Տիեզերական դարաշրջանի առաջին տարիներին լուրեր էին պտտվում, թե ԽՍՀՄ-ը թաքցրել է անհաջող օդաչուավոր արձակումները դեռևս Յուրի Գագարինի թռիչքից առաջ։ Այս պատմությունների գլխավոր աղբյուրը երկու իտալացի ռադիոսիրողներ էին, որոնք պնդում էին, թե որսացել են զոհվող տիեզերագնացների ազդանշանները։ Նրանք լսել էին Մորզեի այբուբենով փոխանցվող SOS ազդանշան, ծանր շնչառություն և նույնիսկ մարդու սրտի բաբախյուն՝ տիեզերանավի տախտակամածից։ Սակայն ավելի քան 60 տարվա ընթացքում այդ ձայնագրություններից ոչ մեկը չի ստացել անկախ հաստատում։

Ռադիոկայան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բունկերում

Պատմությունը սկսվեց 1957 թվականին՝ Երկրի առաջին արհեստական արբանյակի արձակումից հետո։ Իտալացի եղբայրներ Աքիլլե և Ջան Բատիստա Ջուդիկա-Կորդիլյաները տարվեցին տիեզերական սարքերին ինքնուրույն հետևելու գաղափարով և օգտագործված ռազմական սարքավորումներից հավաքեցին ռադիոընդունիչ կայան։

Իրենց ինքնաշեն ռադիոկայանը նրանք տեղակայեցին Թուրինից ոչ հեռու գտնվող Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների լքված բունկերում։ Կառույցը ստացավ Torre Bert անվանումը։ Եղբայրները ձեռքի տակ եղած նյութերից, ներառյալ մետաղական կտորտանքներն ու մետաղալարե ցանցը, ինքնուրույն պատրաստեցին անտենա։

Չնայած համեստ հագեցվածությանը՝ կայանը թույլ էր տալիս ազդանշաններ ընդունել ուղեծրային սարքերից։ Ջուդիկա-Կորդիլյաները պնդում էին, որ հետևել են Sputnik 2 արբանյակի փոխանցումներին, որում գտնվում էր Լայկա շունը, ինչպես նաև ամերիկյան Explorer 1-ին։

Կայանի տեղադրությունը իսկապես հաջող էր. Հյուսիսային Իտալիայի վրայով թռչող խորհրդային սարքերը գտնվում էին ընդունման գոտում։ Եղբայրներին հաջողվեց որոշակի հաջողությունների հասնել ռադիոդիտարկումներում, և հենց դա էլ հետագայում համոզիչ տեսք հաղորդեց նրանց ավելի սենսացիոն հայտարարություններին։

SOS՝ տիեզերքից

1960 թվականի նոյեմբերին ռադիոսիրողների ուշադրությունը գրավեցին արևմտագերմանական աստղադիտարանի հաղորդագրությունները ուղեծրում գտնվող չճանաչված արբանյակի մասին։ Նրանք ենթադրեցին, որ ԽՍՀՄ-ը կարող էր արձակել մի սարք, որի մասին պաշտոնապես չէր հայտարարվել, և սկսեցին փնտրել դրա ազդանշանները։

Եղբայրների խոսքով՝ մի օր իրենց հաջողվեց որսալ անսովոր հաղորդում։ Սովորական էլեկտրոնային ազդանշանների փոխարեն նրանք լսեցին Մորզեի այբուբենով փոխանցվող աղետի միջազգային SOS ազդանշանը։

Լսելուն զուգընթաց ազդանշանը թուլանում էր։ Եղբայրները ենթադրեցին, որ սարքը հեռանում է Երկրից, ինչը նշանակում է, որ, հնարավոր է, խոսքը կառավարումը կորցրած և բաց տիեզերք հեռացող տիեզերանավի մասին է։

Այս դիտարկումից ծնվեց «կորած տիեզերագնացների» մասին լեգենդի ամենահայտնի վարկածներից մեկը. Խորհրդային Միությունն իբր մարդ է ուղարկել տիեզերք, բայց առաքելությունն ավարտվել է աղետով, որն իշխանությունները որոշել են թաքցնել։

Սակայն այստեղ կա սկզբունքային խնդիր։ Նույնիսկ եթե եղբայրներն իսկապես անսովոր ազդանշան են ընդունել, դա չի ապացուցում, որ այն արձակվել է օդաչուավոր տիեզերանավից։ Չկան նաև հաստատումներ, որ հաղորդումը կապված է եղել պաշտոնական ժամանակագրության մեջ չընդգրկված խորհրդային արձակման հետ։

Զոհվող տիեզերագնացների սրտի բաբախյունն ու ձայները

1961 թվականի փետրվարի սկզբին Ջուդիկա-Կորդիլյաները հայտարարեցին նոր ազդանշան որսալու մասին։ Այս անգամ, նրանց խոսքով, եթերում լսվել են տիեզերական սարքում գտնվող մարդու ծանր շնչառությունն ու հառաչանքները։

Եղբայրների ներկայացրած մեկ այլ ձայնագրություն հիշեցնում էր մարդու արագացած սրտի բաբախյուն։ Ռադիոսիրողներն այն փոխանցեցին իտալացի սրտաբան Աքիլլե Դոլյոտտիին։ Եղբայրների պատմելով՝ բժիշկը ձայները նմանեցրել է ծանր վիճակում գտնվող մարդու շնչառությանը և արագացած սրտխփոցին։

Ավելի ուշ հայտնվեցին նաև այլ ձայնագրություններ, որոնք իտալացիները կապում էին 1961 թվականի ապրիլին Յուրի Գագարինի պատմական թռիչքից առաջ տեղի ունեցած խորհրդային անհաջող տիեզերական առաքելությունների հետ։

Ամենահայտնին դարձավ այն ձայնագրությունը, որը եղբայրները վերագրում էին կին տիեզերագնացի։ Նա իբր վերջին հաղորդագրություններն էր փոխանցում աղետի մատնված տիեզերանավից դեռևս 1963 թվականին տիեզերք թռած առաջին կնոջ՝ Վալենտինա Տերեշկովայի թռիչքից առաջ։

Սակայն մասնագետներն ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ հաղորդումների բնույթը չի համապատասխանում ռազմական ռադիոկապի տիպիկ արձանագրություններին։ Դա կասկածի տակ է դնում դրանց իսկությունը և այն վարկածը, թե ձայնագրություններն իրոք ֆիքսում են խորհրդային տիեզերագնացների խոսակցությունները։

Արդյոք խորհրդային հատուկ ծառայությունները հետևե՞լ են ռադիոսիրողներին

Եղբայրների ճանաչմանը զուգընթաց՝ նրանց պատմությունը գրավեց ոչ միայն լրագրողների և տիեզերական առեղծվածների սիրահարների ուշադրությունը։ Իրենց իսկ խոսքերով՝ մի օր իրենց մոտ է եկել մի մարդ, որը ներկայացել է որպես ռուս լրագրող։ Շուտով մեկ այլ այցելու, որն իրեն անվանել է իտալական հակահետախուզության աշխատակից, զգուշացրել է եղբայրներին, որ առաջին հյուրն իբր ՊԱԿ-ի (ԿԳԲ) գործակալ է եղել։

Տասնամյակներ անց բրիտանացի լրագրող Քրիս Հոլինգթոնը Fortean Times ամսագրի համար փորձեց պարզել այս պատմության մանրամասները։ Նրա խոսքով՝ ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը, որը հետագայում դարձել էր Ռուսաստանի դեսպան եվրոպական երկրներից մեկում, հաստատել է խորհրդային հատուկ ծառայությունների հետաքրքրությունը իտալացի ռադիոսիրողների նկատմամբ։ Նա համաձայնել էր խոսել անանունության պայմանով։

Ինչպես պնդում էր Հոլինգթոնի զրուցակիցը, այս պատմությունների հայտնվելուց հետո խորհրդային տիեզերագնացներին խորհուրդ էր տրվել թռիչքների ժամանակ ավելի զգույշ լինել խոսակցություններում, իսկ հենց եղբայրների նկատմամբ հսկողություն էր սահմանվել։

Հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի խոսքով՝ ինչ-որ պահի քննարկվել է նույնիսկ իտալացիներին վերացնելու հնարավորությունը, օրինակ՝ դժբախտ պատահար բեմադրելու միջոցով։ Սակայն նրանց գործունեության շուրջ առաջացած լայն հանրային հնչեղությունը նման սցենարը չափազանց ռիսկային էր դարձրել։

Այս պատմության հավաստիությունը ստուգելն անհնար է. աղբյուրը մնացել է անանուն, իսկ նրա պատմածի անկախ հաստատումներ չկան։ Ուստի ՊԱԿ-ի հսկողության մասին վարկածը ևս մնում է նույն առեղծվածային պատմության մի մասը, այլ ոչ թե հաստատված փաստ։

Ինչու լեգենդը հաստատում չստացավ

Տիեզերքի հետազոտողները չեն ժխտում, որ Ջուդիկա-Կորդիլյա եղբայրներն իսկապես ստեղծել են աշխատունակ կայան և ազդանշաններ են ընդունել տարբեր սարքերից։ Բայց դա չի նշանակում, որ նրանք ճիշտ են մեկնաբանել լսած ամեն ինչ։

Տիեզերական թռիչքների հետազոտող Սվեն Գրանը բացատրում էր, որ իտալացիները կարող էին բարեխղճորեն հետևել տիեզերական սարքերին, բայց հետո սխալմամբ մեկնաբանել որոշ հաղորդումներ։ Նրա կարծիքով՝ հաջողակ ռադիոկայանի համբավը պահպանելու ձգտումը կարող էր եղբայրներին դրդել սենսացիոն հայտարարությունների, որոնցից հետագայում դժվար էր հրաժարվել։

Չի բացառվում նաև ձայնագրությունների գիտակցված կեղծումը։ Դրանցից ոչ մեկը չի անցել անկախ վավերացում, որը թույլ կտար վստահորեն կապել լսված ձայները կամ ազդանշանները խորհրդային օդաչուավոր տիեզերանավերի հետ։

Այնուամենայնիվ, լեգենդն ունի պատմական հիմք, որն օգնել է նրան գոյատևել տասնամյակներ շարունակ։ Խորհրդային տիեզերական ծրագիրն իսկապես ծայրահեղ փակ էր, իսկ իշխանությունները թաքցնում էին որոշ աղետներ և փոխում իրադարձությունների մասին պաշտոնական տեղեկությունները։ Օրինակ՝ 1960 թվականի հոկտեմբերի 24-ին Բայկոնուրում տեղի ունեցած հրթիռի պայթյունը, որը խլեց բարձրաստիճան զինվորականի և առնվազն հարյուր այլ մարդկանց կյանք, խորհրդային մամուլն ի սկզբանե ներկայացրեց որպես ավիավթար։

Նման դեպքերը ցույց են տալիս, որ խորհրդային իշխանություններն իսկապես կարող էին թաքցնել խոշոր ողբերգությունները։ Բայց դրանք չեն հաստատում տիեզերագնացների մահվամբ ավարտված գաղտնի օդաչուավոր թռիչքների գոյությունը։

Անցած տասնամյակների ընթացքում այդպես էլ չհայտնվեցին նման արձակումների մասին ստուգելի փաստաթղթեր, անձնակազմերի հավաստի բանակցություններ կամ անկախ վկայություններ, որոնք կհաստատեին իտալացի ռադիոսիրողների պատմությունները։ Ուստի «կորած տիեզերագնացները» մնում են վաղ տիեզերական դարաշրջանի ամենահայտնի լեգենդներից մեկը՝ մի պատմություն, որտեղ խորհրդային տիեզերական ծրագրի իրական գաղտնիքները միահյուսվել են չհաստատված ռադիոորսումների և դավադրապաշտության հետ։