատրելով Microsoft-ի համակարգերում առաջացած խնդիրներով։ Տուժածների թվում են եղել նաև OpenAI-ն և Anthropic-ը։

Microsoft-ը դեռ չի կարողանում վերականգնել կայուն աշխատանքը

Ընկերությունը տեղի ունեցածը կապում է սերվերներում առաջացած խնդիրների հետ, սակայն խափանման ճշգրիտ պատճառը դեռ չի բացահայտել։ Microsoft-ը հայտնել է, որ փոփոխություններ է կատարել խնդրահարույց սերվերներում, սակայն այդ միջոցները չեն ապահովել ծառայությունների աշխատանքի կայուն վերականգնումը։

«Մենք վերլուծում ենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարելի է ձեռնարկել ենթակառուցվածքի ընդհանուր կայունությունը բարձրացնելու համար», — ասվում է ընկերության վերջին հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Ավստրալիայի իշխանությունները չեն կարծում, որ միջադեպը կապված է կիբեռհարձակման հետ։ Նախարար Թոնի Բերքի խոսքով՝ Microsoft-ում ևս չարամիտ գործողությունները չեն դիտարկում որպես տեղի ունեցածի պատճառ։

Խնդիրներն անդրադարձել են Microsoft 365 էկոհամակարգի միանգամից մի քանի արտադրանքի վրա։ Outlook-ից և Teams-ից բացի, օգտատերերը հայտնել են OneDrive-ի խափանումների մասին. մասնավորապես, ծառայությունը թույլ չէր տալիս ուղարկել փոփոխությունները՝ նշելով, որ սերվերը զբաղված է։ Խափանումներ են նկատվել նաև Copilot-ի աշխատանքում։

Ներկա միջադեպը տեղի է ունեցել Microsoft-ի այլ խոշոր խափանումների ֆոնին. նմանատիպ խնդիրներ արձանագրվել էին 2026 թվականի հունվարին և անցյալ տարվա հոկտեմբերին։ Սակայն այս դեպքն առանձնանում է աշխարհագրական ընդգրկմամբ և տևողությամբ. խափանումները տարածվել են տասնյակ երկրներում և անդրադարձել ինչպես պետական համակարգերի, այնպես էլ ֆինանսական ու առևտրային կազմակերպությունների վրա։