Հայաստանում գիտության ֆինանսավորման կրճատումը, առանց այն էլ անբավարար մակարդակի ֆոնին, կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ երկրի համար: Գիտական ներուժի զարգացման համար պայմաններ ստեղծելու փոխարեն պետությունը հայտնվում է երիտասարդ մասնագետներին կորցնելու վտանգի առաջ, որոնք դժվարությամբ են ներգրավվում հետազոտական ոլորտ: NEWS.am Tech-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր ասոցացված անդամ և Նախագահության անդամ, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայի վարիչ Մարինա Աղայանը:
Նա նշել է, որ Հայաստանում գիտության նույնիսկ ամենաբարձր ֆինանսավորման շրջանում համապատասխան ցուցանիշը մնացել է եվրոպական միջին մակարդակից մոտ տասը անգամ ցածր: Իսկ դրանից հետո ֆինանսավորումը սկսել է կրճատվել:
«Ես չեմ խոսում Իսրայելի կամ Հարավային Կորեայի մասին, որտեղ գիտահետազոտական ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ անհամեմատ բարձր են։ Ես խոսում եմ գոնե եվրոպական միջին մակարդակին մոտենալու անհրաժեշտության մասին։ Նույնիսկ 2024 թվականին, երբ Հայաստանում գիտության պետական ֆինանսավորումը հասել էր իր առավելագույնին՝ ՀՆԱ-ի շուրջ 0,29%-ին, մենք դեռևս զգալիորեն զիջում էինք եվրոպական միջին ցուցանիշներին, որը կազմել է 2.26%։ Խնդիրը միայն ֆինանսավորման բացարձակ ծավալը չէ, այլև այն, թե մեր երկրի տնտեսության որքան մասն ենք պատրաստ ներդնել գիտության, նորարարության և տեխնոլոգիական զարգացման մեջ»,- նշել է նա:
Մարինա Աղայանը կարծում է, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարների հրաժարականը՝ ի նշան գիտության ֆինանսավորման կրճատման դեմ բողոքի, ինչպես նաև այդ կապակցությամբ տարբեր գիտնականների հրապարակային հայտարարությունները կարևոր դեր են խաղացել խնդրի նկատմամբ ուշադրություն հրավիրելու գործում:
«Կոմիտեի ղեկավարների հրաժարականները շատ կարևոր էին: Կարծում եմ՝ նրանք որոշակի իմաստով ճիշտ վարվեցին, քանի որ կարողացան ուշադրություն հրավիրել հարցի վրա: Գիտության ֆինանսավորումն առանց այն էլ անբավարար էր, իսկ հիմա այն էլ ավելի են կրճատում»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե գիտական ոլորտին հատկացվող բացարձակ գումարներն են, այլ ՀՆԱ-ից տոկոսը: Անգամ եթե երկրի ՀՆԱ-ն ու բյուջեն կրճատվում են, դրանցից գիտությանը հատկացվող տոկոսները չպետք է փոքրանան։ «Այստեղ խնդիրը պետության առաջնահերթություններն են»,- կարծում է գիտնականը:
Եթե ֆինանսների հետ կապված խնդիր կա, ապա ըստ նրա, պետք է վերանայել հարկային քաղաքականությունն ու պետական ծախսերը՝ գիտության և կրթության ֆինանսավորման համար լրացուցիչ ռեսուրսներ գտնելու նպատակով:
Մասնավորապես, նրա կարծիքով, կարելի է դիտարկել տնտեսության առանձին ճյուղերի, այդ թվում՝ հանքարդյունաբերության և ծխախոտային արտադրության ոլորտների հարկային բեռի ավելացման հնարավորությունը։ Միաժամանակ վիճելի է եկամտային հարկի վերադարձի մեխանիզմի կիրառման կարևորությունը Երևանում։ Ուշագրավ է մարզերի և մայրաքաղաքի անհամաչափ բաշխումը։
Կարևոր է ձևավորել այնպիսի մեխանիզմներ, որոնք կխրախուսեն մասնավոր հատվածի ներդրումները գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներում։ Օրինակ՝ կարելի է նախատեսել հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք ֆինանսավորում են գիտական հետազոտություններ, համագործակցում գիտական հաստատությունների հետ կամ ներդրումներ կատարում նոր տեխնոլոգիաների մշակման մեջ։
Նույն Ակադեմիական քաղաքի նախագիծն, ըստ նրա, ստեղծված պայմաններում գումարների անիմաստ վատնում է։ «Եթե պետությունը չի կարող գիտնականներին ապահովել արժանապատիվ աշխատավարձով և գիտության համար անհրաժեշտ ֆինանսավորմամբ, ապա ինչո՞ւ է առաջնահերթություն տրվում նոր շենքերի կառուցմանը։ Ո՞ւմ է պետք Ակադեմիական քաղաքը, եթե այնտեղ աշխատող գիտնականներ չլինեն։ Այսօր առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե շենքերի կառուցումը, այլ գիտական ներուժի պահպանումն ու զարգացումը։ Դա նույնն է, ինչ կրթության համար բավարար գումար չունենալու դեպքում որոշես այդ միջոցներով տուն գնել»,– նշել է գիտնականը։
Ըստ նրա՝ առանձնահատուկ տագնապալի է երիտասարդ հետազոտողների վիճակը: Առաջարկվող գիտական նախագծերից մեկի շրջանակում, օրինակ, երիտասարդ գիտնականի աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, առանց հարկերի կամ մաքուր մոտ 110 հազար դրամ:
«Կգտնե՞ք այսօր Երևանում մեկին, ով կհամաձայնի աշխատել 110 հազար դրամ աշխատավարձով։ Մի՞թե մենք ուզում ենք, որ այսօրվա գիտնականը շարունակի ապրել այնպես, ինչպես 20 տարի առաջ։ Մարդու ուղեղը չի կարող արդյունավետ աշխատել, երբ նրա ոտքերը սառչում են, աշխատասենյակը չի ջեռուցվում, իսկ ինքը տարրական կենցաղային կարիքները հոգալու հնարավորություն չունի։ Գիտնականը պետք է ունենա արժանապատիվ պայմաններ, որպեսզի կարողանա կենտրոնանալ իր աշխատանքի, հետազոտությունների և նոր գաղափարների ստեղծման վրա։ Որքա՞ն կարելի է հույսը դնել միայն նվիրյալների վրա։ Գիտությունը չի կարող անվերջ գոյատևել մարդկանց անձնական զոհողությունների հաշվին։ Վստահ եմ՝ եթե այսօր կարողանանք գիտնականին առաջարկել թեկուզ մասնավոր հատվածում նույն մասնագետին առաջարկվող աշխատավարձի 50%-ը, շատերը կնախընտրեն մնալ գիտության մեջ, որովհետև սիրում են իրենց աշխատանքը։ Բայց այսօր մենք հաճախ նույնիսկ դա չենք կարողանում ապահովել»,– նշել է գիտնականը։
Նա հավելել է, որ ֆինանսավորման կրճատումը կբերի ոլորտից երիտասարդ մասնագետների հեռանալուն։ Իսկ այդ երիտասարդներին վերջին տարիներին գիտական թիմերը մեծ դժվարությամբ են ներգրավել հետազոտական ոլորտ՝ մասնագիտական և ֆինանսական աճի հեռանկարներ խոստանալով:
«Երբ մարդուն հույս ես տալիս, որոշակի պայմաններ ստեղծում, ապագայի նկատմամբ վստահություն ներշնչում, իսկ հետո այդ ամենը խլում նրանից, հետևանքները շատ ավելի ծանր են լինում։ Վերջին հինգ տարիների ընթացքում մենք մեծ ջանքեր ենք ներդրել երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու, նրանց կրթելու և որպես մասնագետներ կայացնելու համար։ Եվ շատ երիտասարդներ են մուտք գործել գիտական համակարգ, որոնց մենք ցավոք կկորցնենք երբ կրճատվում է մեր բյուջեն։ Իսկ երիտասարդները մեր վաղվա հենասյուներն են։
Այս ամենի հետևանքով երկիրը կրկին հայտնվելու է տեխնոլոգիական կախվածության մեջ՝ ստիպված լինելով այլ երկրներից ներմուծել այնպիսի սարքավորումներ և տեխնոլոգիաներ, որոնք մենք ինքներս կարող էինք մշակել և արտադրել։ Ավելին՝ գիտահեն Հայաստանը կարող էր ոչ միայն բավարարել սեփական կարիքները, այլև արտահանել բարձր տեխնոլոգիական, և ավելացված արժեք ունեցող արտադրանք»,- ասել է նա:
Մարինա Աղայանը համոզված է, որ զարգացած գիտությունն անհրաժեշտ է ոչ միայն ակադեմիական հետազոտությունների, այլև տնտեսական զարգացման, արդյունաբերության և ազգային անվտանգության համար: Հումքի արտահանման փոխարեն երկիրը պետք է ձգտի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք ստեղծելու:
Որպես օրինակ՝ նա բերել է հանքարդյունաբերությունը. արդյունահանվող հումքի վաճառքի փոխարեն կարելի է զարգացնել մոլիբդենից պատրաստված բարձր տեխնոլոգիական արտադրանք, որի արժեքը հազարավոր անգամներ գերազանցում է հանքանյութի արժեքը:
«Ինչպես ասվում է հայտնի աֆորիզմում՝ «Ով խնայում է դպրոցների հաշվին, վաղը ստիպված է բանտեր կառուցել»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում մեկ աշակերտի կրթական ծախսերը 10%-ով ավելացնելու դեպքում երիտասարդների շրջանում ձերբակալությունների թիվը նվազում է 15%-ով։ Եթե այսօր մեր երկրում չենք զարգացնում գիտությունն ու կրթությունը, չենք գնահատում գիտելիքն ու մտավոր ներուժը, վաղը ունենալու ենք հանցագործության աճ։ Որովհետև կրթության և գիտության նկատմամբ անտարբերությունը հանգեցնում է հասարակության կրթական և մտավոր մակարդակի անկմանը։»,-ընդգծել է նա:
Ընտրություններն Ակադեմիայում և նոր չափանիշները
Խոսելով Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված վերջին ընտրությունների մասին՝ Մարինա Աղայանը դրական է գնահատել նոր անդամների ընտրության ժամանակ գիտաչափական չափանիշների կիրառումը: Ավելին, նրա կարծիքով, պահանջները կարող էին ավելի խիստ լինել: Մարինա Աղայանն ինքն այդ ընտրությունների արդյունքում դարձել է Ակադեմիայի ասոցացված անդամ՝ մինչև 50 տարեկան գիտնականների ծրագրով, ինչպես նաև ընտրվել է Նախագահության անդամ:
Հետազոտողը համարում է, որ Ակադեմիայի կազմի թարմացումը և երիտասարդ գիտնականների ներգրավումն անհրաժեշտ էին, քանի որ նախկին համակարգը սահմանափակում էր նոր մասնագետների մուտքի հնարավորությունները: Ընդ որում, Ակադեմիայի անդամությունը պետք է ենթադրի բարձր մասնագիտական մակարդակ և իրական գիտական ձեռքբերումներ: Մասնավորապես, նրա կարծիքով, գիտաչափական ցուցանիշներով որոշակի մակարդակի չհասած գիտնականը չպետք է հավակնի մասնակցելու ամբողջ գիտական համակարգի զարգացմանը վերաբերող որոշումների ընդունմանը:
«Եթե դու չես կարողացել ապահովել Հիրշի ինդեքսը 13-ից բարձր, հարց է առաջանում. ինչպիսի՞ որոշումներ ես պատրաստվում ընդունել Ակադեմիայում ու ազդել մյուսների վրա: Իմ կարծիքով, դա պետք է լինի ցիրկուլյացիոն, որովհետև երբ որ քանակը մեծանում է, արդյունավետությունը նվազում է։ Պետք է լինի մասնագետների որոշակի կորիզ, որոնք իրոք որոշումներ են ընդունում և պատասխանատվություն ստանձնում»,- կարծում է նա:
Աղայանը նշել է, որ դեմ չէ գիտության մեջ զգալի ներդրում ունեցած գիտնականների արժանապատիվ նյութական ապահովմանը: Նրա կարծիքով՝ վաստակավոր հետազոտողները պետք է բարձր թոշակներ ստանան և հնարավորություն ունենան հանգիստ ավարտելու իրենց ակտիվ մասնագիտական գործունեությունը: Սակայն դա չպետք է նշանակի Ակադեմիայում նրանց տեղերի և որոշումների ընդունման իրավունքի ցմահ պահպանում՝ անկախ նրանց այժմյան ակտիվությունից:
Մարինա Աղայանի խոսքով՝ Ակադեմիայի անդամ դառնալու հնարավորությունը իր համար միանշանակ որոշում չի եղել: Հայտ ներկայացնելուց առաջ նա լրջորեն մտորել է, քանի որ դեռևս մինչև վերջ չի հասկանում, թե կոնկրետ ինչ գործառույթ ունի Ակադեմիան ժամանակակից գիտական համակարգում:
«Պետք է հասկանալ ակադեմիայի ֆունկցիան գիտության մեջ որտեղ է, ինչ ֆունկցիա է կատարելու: Ես անձամբ չգիտեմ, ես դիմելուց ահագին մտածում էի՝ դիմել, թե՝ ոչ։ Անկեղծ, որովհետև ինձ համար ֆունկցիան Ակադեմիայի պարզ չէ, դա ինձ համար մութ անտառ է», - խոստովանել է նա, հույս հայտնելով, որ երբ շուտով կսկսեն Ակադեմիայի աշխատանքները արդեն նորացված կազմով, ապա ամեն բան կհստակեցվի։
Ինչպիսին պետք է դառնա նոր Ակադեմիան
Գիտնականի կարծիքով՝ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է իրականացնի մի քանի հիմնական գործառույթ, այդ թվում՝ ներկայացնի գիտական համայնքի շահերը պետական մակարդակով և ակտիվորեն մասնակցի կրթության զարգացմանը:
Աղայանը շեշտել է, որ առաջին հերթին Ակադեմիան պետք է դառնա մի հարթակ, որը սոսկ չպետք է արձագանքի կառավարության որոշումներին, այլև ինքնուրույն մշակի գիտության զարգացման և ֆինանսավորման ռազմավարություն:
«Եթե Ակադեմիան ցանկանում է որոշակի դեր խաղալ գիտության զարգացման գործում, պետք է ձևավորի խմբեր, որոնք կհասնեն գիտական ոլորտի ֆինանսավորման ավելացմանը: Այսօր մենք աղետալի ցուցանիշներ ունենք »,- նշել է գիտնականը: Ընդ որում, ըստ նրա, գիտության բյուջեն կարելի է ավելացնել նաև այլ պրոֆիլային նախարարություններից ֆինանսներ ներգրավելու հաշվին, որոնք շահագրգռված են կոնկրետ ոլորտներում գիտական մշակումներով:
Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերել առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների հետ համագործակցությանը: Որպես օրինակ՝ նա բերել է անհատական բժշկական իմպլանտների արտադրությունը, որոնց մշակմամբ զբաղվում է իր լաբորատորիան: Նա ասել է, որ իրենց մշակումների շնորհիվ առողջապահական համակարգի համար մեկ անհատական իմպլանտի արժեքը հաջողվել է իջեցնել 2–4 միլիոն դրամից և հասցնել մինչև մոտ 500 հազար դրամի՝ պահպանելով և նույնիսկ բարելավելով իմպլանտի որակը:
Ակադեմիան, գիտնականի կարծիքով, չպետք է սահմանափակվի ներկայացուցչական գործառույթներով և ներքին կազմակերպչական հարցերի քննարկմամբ։
«Եթե Ակադեմիան չի ունենալու իրական լիազորություններ, հստակ գործառույթներ և գիտության զարգացման վրա ազդելու հնարավորություն, ապա անձամբ ինձ նման անդամակցությունը պետք չէ։ Ես ինձ մեկ տարի ժամանակ եմ տվել՝ հասկանալու, թե որքանով կարող եմ Ակադեմիայի շրջանակում իրական փոփոխությունների նպաստել, կարևոր խնդիրներ բարձրաձայնել և դրանց լուծման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Եթե տեսնեմ, որ իմ ներգրավվածությունն ունի իրական ազդեցություն, շատ լավ։ Իսկ եթե ոչ, ապա պարզապես կարգավիճակ ունենալու համար այնտեղ մնալու իմաստ չեմ տեսնում»,– նշել է գիտնականը։
Ակադեմիան պետք է ակտիվ դեր խաղա կրթության զարգացման և դպրոցների հետ աշխատանքում
Երկրորդ կարևորագույն ուղղությունը Մարինա Աղայանը համարում է կրթությունը: Այսօր համալսարաններ են գալիս ուսանողներ, որոնք հաճախ չունեն նույնիսկ բազային դպրոցական գիտելիքներ, ինչի հետևանքով ապագա գիտնականների պատրաստումը դառնում է զգալիորեն ավելի բարդ:
Գիտնականն առաջարկում է, որ Ակադեմիան ավելի ակտիվ դեր ստանձնի գիտության հանրահռչակման և կրթության որակի բարձրացման գործում, հատկապես փոքր քաղաքներում և սահմանամերձ գյուղերում:
Մասնավորապես, ակադեմիկոսները կարող են պարբերաբար այցելել դպրոցներ, հանրամատչելի դասախոսություններ կարդալ քիմիայի, մաթեմատիկայի, կենսաբանության և այլ առարկաներից, օգնել ուսուցիչներին յուրացնելու լաբորատոր սարքավորումները և կազմակերպել գործնական պարապմունքներ դպրոցականների համար:
«Եթե Ակադեմիայում կա մոտ հարյուր անդամ, մենք կարող ենք պարտավորություն ստանձնել. գոնե ամիսը մեկ անգամ յուրաքանչյուր ակադեմիկոս պետք է դուրս գա կոմֆորտ զոնայից և աշխատի մարզերի դպրոցների հետ: Ընդ որում՝ խոսքը ոչ թե մեկանգամյա այցելությունների մասին է, այլ հետևողական և շարունակական աշխատանքի, որպեսզի իրոք օգնենք երեխաներին և ուսուցիչներին: Կարևոր է պարբերաբար այցելել նույն դպրոցը, ճանաչել երեխաների և ուսուցիչների կարիքները, փոխանցել գիտելիք ու փորձ և իրական աջակցություն ցուցաբերել։ Այսպես կարող ենք շոշափելի ազդեցություն ունենալ կրթության որակի վրա, երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ և նպաստել մարզերում գիտական ներուժի ձևավորմանը»,- պարզաբանել է գիտնականը:
Մի գաղափարն էլ այն է, որ դպրոցականներին ներգրավեն շրջակա միջավայրի գործնական մոնիտորինգի մեջ: Օրինակ՝ Սևանի ափերին տեղակայված դպրոցների սովորողները կարող են պարբերաբար չափել ջրի ջերմաստիճանը, դրա մաքրությունը և օդի խոնավությունը, հավաքել տվյալներ և քննարկել արդյունքները փոքր գիտական համաժողովներում:
Նմանատիպ ծրագրեր, գիտնականի կարծիքով, կարելի է կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում հողերի վիճակի և ծանր մետաղների պարունակության մոնիտորինգի համար: Հավաքված տվյալները կարող են օգտակար լինել ոչ միայն գիտնականների, այլև տեղի բնակիչների համար, մասնավորապես՝ բնապահպանական ռիսկերի գնահատման և անասնապահության համար անվտանգ տարածքների որոշման նպատակով:
«Դա օգուտ կբերեր և՛ գիտությանը, և՛ էկոլոգիային, և՛ իրենց՝ գյուղաբնակներին: Ընդ որում, նման ծրագրերի համար մեծ բյուջե պարտադիր չէ: Ակադեմիան ինքը պետք է մշակի նմանատիպ նախաձեռնություններ և ստանձնի դրանց իրականացման պատասխանատվությունը»,- ընդգծել է նա:
Էստոնիայում գիտական լաբորատորիայից մինչև սեփական մշակումները Հայաստանում
Մարինա Աղայանի գիտական ուղին սկսվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ նա սկսել է զբաղվել հետազոտություններով դեռևս Երևանի պետական համալսարանում սովորելիս: «Մենք զբաղվում էինք այրման տեխնոլոգիաներով, տարբեր նյութերի սինթեզով և այլ ուղղություններով»,- պատմել է նա:
Հետագայում Աղայանը շարունակել է հետազոտությունները ինստիտուտում, իսկ մագիստրոսական ատենախոսության մի մասը կատարել է Իսպանիայում: 2012 թվականին նա տեղափոխվել է Էստոնիա, որտեղ սովորել է ասպիրանտուրայում և 2016 թվականին ավարտել ուսումը: Զուգահեռաբար աշխատել է որպես գիտաշխատող մի քանի նախագծերում և դասավանդել:
Հենց Էստոնիայում է ձևավորվել նրա հետաքրքրությունը եռաչափ տպագրության տեխնոլոգիաների համար նյութերի մշակման նկատմամբ: Նրա գնահատմամբ՝ կարևոր դեր է խաղացել գրեթե զրոյից ժամանակակից լաբորատորիա ստեղծելու, այն սարքավորումներով հագեցնելու և հետազոտական թիմ ձևավորելու հնարավորությունը:
2017 թվականին գործընկերների հետ համատեղ նա հիմնել է Fact Industries ընկերությունը, որը զբաղվել է եռաչափ տպագրության համար նյութերի մշակմամբ և սինթեզով: Հետագայում հիմնական ուղղություն են դարձել տիեզերական ոլորտի համար դետալների մշակումն ու արտադրությունը, որոնք իրականացվել են Եվրոպական տիեզերական գործակալության (Еuropean Space Agency (ESA)) պատվերով:
Մշակվել են նշանակալի ջերմաստիճանային տատանումներին և վիբրացիոն ծանրաբեռնվածությանը դիմակայելու ընդունակ նյութեր: Գիտնականները մշակել են նոր նյութեր, ընտրել դրանց բաղադրությունը և հարմարեցրել եռաչափ տպագրության մեջ օգտագործման համար:
2018 թվականին Մարինա Աղայանը որոշել է լիովին կենտրոնանալ ձեռնարկատիրական գործունեության վրա։ «Մենք գիտնականներ էինք և գործնականում ոչինչ չգիտեինք բիզնեսի մասին: Սակայն կարճ ժամանակում ընկերությունը սկսեց շատ արագ աճել: Մեկ տարվա ընթացքում ընկերության բյուջեն ավելացավ հազար անգամ: Մեր մասին նույնիսկ գրում էին եվրոպական պարբերականները՝ նշելով, թե որքան արագ է զարգանում նախագիծը»,- պատմել է նա:
Սակայն 2020 թվականին նա որոշում է ընդունել վերադառնալ Հայաստան: Այդ որոշումը մեծ մասամբ կապված է եղել 44-օրյա պատերազմի հետ:
«Պատերազմն ինձ համար շատ ծանր հոգեբանական փորձություն դարձավ: Կարծում եմ՝ ինչպես և բոլորիս համար: Երբեմն միայն ինչ-որ բան կորցնելով ես սկսում հասկանալ, թե ինչ ունեիր, և որքան արժեքավոր էր դա: Ես հասկացա, որ եթե հիմա չվերադառնամ, հնարավոր է՝ երբեք այլևս դա չանեմ»,- նշել է նա:
Նրա կարծիքով՝ Հայաստանին անհրաժեշտ են ոչ միայն արտերկրում բնակվող հայրենակիցների ֆինանսական օգնությունը և աջակցությունը, այլ առաջին հերթին իրենց գիտելիքները, փորձն ու մասնագիտական կարողությունները բերելու և անմիջապես երկրում արժեք ստեղծելու պատրաստ մարդիկ:
«Ինձ թվում է՝ շատ ավելի կարևոր է, որ մարդը Հայաստան բերի իր ինտելեկտը և գիտելիքները, քան պարզապես օգնություն ուղարկի արտերկրից՝ այնտեղ ապրելով հարմարավետ պայմաններում»,- ասել է գիտնականը:
Վերադարձից հետո Մարինա Աղայանը շարունակել է զարգացնել գիտատեխնոլոգիական ուղղությունը, որը սկսել էր ձևավորել դեռևս տեղափոխվելուց առաջ: Հայկ Խաչատրյանի հետ, որն ուսանողական տարիներին եղել է նրա ղեկավարը Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, այնուհետև աշխատել Հարավային Կորեայում՝ Samsung ընկերությունում, իսկ հիմա աշխատում է Huawei-ում՝ Շվեյցարիայում, նրանք որոշել են Հայաստանում ստեղծել լաբորատորիա, որն ընդունակ է միջազգային ընկերությունների համար գիտական և տեխնոլոգիական պատվերներ կատարելու և մասնակցելու եվրոպական նախագծերին:
2021 թվականին Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարության առաջարկով Մարինա Աղայանը վերադարձել է ինստիտուտ և գլխավորել եռաչափ տպագրության գիտահետազոտական լաբորատորիան: Էստոնիայում լաբորատորիա ստեղծելու փորձը հատկապես օգտակար է եղել. այս անգամ նա արդեն գիտեր՝ ինչպես ձևավորել թիմ, կազմակերպել աշխատանքը և խուսափել նախորդ փուլի սխալներից:
Այսօր լաբորատորիան ունի պլաստիկից, մետաղից և կերամիկայից դետալներ տպելու սարքավորումներ: Ձեռք բերված որոշ սարքերի արժեքը շուրջ 200–300 հազար դոլար է, և դրանք գնվել են պետական դրամաշնորհների հաշվին: Լաբորատորիան մասնակցում է միջազգային ծրագրերի, իրականացնում գիտական նախագծեր և կատարում պատվերներ տարբեր ոլորտների համար:
Զուգահեռաբար զարգանում է առևտրային ուղղությունը, որը նախևառաջ կապված է բժշկության հետ: Թիմի մշակումների հիման վրա ստեղծվում են անհատական իմպլանտներ, որոնք նախագծվում են՝ հաշվի առնելով կոնկրետ բուժառուի անատոմիական առանձնահատկությունները, նրա քաշը և կենսամեխանիկական բնութագրերը:
Մարինա Աղայանը նշում է, որ իր թիմի կողմից մշակված և արտադրված անհատականացված իմպլանտների շնորհիվ բազմաթիվ բուժառուների կյանքի որակը զգալիորեն բարելավվել է։ Մասնավորապես, գանգի ոսկրային դեֆեկտների վերականգնման համար կիրառվող եռաչափ տպագրությամբ պատրաստված իմպլանտները ոչ միայն վերականգնում են գանգի անատոմիական ամբողջականությունը, այլև ապահովում են գլխուղեղի մեխանիկական պաշտպանությունը։
Մշակված և արտադրված իմպլանտների կիրառմամբ վերականգնվել են գանգի, վերին և ստորին ծնոտների, ինչպես նաև կոնքի ոսկրերի դեֆեկտները՝ նպաստելով բուժառուների ֆունկցիոնալ կարողությունների վերականգնմանը, և առօրյա բնականոն կյանքին վերադարձին։
«Սա սոսկ դետալի արտադրություն չէ: Որպեսզի իմպլանտը ճիշտ աշխատի, անհրաժեշտ են բարդ կենսամեխանիկական և բժշկական հաշվարկներ. պետք է հաշվի առնել անկյունները, բեռնվածության բաշխումը, ուժերը, որոնք կազդեն կառուցվածքի վրա: Յուրաքանչյուր իմպլանտ ստեղծվում է անհատական կերպով»,- ընդգծել է նա:
Ընդ որում, Հայաստանում նման իմպլանտները վաճառվում են ստանդարտ իմպլանտների արժեքին համեմատելի գնով, մինչդեռ արտասահմանյան շուկաներում դրանց արժեքը կարող է երկու-երեք անգամ բարձր լինել:
Սա գիտության գործնական արդյունքների և հասարակության վրա դրա անմիջական ազդեցության վառ օրինակ է։ Գիտության ոլորտում պետության կատարած ներդրումները տվել են շոշափելի արդյունքներ՝ իրենց ազդեցությունն ունենալով ոչ միայն գիտական առաջընթացի, այլև բժշկության և այլ կարևոր ոլորտների զարգացման վրա։
Չնայած միջազգային գործընկերների համեմատ հաճախ անհավասար ֆինանսական և նյութատեխնիկական պայմաններին՝ հայ գիտնականները շարունակում են ստեղծել, նորարարել և գրանցել միջազգային մակարդակի գիտական ու կիրառական արդյունքներ։
Սակայն, ըստ Մարինա Աղայանի՝ այս ներուժի լիարժեք իրացման, գիտական ձեռքբերումների շարունակականության և դրանց գործնական կիրառության ընդլայնման համար պետության հետևողական և երկարաժամկետ աջակցությունը կենսական նշանակություն ունի։ Գիտության մեջ ներդրումը պարզապես ծախս չէ․ այն ներդրում է երկրի ապագայի, առողջապահության, ռազմարդյունաբերության, տեխնոլոգիական զարգացման և հասարակության բարեկեցության մեջ։






