Գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվացքում և գործառույթներում առաջիկա ամիսներին էական փոփոխություններ կիրականացվեն՝ Հայաստանում գիտության զարգացման ռազմավարությանը համապատասխան։ Այս մասին հայտնել է ԳԱԱ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Սաղյանը՝ Գիտության համաշխարհային օրվան նվիրված «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստի ժամանակ։
Նա անդրադարձել է ԳԱԱ ասոցացված անդամների ընտրությունների արդյունքներին, ընտրական գործընթացում ի հայտ եկած խնդիրներին, ակադեմիայի նոր գործառույթներին և գիտական ամսագրերի միջազգային վարկանիշի բարձրացման անհրաժեշտությանը։
ԳԱԱ ասոցացված անդամների ընտրությունները
Աշոտ Սաղյանի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերի 8-ին՝ 12 տարվա ընդմիջումից հետո, տեղի են ունեցել ԳԱԱ ասեցացված անդամների ընտրություններ, որոնք անցկացվել են նոր կարգով՝ հիմնվելով թեկնածուների գիտաչափական տվյալների վրա։ Արդյունքում ընտրվել է ԳԱԱ 31 ասոցացված անդամ։
«Առաջին անգամ Հայաստանում տեղի է ունեցել ակադեմիայի անդամների ընտրություն, որի ժամանակ միանշանակ առավելությունը տրվել է թեկնածուի գիտաչափական տվյալներին։ Այսինքն՝ գնահատվել է գիտնականի գիտնական լինելը, այլ ոչ թե նրա հեղինակությունը գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես հաճախ արվել է նախկինում», - ասել է Սաղյանը։
Միաժամանակ նա նշել է, որ ընտրությունների կարգում եղել են որոշ անճշտություններ, որոնք դժգոհություններ են առաջացրել գիտական հանրության շրջանում։
Մասնավորապես, գործող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ասոցացված անդամի թեկնածուն պետք է համապատասխանի առաջատար գիտաշխատողի ատեստավորման համար կառավարության սահմանած չափանիշներին։ Սաղյանի գնահատմամբ՝ այս պահանջը որոշակի դիսբալանս է առաջացնում, քանի որ առաջատար գիտաշխատողի ատեստավորման ժամանակ հիմնականում գնահատվում են վերջին հինգ տարիների ձեռքբերումները, մինչդեռ ակադեմիայի անդամ ընտրելիս պետք է հաշվի առնել գիտնականի ամբողջ գործունեությունը։
Սաղյանի խոսքով՝ այդ պահանջների պատճառով ընտրություններին չեն կարողացել մասնակցել բարձր գիտաչափական ցուցանիշներ ունեցող որոշ գիտնականներ, այդ թվում՝ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի մի շարք մասնագետներ։
Մեկ այլ խնդիր էլ վերաբերում է համահեղինակությամբ հրապարակված հոդվածների գնահատմանը։ Որոշ ամսագրերում հեղինակների անունները դասավորվում են այբբենական կարգով, մինչդեռ ատեստավորման չափանիշներով հեղինակների ներդրումը գնահատվում է՝ հաշվի առնելով նրանց տեղը հեղինակների ցանկում։
«Մեր կարծիքով՝ ապագա ընտրություններից առաջ օրենքում պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեն։ Իմաստ չունի ակադեմիայի անդամի ընտրությունը կապել առաջատար գիտաշխատողի ատեստավորման հետ, քանի որ դրանք տարբեր քաշային կատեգորիաների խնդիրներ են», - ընդգծել է նա։
Սաղյանը տեղեկացրել է նաև, որ ընտրվել է ԳԱԱ 23 արտասահմանյան անդամ։ Նրանց ընտրության հիմնական չափանիշներն են եղել բարձր գիտաչափական ցուցանիշներն ու Հայաստանի գիտական հանրության հետ ակտիվ համագործակցությունը։ Արտասահմանյան անդամները պարտավորվել են մասնակցել նաև Ակադեմիայի փորձագիտական և հրատարակչական գործունեությանը։
Նրա խոսքով՝ հաջորդ ընտրությունների ժամանակ թեկնածուների երաշխավորման գործընթացը կիրականացնեն Ակադեմիայի բաժանմունքների ընդհանուր ժողովները, այլ ոչ թե հատուկ փորձագիտական հանձնաժողովները։ Վերջիններիս ստեղծումը պայմանավորված էր բաժանմունքներում աշխատունակ անդամների սահմանափակ թվով։ Նոր ընտրված ասոցացված անդամների համալրմամբ յուրաքանչյուր բաժանմունքում այժմ կա ավելի քան 15 անդամ։
ԳԱԱ կառուցվածքային փոփոխություններն ու նոր գործառույթները
Աշոտ Սաղյանի խոսքով՝ նոյեմբերի 16-ին տեղի կունենա ԳԱԱ նորընտիր նախագահության անդրանիկ նիստը։ Այնտեղ կքննարկվեն և կհաստատվեն նախագահության աշխատակարգը, Ակադեմիայի նախագահի ընտրության կարգը, ինչպես նաև կնշանակվի նախագահի ընտրության օրը։
Նոր ընտրված նախագահը մեկ ամսվա ընթացքում նախագահության հաստատմանը կներկայացնի Ակադեմիայի ղեկավար կազմը, նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը։
Նախատեսվում է ստեղծել երեք բաժանմունք՝ ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, բնական գիտությունների, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների ուղղություններով։ Բաժանմունքներին կից կգործեն վեց փորձագիտական հանձնաժողովներ՝ համապատասխան ենթահանձնաժողովներով, և երեք մասնագիտական պրոբլեմային խորհուրդ։
Փորձագիտական հանձնաժողովները կզբաղվեն Հայաստանի գիտական կազմակերպությունների, լաբորատորիաների և ենթակառուցվածքների գործունեության գնահատմամբ, ինչպես նաև պետական ֆինանսավորմամբ իրականացվող բազային, նպատակային և թեմատիկ ծրագրերի փորձաքննությամբ ու մշտադիտարկմամբ։
Խոսքը 78 բազային, 55 նպատակային և 751 դրամաշնորհային ծրագրերի մասին է։ Հանձնաժողովները կգնահատեն նաև դրանց տարեկան հաշվետվությունները։
Մասնագիտական պրոբլեմային խորհուրդների հիմնական առաքելությունը պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և հասարակության տարբեր շրջանակների խնդիրների վերաբերյալ գիտական քննարկումների կազմակերպումն ու մասնագիտական եզրակացությունների տրամադրումն է։
Սաղյանը, որպես օրինակ, նշել է Սևանա լճի խնդիրները, կենսաբազմազանության պահպանությունը, բնապահպանական հարցերը, «Նաիրիտ»-ի մնացորդային վտանգավոր թափոնների վնասազերծումը և տերմինաբանական խնդիրները։
Նա նաև տեղեկացրել է, որ նախատեսվում է փոխել գիտական աստիճանաշնորհման գործընթացի կազմակերպումը։ Ներկայումս Հայաստանում գործող 69 մասնագիտական խորհուրդների գործունեությունը համակարգելու է Ակադեմիան։ Հետագայում, նոր կարգի համաձայն, այդ խորհուրդներն այլևս չեն գործելու որպես առանձին կառույցներ, իսկ ատենախոսությունների պաշտպանությունը կազմակերպելու են ԳԱԱ բաժանմունքները։
Գիտության ռազմավարական գնահատում և հանրայնացում
ԳԱԱ-ի կազմում նախատեսվում է ստեղծել գիտակրթական կենտրոն, որի նպատակն է Ակադեմիան դարձնել գիտական քաղաքականության ձևավորման, ռազմավարական կանխատեսումների և անկախ փորձաքննության առանցքային հարթակ։
Կենտրոնը կզբաղվի հանրապետության գիտական հաստատություններում իրականացվող ծրագրերի, դրանց արդյունքների և ազդեցության խորքային վերլուծությամբ, ինչպես նաև գիտական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և զարգացման առաջնահերթությունների գնահատմամբ։
Մյուս ուղղությունը համաշխարհային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միտումների մշտադիտարկումն է՝ Հայաստանի գիտական և գիտատեխնոլոգիական ներուժը միջազգային օրակարգին համապատասխան զարգացնելու նպատակով։
Սաղյանի խոսքով՝ օրենքի դրույթներին համապատասխան՝ Ակադեմիան պետք է դառնա նաև գիտության հանրայնացման ազգային առաջատար կառույց։
Այս նպատակով նախատեսվում է ձևավորել գիտություն-հասարակություն մշտական հաղորդակցության հարթակ և մշակել հանրային գիտական խորհրդատվության ձևաչափեր, որոնց միջոցով գիտնականները հանրությանը կներկայացնեն գիտական զարգացումների նշանակությունը։
Այս նախաձեռնության կարևոր բաղադրիչներից մեկը կարող է դառնալ հայկական հանրագիտարանի զարգացումը։ Խոսքը գիտականորեն ստուգված և խմբագրված բովանդակության թվայնացման, փոխկապակցման և հասանելիության ապահովման մասին է։
Նախատեսվում է նաև ստեղծել «Հանրագիտարան-դպրոց» ինտերակտիվ պորտալ՝ դպրոցականների տարիքին և գիտելիքների մակարդակին համապատասխան բովանդակությամբ։ Այն կարող է ներառել նաև ուսուցիչների համար նախատեսված մեդիադարան։
ԳԱԱ գիտական ամսագրերը՝ միջազգային վարկանիշային համակարգերում
Աշոտ Սաղյանը կարևորել է նաև Ակադեմիայի հրատարակչական գործունեության արդիականացումը և գիտական ամսագրերի միջազգային ճանաչման բարձրացումը։
Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրներից է ԳԱԱ «Գիտական զեկույցները» և մյուս ամսագրերը հնարավորինս արագ ընդգրկել Միջազգային գիտաչափական շտեմարանների (ՄԳՇ) ցանկերում։
«Սա պետք է դառնա ռազմավարական հարց։ Մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, մի քանի տասնյակ ամսագիր ունի, որոնցից ավելի քան տասը Q1 կարգի են, իսկ մենք՝ ոչ։ Սա ինչ-որ առումով մեր ազգային արժանապատվության հարցն է, և այդ ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն», - հայտարարել է նա։
Սաղյանը հատկապես կարևորել է Ակադեմիայի նոր ասոցացված և արտասահմանյան անդամների մասնակցությունն այս գործընթացին։
Գիտությունը՝ տնտեսության և երկրի անվտանգության զարգացման հիմք
Ամփոփելով ելույթը՝ Աշոտ Սաղյանը նշել է, որ ժամանակակից գիտությունը չի կարող սահմանափակվել միայն հիմնարար հետազոտություններով։ Հայաստանի համար անհրաժեշտ են նաև գիտական մշակումներ, որոնք կլուծեն բանակի, գյուղատնտեսության, արդյունաբերության և տնտեսության խնդիրները։
Նրա խոսքով՝ ժամանակակից գիտության զարգացման կարևոր նախապայմանը միջգիտակարգային համագործակցությունն է, քանի որ գիտության տարբեր ճյուղերը՝ քիմիան, կենսաբանությունը, ֆիզիկան, մաթեմատիկան և էկոլոգիան, փոխկապակցված են։
«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ տնտեսությունից կտրված գիտություն։ Գիտությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման շարժիչ ուժը», - ընդգծել է Սաղյանը։
Նա շեշտել է, որ ԳԱԱ-ն պետք է ստանձնի գիտական տարբեր ուղղությունների համախմբման դեր, իսկ գիտության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն հրապարակված հոդվածների թվով, այլև երկրի տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում ունեցած իրական ներդրմամբ։






