Արհեստական բանականության զարգացումը Հայաստանի առջև դնում է ոչ այնքան համաշխարհային մակարդակի սեփական տեխնոլոգիաներ ստեղծելու կարողության, որքան դրանց արդյունավետ և անվտանգ կիրառման համար պայմաններ ձևավորելու՝ պետության պատրաստակամության հարցը։ Խոսքը տվյալների որակի, հաշվողական ռեսուրսների հասանելիության, մասնագետների պատրաստման և այն տեխնոլոգիաները վերահսկելու կարողության մասին է, որոնցից ավելի ու ավելի են կախված պետական գործընթացները։ Այն մասին, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ ԱԲ սեփական էկոհամակարգի ձևավորման համար, և ինչ դեր կարող են դրանում ունենալ հայ մշակողները, Համացանցի կառավարման հայկական 11-րդ համաժողովում՝ ArmIGF2026-ում, պատմել է COPA-ի համահիմնադիր Հենրիկ Սերգոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում սեփական արհեստական բանականություն զարգացնելու անհրաժեշտության հարցը պետք է դիտարկել՝ ելնելով այն խնդիրներից, որոնք պետությունը մտադիր է լուծել։ Եթե խոսքը պետական կառավարման մեջ ԱԲ ներդրման և առավել զգայուն տվյալների մշակման մասին է, ապա չի կարելի ապավինել հանրամատչելի այնպիսի գործիքների, ինչպիսիք են ChatGPT-ն, Gemini-ն կամ Claude-ը։

Սակայն, ընդգծել է Սերգոյանը, այստեղ կարևոր է տարբերակել արհեստական բանականության բոլորովին նոր մոդելի ստեղծումը և արդեն գոյություն ունեցող բաց մոդելների հարմարեցումը կոնկրետ խնդիրներին։ «Շատ հաճախ մարդիկ շփոթում են բոլորովին նոր ԱԲ ստեղծելը և արհեստական բանականության հիման վրա աշխատող բաց գործիքներն ու մոդելները սեփական խնդրին հարմարեցնելը», — նշել է նա։

Սերգոյանը բացատրել է, որ COPA-ն մշակում է լուծումներ, որոնք կարող են աշխատել անմիջապես օգտատիրոջ համակարգչում՝ առանց համացանցին միանալու։ Նրա խոսքով՝ նման ԱԲ-ն կարելի է համեմատել սովորական համակարգչային խաղի հետ, որը գործարկվում և աշխատում է տեղային միջավայրում՝ չպահանջելով մշտական հասանելիություն ցանցին։

Տվյալներ, ֆինանսավորում և հաշվողական հզորություններ

Ինքնիշխան ԱԲ ստեղծելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ։ Նախևառաջ, արհեստական բանականությանը տվյալներ են անհրաժեշտ։ Դրանք պետք է լինեն հասանելի և որակյալ։ Այս առումով Սերգոյանը կարծում է, որ Հայաստանն արդեն ունի անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքը. նա մատնանշել է Տեղեկատվական համակարգերի գործակալությունը (Information Systems Agency, ISA), որը պատասխանատու է պետական կառավարման համակարգում տվյալների որակի բարձրացման և շարունակականության ապահովման համար։

Երկրորդ գործոնը ֆինանսավորումն է։ Սերգոյանի խոսքով՝ ԱԲ մշակումը լուրջ ներդրումներ է պահանջում, այդ թվում՝ մասնագետների ոլորտում։ Նրա ընկերությունում աշխատում են արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած ութ գիտնականներ։ Նրանց խնդիրն է ստեղծել ճշգրտության և անվտանգության բարձր մակարդակ ունեցող մոդելներ, որոնք հնարավոր կլինի կիրառել պետական հատվածում։

Նա կարևոր քայլ է համարել նաև Firebird հաշվողական կենտրոնի բացումը։ Պետությունը նախագծում ներդրել է 25 մլն դոլար՝ նախատեսելով դրա հաշվողական ռեսուրսներն օգտագործելու հնարավորություն, այդ թվում՝ պետական կառավարման կարիքների համար։

Սերգոյանն ընդգծել է, որ մասնավոր ընկերությունների և հենց պետության համար անհրաժեշտ քանակությամբ գրաֆիկական պրոցեսորների (GPU) ինքնուրույն վարձակալությունը զգալիորեն ավելի բարդ խնդիր կլիներ։ Այժմ, երբ հաշվողական հզորությունների հարցը լուծված է, անհրաժեշտ է անցնել լուծումների գործնական մշակմանն ու ներդրմանը։

Պե՞տք է արդյոք պետությունը նախապատվություն տա հայ մշակողներին

Սերգոյանը կարծում է, որ պետությունը պետք է առաջին հերթին առաջնորդվի լուծումների թափանցիկությամբ, արժեքով և որակով։ Միաժամանակ, նրա կարծիքով, չի կարելի ինքնաբերաբար բացառել օտարերկրյա ընկերություններին. եթե Էստոնիայում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում գրանցված մշակողներն առաջարկում են իրենց լուծումների որակի, թափանցիկության և հիմնավորվածության համադրելի մակարդակ, նրանց առաջարկները նույնպես պետք է դիտարկվեն։

Միևնույն ժամանակ նա մատնանշել է հայկական ընկերությունների առավելությունը հայերենի համար արհեստական բանականություն մշակելու գործում։ Նրա խոսքով՝ այս ոլորտում լավագույն արդյունքները ձեռք են բերվում հենց երկրի ներսում։

Սերգոյանը պատմել է, որ COPA-ն հատուկ ուշադրություն է դարձնում իր մշակումների բաց լինելուն և դրանք ներկայացնում է միջազգային համաժողովներում։ Մասնավորապես, ընկերությունն ուսումնասիրում է ԱԲ-ն սահմանափակ ռեսուրսներով լեզուներին՝ այսպես կոչված low-resource languages-ին հարմարեցնելու եղանակները. դրանց թվում է նաև հայերենը։ Մշակողները փնտրում են մոդելները հարմարեցնելու եղանակներ նույնիսկ լեզվական տվյալների փոքր ծավալի առկայության դեպքում։

Միաժամանակ, Սերգոյանի գնահատմամբ, հայերենի իմացությունը ցանկալի է այս ոլորտում աշխատող մասնագետների համար, սակայն չպետք է պարտադիր պայման դառնա։

Ինքնիշխանությունը վերահսկողություն է, ոչ թե մեկուսացում

Խոսելով տեխնոլոգիական ինքնիշխանության մասին՝ Սերգոյանը պաշտպանել է այն մոտեցումը, ըստ որի՝ դա չի նշանակում երկրի ներսում բացարձակապես բոլոր տեխնոլոգիաներն արտադրելու անհրաժեշտություն։ Ինքնիշխանությունը ենթադրում է արդեն գոյություն ունեցող մշակումների հիման վրա ինքնուրույն խնդիրներ լուծելու, օգտագործվող լուծումները վերահսկելու և սեփական մասնագիտական կարողությունները պահպանելու հնարավորություն։

Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է իր առջև նպատակ դնի ստեղծելու GPT-ի կամ Gemini-ի ավելի կատարելագործված տարբերակներ. այդ արտադրանքներն արդեն մշակվել են խոշոր միջազգային ընկերությունների կողմից։ Երկրի խնդիրն է առավելագույն օգուտ քաղել գոյություն ունեցող բաց և թափանցիկ տեխնոլոգիաներից՝ դրանք հարմարեցնելով սեփական կարիքներին։

Գործնականում սա նշանակում է, որ պետությունը կարող է օգտագործել պատրաստի մոդելներ, դրանք տեղափոխել սեփական ենթակառուցվածք, միացնել պետական տվյալներին և ստեղծել մասնագիտացված լուծումներ, որոնք արդյունավետ կաշխատեն ազգային տեղեկատվական զանգվածների հետ։ Ընդ որում, բուն տվյալները և դրանց մշակման գործընթացները պետք է մնան երկրի վերահսկողության ներքո։

Սերգոյանը ոչ պակաս կարևոր է համարել նման համակարգերի կառավարման հարցը։ Նրա կարծիքով՝ մարդը պետք է պահպանի վերջնական որոշումներ կայացնողի դերը, իսկ արհեստական բանականությանը չպետք է տրվեն ինքնուրույն լիազորություններ, հատկապես պետական և մասնավոր հատվածներում զգայուն տվյալների հետ աշխատելիս։