iPhone-ից արդեն հնարավոր կլինի WhatsApp մուտք գործել առանց գաղտնաբառի

25 ապրիլի, 2024  16:13

WhatsApp մեսենջերի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսել է հավելվածի Apple iOS տարբերակի բոլոր օգտատերերի համար առանց գաղտնաբառի՝ մուտքի բանալիների (pass key) միջոցով հավելված մուտք գործելու հնարավորությունը հասանելի դարձնելու գործընթացը։ Երբ այս գործառույթն ակտիվացված է, օգտատերերը կարող են մուտք գործել իրենց օգտահաշիվներ՝ օգտագործելով կենսաչափական նույնականացում՝ Face ID կամ Touch ID, կամ մուտքագրելով իրենց հեռախոսի անցակոդը:

WhatsApp-ը մուտքի բանալիներով օգտահաշիվ մուտք գործելու հնարավորությունն Android-ի համար ներդրել էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, և միայն այս տարվա հունվարին է այս հնարավորությունն ավելացվել մեսենջերի iOS-ի բետա տարբերակում։ Գործառույթն այժմ սկսում է տարածվել iOS-ի բոլոր օգտատերերի համար. մեսենջերի ղեկավարությունն ակնկալում է, որ բոլոր օգտատերերն այն կստանան «առաջիկա շաբաթների ընթացքում»:

Ենթադրվում է, որ այս տեխնոլոգիան կդառնա նույնականացման համեմատաբար անվտանգ տարբերակ, որը կփոխարինի գաղտնաբառերին և SMS-ի միջոցով երկգործոն մուտքին: Տեխնոլոգիան թույլ է տալիս նաև մուտք գործել, երբ սարքը միացված չէ համացանցին: Այս տեխնոլոգիայի աջակցության առկայությունը տվյալ սարքում հնարավոր է ստուգել հավելվածի կարգավորումներում։

Մուտքի նոր մեթոդի ներդրմամբ օգտատերերը կպահպանեն այլ հարթակներում WhatsApp մուտք գործելու հնարավորությունը՝ սկանավորելով QR կոդը սմարթֆոնի հավելվածում. այն կշարունակի մնալ մուտքի հիմնական տարբերակը տվյալ օգտահաշվի համար՝ առաջնահերթություն ունենալով Windows-ի, macOS-ի և ծառայության վեբ տարբերակի հաճախորդների նկատմամբ։


 
 
 
 
  • Արխիվ