WhatsApp-ը նոր և օգտակար գործառույթ կստանա

22 ապրիլի, 2024  10:21

WhatsApp-ի մշակողները մեսենջերի բետա տարբերակում ավելացրել են մոտակայքում գտնվող այլ օգտատերերի հետ ֆայլեր փոխանակելու գործառույթ, որն աշխատում է Air Drop-ի (iOS) և Quick Send (Android) հավելվածների նման: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Նորամուծությունը նկատել են Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.9.22 համարի ներքո։ Օգտագործելով People Nearby (անգլ․ - մարդիկ մոտակայքում) գործառույթը՝ օգտատերերը կկարողանան ուղարկել տարբեր ֆայլեր, այդ թվում՝ լուսանկարներ, տեսանյութեր և փաստաթղթեր՝ առանց ինտերնետ տրաֆիկը սպառելու:

Թե՛ ուղարկողի, թե՛ ստացողի մոտ պետք է WhatsApp-ում բաց լինի այս գործառույթի համապատասխան բաժինը, որպեսզի այս ռեժիմն աշխատի։

Գործառույթը ներկայումս մշակման փուլում է և դեռ հասանելի է միայն ընտրված փորձարկողների: Երբ այն հասանելի դառնա բոլորին, այն հնարավոր կլինի գտնել հավելվածի կարգավորումներում: Իսկ, թե այն երբ հասանելի կլինի բոլորին, չի նշվում։

Android-ում People Nearby գործառույթի ներդրումը նորություն չէ, քանի որ ժամանակակից սմարթֆոններն ունեն ներկառուցված նման գործառույթ, որը կոչվում է Quick Send: Այն օգտագործելու համար հարկավոր չէ ներբեռնել այլ ծառայություններ:

Ավելի վաղը NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ Meta ընկերությունն սկսել է փորձարկել WhatsApp-ում արհեստական բանականությամբ գործող պատկերների գեներացման գործառույթ, որը դեռ հասանելի է միայն ԱՄՆ օգտատերերին։


 
 
 
 
  • Արխիվ