Իլոն Մասկն ընդդեմ Մարկ Ցուկերբերգի. Ի՞նչ է հայտնի առաջիկա մենամարտի մասին եւ ո՞վ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի

28 հունիսի, 2023  16:35

Մարկ Ցուկերբերգի եւ Իլոն Մասկի մենամարտի մասին այսօր խոսում են բոլորը․ մարդկանց հետաքրքիր է՝ արդյոք երկու միլիարդատերերը իսկապես կհանդիպեն խառը մենամարտերի ռինգում, եթե այո, ապա ինչպես կանցնի մենամարտը եւ ով կհաղթի: 

Ի՞նչ է այս պահին հայտնի այս մենամարտի մասին։

Մենամարտ խառը մենամարտերի՝ MMA կանոններով

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Իլոն Մասկը իմացավ, որ Meta-ն պատրաստվում է Twitter-ի նման սոցիալական ցանց ստեղծել, եւ գրեց, որ պատրաստ է Ցուկերբերգի հետ ռինգում մենամարտել։ Վերջինս հրապարակեց Մասկի գրառման սքրինշոթը՝ «Ուղարկիր ինձ գտնվելու վայրը» գրությամբ։ Մասկն իր հերթին հակիրճ պատասխանեց՝ «Լաս Վեգաս, Օկտագոն»։

Տեղեկությունների համաձայն՝ Մասկը հրաժարվել է Ցուկերբերգի դեմ ջիու ջիցուի կանոններով մենամարտելու մտքից։ Այս գաղափարը հակառակորդներին առաջարկել է արհեստական ինտելեկտի ոլորտի հետազոտող Լեքս Ֆրիդմանը, որը նաեւ ջիու ջիցուի սեւ գոտի ունի։

«Եթե Ցուկերբերգի եւ Մասկի միջեւ մենամարտն ընթանա ջիու ջիցուի կանոններով, ապա դա միանշանակ զվարճալի սյուժետային շրջադարձ կլինի: Ես կողմ եմ այս տարբերակին»,- Twitter-ում գրել է Ֆրիդմանը։ 

Մեկնաբանություններում Մասկը պատասխանել է. «Եկեք մենամարտն ամբողջությամբ MMA-ի կանոններով անցկացնենք»։

«Ավելի լավ։ Ինձ դուր է գալիս այս գաղափարը»,- գրել է Ֆրիդմանը:

elon_musk_vs_mark_zuckerberg

Նախկինում նա մարզական մենամարտեր էր անցկացրել Մասկի եւ Ցուկերբերգի հետ՝ մենամարտին նախապատրաստվելու շրջանակներում: Մասկի հետ մարզական մենամարտից հետո Ֆրիդմանը խոստովանել էր, որ «շատ տպավորված է» նրա ուժով։ Իսկ Ցուկերբերգի հետ սպարինգի արդյունքներից հետո Ֆրիդմանը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տվել, թե ինչպես են նրանք միմյանց ոտքերին հարվածում եւ մարզում խեղդող հնարքները։ 

Երեք անգամ ավելի շատ գումար, քան Մաքգրեգորի եւ Մեյվեզերի պատմական մենամարտից

Ցուկերբերգի եւ Մասկի մենամարտը կլինի ամենադիտված մենամարտն աշխարհի պատմության մեջ եւ կբերի ավելի քան 1 միլիարդ դոլար։ Նման կարծիք է հայտնել Ultimate Fighting Championship (UFC) նախագահ Դանա Ուայթը։

Նրա խոսքով՝ նախորդ ամենադիտված մենամարտը եղել է 2017 թվականին Քոնոր Մաքգրեգորի հանդիպումը Ֆլոյդ Մեյվեզերի հետ, որը բերել է ավելի քան 600 միլիոն դոլարի եկամուտ։ Մասնագետի կանխատեսումների համաձայն՝ Մասկի եւ Ցուկերբերգի մենամարտը կարող է եռապատկել այս գումարը։

Ուայթը նաեւ նշել է, որ շատերը կարծում են, որ այս մենամարտի մասին խոսակցությունը պարզապես կատակ է միլիարդատերերի կողմից, ովքեր այդքան զվարճանում են հանրության եւ լրատվամիջոցների հետ, բայց իրականում Մասկն ու Ցուկերբերգը պահպանում են մենամարտի վճռական տրամադրվածությունը։

Դանա Ուայթը նաեւ ասել է, որ ե՛ւ Ցուկերբերգը, ե՛ւ Մասկը կարող են իրենց դրսեւորել մարտերում. առաջինը զբաղվում է ջիու ջիցուով, իսկ երկրորդը՝ զբաղվել է մարտարվեստով եւ «Հարավային Աֆրիկայում մեծանալու ժամանակ մասնակցել է բազմաթիվ մենամարտերի»: 

Ուայթը նաեւ նշել է, որ միլիարդատերերի մեամարտի առցանց դիտման վճարը կկազմի 100 դոլար, իսկ սովորական առաջնության մենամարտերը կարելի է դիտել 80 դոլարով։ Դեռ հայտնի չէ, թե որքան կարժենա մարզադաշտի տոմսը, բայց հավանաբար գինը շատ բարձր կլինի։

Ո՞վ հաղթելու ավելի մեծ շանս ունի

51-ամյա Իլոն Մասկն ավելի բարձրահասակ է եւ ծանր, քան 39-ամյա Մարկ Ցուկերբերգը, եւ դա կարող է նրան որոշակի առավելություններ տալ։ Ինչպես նշում է The Guardian-ը, 187 սմ հասակով Մասկը կշռում է մոտ 85 կգ, իսկ Ցուկերբերգը՝ 171 սմ հասակով, 70 կգ-ից պակաս։ 

elon_musk_vs_mark_zuckerberg_face_to_face

Մյուս կողմից, Ցուկերբերգը զբաղվում է ջիու ջիցուով եւ արդեն հաղթել է մրցաշարերում, մինչդեռ Մասկը խոստովանում է, որ մարզվում է միայն երեխաներին վեր նետելով։ Ամերիկյան հայտնի DraftKings բուքմեյքերական ընկերությունը ֆավորիտ է անվանում Ցուկերբերգին, քանի որ նա լավագույն մարզավիճակում է։

DraftKings-ի մրցարշավների եւ սպորտային գործառնությունների տնօրեն Ջոնի Ավելոն նշել է, որ վերջերս Ցուկերբերգը մասնակցել է մի մրցման, որում նա վազել է մեկ մղոն, կատարել 100 ձգում, 200 հրում եւ 300 կքանիստ, նախքան եւս մեկ մղոն վազելը, եւ այս ամենը 9-կիլոգրամանոց բաճկոնով:

Բայց օնլայն բուքմեյքերական Bovada-ն ֆավորիտ է համարում Մասկին։

«Մենք կարող ենք գնահատել, որ Ցուկերբերգը բրազիլական ջիու ջիցուի փորձ ունի, բայց ռինգում մենք, ամենայն հավանականությամբ, նժարը կթեքենք Մասկի օգտին՝ որպես բառացիորեն ծանր քաշայինի», - Insider-ին ասել է Bovada-ի ներկայացուցիչը: 

Մայրիկը դեմ է

Երկու միլիարդատերերի միջեւ մենամարտը կարող է իրականում չկայանալ, քանի որ Մասկի մայրը՝ Մեյ Մասկը արգելել է նրան մենամարտել Ցուկերբերգի հետ: 

«Իրականում ես չեղարկել եմ մենամարտը։ Բայց նրանց դեռ չեմ ասել: Այնուամենայնիվ, ես կշարունակեմ ասել, որ մենամարտը չեղարկված է, ամեն դեպքում…»,- գրել է նա Twitter-ում։

Մինչ այս միլիարդատիրոջ մայրն առաջարկել էր կռվել «բառերով»։

«Կռվեք միայն խոսքերով։Աթոռների վրա նստած։ Իրարից մեկ մետր հեռավորության վրա։ Ձեզնից ամենածիծաղելին կհաղթի»,- գրել է նա։

Ի պատասխան այս գրառմանը՝ Մասկը ծիծաղելի նշանով մեկնաբանություն է թողել։ Իր մյուս գրառման տակ, որտեղ նա դեմ է եղել ծեծկռտուքին, նա գրել է. «Մայրիկ, ես միեւնույն է կռվելու եմ նրա հետ, վերջ տուր»։ 

Խաղ՝ մենամարտի մոտիվներով

Մասկի եւ Ցուկերբերգի մենամարտի թեման այսօր այնքան հայտնի է, որ կանադական Blue Wizard ստուդիան թողարկել է Zuck v Musk խաղը, որում միլիարդատերերը ռինգում կռվում են։

Ըստ PCMag-ի, դա անվճար 2D խաղ է համակարգչի օգտատերերի համար. այն հասանելի է համացանցում zuckvmusk.com կայքում եւ նույնիսկ ներբեռնման կարիք չունի: Խաղն ունի 2 ռեժիմ՝ միայնակ եւ մուլտիփլեյեր, որտեղ կարելի է պայքարել ընկերների դեմ։ Կերպարներին կառավարելու համար օգտագործվում են միայն ձախ-աջ շարժման կոճակները (A եւ D), ցատկ (W), բլոկ (S) եւ հարված (տարածություն):

zuc-musk-game

Խաղում կարող եք հարվածել բռունցքով, արմունկով կամ նետել թշնամուն: Խաղն իրականում WrestleBros-ի փոփոխված տարբերակն է։ Նույն ստուդիայից, որտեղից հանվել են բոլոր մասնակիցները, նրանց փոխարեն ավելացվել են Ցուկերբերգն ու Մասկը։


 
 
 
 
  • Արխիվ