Գիտական հետազոտությունները չպետք է մնան սոսկ երազանքի մակարդակում, դրանք պետք է նաև տնտեսական խթան դառնան։ Այս մասին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանի մասնակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Փոխնախարարի խոսքով՝ NASA-ում Ղաֆարիանի աշխատանքային փորձն ու գիտությանը կիրառական ուղղվածություն տալու մոտեցումը ոգեշնչում են և վստահություն ներշնչում, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ու ստեղծարար մտքի համադրումն էապես բարձրացնում է տարբեր նախագծերի արդյունավետությունը։

«Սա վստահություն է ներշնչում, որ այն, ինչը երբեմն սոսկ երազանք կամ անիրագործելի է թվում, լիովին հնարավոր է կյանքի կոչել։

Լուսնի վրա մարդու ոտք դնելուց 52 տարի անց Ղաֆարիանի ընկերությունը կրկին տիեզերական սարք իջեցրեց Լուսնի մակերևույթին։ Այն, ինչ այսօր կատարվում է տիեզերքում, արդյունաբերական նոր ուղղություն է, և այս համատեքստում մենք պետք է վերաիմաստավորենք մեր դերը։ Արդյունավետ համագործակցություն ձևավորելու դեպքում մենք ևս կարող ենք հավակնել մեր մասնակցությունն ունենալ նմանատիպ նախագծերում։ Մենք ոգևորված ենք այս հեռանկարով և հուսով ենք, որ Ղաֆարիանի այցը կոգեշնչի հայկական մասնավոր ընկերություններին՝ նախաձեռնելու նոր ծրագրեր»,- ընդգծեց նա։

Մանթաշյանը հավելեց, որ մասնավոր ուղեծրային կայան ստեղծելու Ղաֆարիանի նախագծերից մեկը վկայում է ոլորտում բոլորովին նոր էկոհամակարգի ձևավորման մասին։

«Վիվա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն իր հերթին նշեց, որ Ղաֆարիանի անցած ուղին ապացուցում է՝ աշխատասիրության շնորհիվ երազանքներն իրականություն են դառնում, ուստի պետք է հավատալ սեփական ուժերին ու հնարավորություններին։

Նա հավելեց, որ Ղաֆարիանը, ժամանակին ականատես լինելով Լուսնի վրա մարդու վայրէջքին, տարիներ անց ինքն է գլխավորել Լուսնի ուսումնասիրման ժամանակակից տեխնոլոգիաների մշակումը։

«Խորհրդանշական է, որ այսօր նրան հյուրընկալում ենք Հայաստանում՝ գիտական հարուստ ավանդույթներ ունեցող երկրում, որտեղ աստղագիտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մրցանակաբաշխությանն արդեն 17 տարի աջակցող «Վիվա»-ի համար սա հատուկ նշանակություն ունի։ Եթե Ղաֆարիանի հաջողության պատմությունը ոգեշնչի Հայաստանում թեկուզ մի քանի երիտասարդի և օգնի իրականացնել իրենց երազանքները, կնշանակի՝ մեր բազմամյա ջանքերն արդյունք են տվել»,- ասաց Ավետիսյանը։

Մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը հիշեցրեց, որ 17 տարի առաջ, երբ հիմնադրվում էր համաշխարհային լեգենդներին շնորհվող այս ամենամյա մրցանակը, շատերը չէին հավատում նախաձեռնության հաջողությանը։

«Սակայն այսօր մարդկության կյանքում հեղափոխական փոփոխություններ կատարած անհատներին տրվող այս մրցանակը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի միջազգային ճանաչելիության տեսանկյունից»,- շեշտեց նա։

Մուսայելյանը հատկապես կարևորեց առաջին մրցանակաբաշխությունների հաջող կազմակերպումը՝ հիշեցնելով, որ 2010 թվականին առաջին մրցանակին արժանացել է Intel կորպորացիայի նախագահ Քրեյգ Բարեթը, իսկ հետագա տարիներին՝ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը և համաշխարհային մեծության այլ գործիչներ։

Մրցանակը ստանալու պարտադիր պայմաններից մեկը դափնեկրի անձնական այցն է Հայաստան, հակառակ դեպքում այն շնորհվում է մեկ այլ թեկնածուի։ Այժմ Քամ Ղաֆարիանը Երևանում է՝ մրցանակն անձամբ ստանալու և Silicon Mountains Summit & Expo 2026 համաժողովին մասնակցելու նպատակով։

Ղաֆարիանը հիմնադրել է տիեզերական ու էներգետիկ ոլորտները վերափոխող, ինչպես նաև միջուկային էներգետիկայի բնագավառում նորարարական լուծումներ մշակող մի շարք ընկերություններ, որոնց թվում են X-energy-ն, Intuitive Machines-ը, Axiom Space-ը և Quantum Space-ը։ Նա ծավալում է նաև բարեգործական գործունեություն։

Պետական մրցանակը Ղաֆարիանին նոյեմբերի 5-ին կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դափնեկրին կշնորհվի նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, իսկ «Ինժեներական քաղաքում» կտեղադրվի նրա անվանական խորհրդանշական աստղը։