WhatsApp-ում օգտատերերը շուտով կկարողանան իրենց սթիքերներն ստեղծել՝ արհեստական բանականության օգնությամբ

16 օգոստոսի, 2023  10:13

WhatsApp մեսենջերի Android-ի համար նախատեսված բետա տարբերակում հայտնվել է նոր ֆունկցիա, որ հնարավորություն է տալիս սեփական սթիքերներն ստեղծել։ Դրանք ստեղծվում են արհեստական ​​բանականության միջոցով՝ տեքստային նկարագրության հիման վրա, հայտնում է WABetaInfo պորտալը։

Նորամուծությունն ակտիվացվել է WhatsApp-ի 2.23.17.14 համարով Android հավելվածում և հասանելի է սահմանափակ թվով բետա փորձարկողների։ Այս տարբերակում սթիքերների ներդիրը բացելիս այժմ կա «Ստեղծել» կոճակ, որը սեղմելիս օգտատիրոջը հուշում է արվում, որ սթիքեր ստեղծելու համար անհրաժեշտ է մուտքագրել տեքստային նկարագրություն։

Տեքստային նկարագրությունն ստանալուց հետո WhatsApp-ն արհեստական բանականության միջոցով կստեղծի սթիքերների հավաքածու, որից հետո օգտատերը կկարողանա ընտրել ցանկալի սթիքերը այն զրուցակցին ուղարկելու համար։

Օգտատերերը կկարողանան արձագանքել նորաստեղծ սթիքերներին: Օրինակ, եթե օգտատերը կարծում է, որ հավելվածն իր ուզած սթիքերը չի ստեղծել, ապա կարող է այդ մասին հայտնել մշակողներին։

Ուշագրավ է, որ սթիքերներն ստացողները կտեղեկացվեն, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։

Տեքստային նկարագրությունների հիման վրա արհեստական ​​բանականության միջոցով սթիքեր ստեղծելու ֆունկցիան ներկայումս հասանելի է միայն բետա փորձարկողների շատ սահմանափակ խմբի: Թե երբ այս նորարարությունը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին, դեռևս տեղեկություն չկա։

WhatsApp-ում վերջերս մի քանի նոր գործառույթներ են ներդրվել։ Մասնավորապես, այսուհետ WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա, հավելվածի Android տարբերակում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու հնարավորություն է հայտնվել։ Նաև WhatsApp-ում արդեն հնարավոր է տեսազանգերի ժամանակ  էկրանը կիսել զրուցակիցների հետ։


 
 
 
 
  • Արխիվ