Մինչև 2050 թվականը Երկրի ուղեծրում կարող են ձևավորվել մշտապես գործող տիեզերական քաղաք, արտադրական համալիրներ, դպրոցներ և տվյալների կենտրոններ, իսկ դեպի այնտեղ իրականացվող թռիչքներն այնքան կանոնավոր կդառնան, որ արձակումները կիրականացվեն ամեն ժամ։ Այս կանխատեսումն է ներկայացրել գործարար, օդատիեզերական և էներգետիկ մի շարք ընկերությունների համահիմնադիր դոկտոր Քամ Ղաֆարիանը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած Silicon Mountains 2026 համաժողովում։
Ուղեծրային կայանից՝ տիեզերական քաղաք
Ղաֆարիանի համոզմամբ՝ տիեզերքի հետագա յուրացման առաջին փուլը կլինի անցումը Միջազգային տիեզերական կայանից (ՄՏԿ) դեպի նոր՝ առևտրային ուղեծրային ենթակառուցվածք։ Հաջորդ քայլերը կներառեն Լուսնի վրա մշտական բազայի հիմնումը, Մարսի յուրացումն ու Արեգակնային համակարգի սահմաններից դուրս գալը։
Այս ուղղությամբ առանցքային նախագծերից է Axiom Space-ը, որի համահիմնադիրն է Ղաֆարիանը։ Ընկերությունը մշակում է առաջին մասնավոր առևտրային տիեզերակայանը, որը հեռանկարում կփոխարինի Միջազգային տիեզերական կայանին։ Առաջին մոդուլի արձակումը նախատեսված է 2028 թվականի վերջին։ Սկզբնական փուլում այն կկցվի ՄՏԿ-ին և կգործի համատեղ, ինչից հետո կառանձնանա՝ հիմք դառնալով ինքնուրույն կայանի համար։
Գործարարի խոսքով՝ ուղեծրային ենթակառուցվածքի զարգացման պատասխանատվությունն աստիճանաբար անցնում է մասնավոր ընկերություններին, որոնք ստանձնում են նոր սերնդի տիեզերական հարթակների ստեղծումը։ Axiom Space-ը նաև սկաֆանդր է նախագծում Artemis ծրագրի համար, որը նախատեսված է Լուսնի մակերևույթին տիեզերագնացների աշխատանքն ապահովելու համար։ Ղաֆարիանն ընդգծել է, որ խոսքը փաստացի անհատական տիեզերական սարքի մասին է, որը տիեզերագնացներին թույլ կտա 10–12 ժամ շարունակ գտնվել և աշխատել Լուսնի վրա։
Մյուս ուղղությունը լուսնային ենթակառուցվածքի զարգացումն է։ Ղաֆարիանի հիմնադրած մեկ այլ ընկերություն՝ Intuitive Machines-ը, 2024 թվականին պատմության մեջ առաջին անգամ մասնավոր սարքի հաջող վայրէջք իրականացրեց Լուսնի վրա։ Այժմ ընկերությունը մշակում է վայրէջքային ևս շուրջ վեց մոդուլ, ինչպես նաև մերձլուսնային տարածության կապի համակարգ։ Այս ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ են դառնալու այն արբանյակները, որոնք ունակ են երկար ժամանակ գործելու մերձերկրյա ցածր ուղեծրից դուրս, մանևրելու և տիեզերքում դիրքը փոխելու։ Նման սարքեր, այդ թվում՝ ազգային անվտանգության խնդիրների համար, մշակում է Quantum Space ընկերությունը։ Ղաֆարիանի գնահատմամբ՝ ընկերության կիրառած բազմամոդալ տեխնոլոգիան թույլ կտա 70%-ով կրճատել մերձերկրյա ցածր ուղեծրից դուրս գտնվող ուղեծրեր հասնելու ծախսերը։
Տիեզերական արտադրություն և ուղեծրային տվյալների կենտրոններ
Ըստ Ղաֆարիանի կանխատեսումների՝ առաջիկա 25 տարում տիեզերական ենթակառուցվածքն արմատապես կփոխվի։ Նրա գնահատմամբ՝ մինչև 2050 թվականը Երկրից մոտ 400 կիլոմետր բարձրության վրա կգործի ոչ թե պարզապես ուղեծրային կայան, այլ լիարժեք տիեզերական քաղաք, որտեղ մարդիկ մշտապես կապրեն ու կաշխատեն։ Այնտեղ կլինեն արհեստական ձգողականություն, արտադրական հզորություններ, դպրոցներ և կանոնավոր տրանսպորտային կապ Երկրի հետ, իսկ արձակումներն ու վերադարձները կիրականացվեն ամեն ժամ։
Գործարարը համոզված է, որ նման քաղաքում կարելի է ստեղծել օպտիկական մանրաթել ու կիսահաղորդիչներ, ինչպես նաև տեղակայել ուղեծրային տվյալների կենտրոններ։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի և քվանտային հաշվարկների զարգացումն էլ ավելի կարագացնի անհրաժեշտ տեխնոլոգիաների ստեղծումը։
Առանձին ուղղություն է դեղագործական պատրաստուկների արտադրությունը տիեզերքում։ Ղաֆարիանը հայտնել է Հարավային Կորեայի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի հետ համատեղ ձեռնարկություն հիմնելու ծրագրերի մասին։ Նպատակն է տիեզերքում կազմակերպել այնպիսի դեղամիջոցների արտադրություն, որոնց ստեղծումը երկրային պայմաններում անհնար է կամ ծայրահեղ բարդ։
Միկրոգրավիտացիան և տիեզերական միջավայրի առանձնահատկությունները կարող են նոր հեռանկարներ բացել դեղագործության, միկրոէլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում հետազոտությունների ու արտադրության համար։ Ապագայում Axiom Space-ի առևտրային ուղեծրային կայանն ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածք կտրամադրի նման փորձարկումների և արտադրական գործընթացների կազմակերպման համար։
Հետազոտությունների մեկ այլ ուղղություն առնչվում է մարդու օրգանիզմի վրա տիեզերական միջավայրի ազդեցությանը։ Ղաֆարիանն ուշադրություն է հրավիրել այն դիտարկումների վրա, ըստ որոնց՝ մերձերկրյա ցածր ուղեծրում գտնվելիս ծերացման որոշ գործընթացներ կարող են արագանալ։ Հետազոտողները դա պայմանավորում են, մասնավորապես, ճառագայթման ազդեցությամբ և իմունային համակարգի T-բջիջների կենսագործունեության փոփոխություններով։
Նրա խոսքով՝ այս գործընթացների ուսումնասիրությունն ապագայում կօգնի ավելի խորությամբ հասկանալ ծերացման մեխանիզմները և գտնել այն դանդաղեցնելու կամ անգամ առանձին փոփոխությունները հետ շրջելու ուղիներ։ Այդուհանդերձ, այս ուղղությունն առայժմ մնում է գիտական հետազոտությունների տիրույթում և դեռևս պատրաստի բժշկական տեխնոլոգիա չէ։
Միջուկային էներգետիկան և դեպի Մարս թռիչքների համար նախատեսված շարժիչները
Տիեզերքի հետագա յուրացման գլխավոր պայմաններից մեկը Ղաֆարիանը համարում է էներգիայի հասանելիությունը։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և արդյունաբերության աճող պահանջմունքները կհանգեցնեն էներգետիկ ոլորտի լայնածավալ զարգացմանը։ Նա համոզված է, որ առաջիկա տասնամյակներում հենց էներգետիկան է դառնալու տեխնոլոգիական ներդրումների հիմնական ոլորտներից մեկը։
Այդ համատեքստում գործարարն առանձնահատուկ նշանակություն է տալիս փոքր մոդուլային միջուկային ռեակտորներին (SMR)։ Նրա հիմնադրած X-energy ընկերությունը մշակում է նման կայանքներ և, ըստ Ղաֆարիանի, արդեն ունի գրեթե 80 ռեակտորի պատվերների փաթեթ։ Ընկերության գործունեության ուղղություններից են մատակարարումները Amazon-ի տվյալների կենտրոններին, որոնք սպասարկում են արհեստական բանականության ենթակառուցվածքը, ինչպես նաև նախագծերը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Տեխասում, մասնավորապես, կառուցվում է առաջին կայանքը Dow քիմիական ընկերության համար։
Ղաֆարիանն ընդգծել է, որ միջուկային էներգետիկան կարևոր է ոչ միայն երկրային տնտեսության աճող պահանջմունքները բավարարելու համար. այն կարող է առանցքային պայման դառնալ նաև հեռավոր տիեզերական թռիչքների իրականացման գործում։ Անվտանգ միջուկային տեխնոլոգիաների զարգացումը թույլ կտա էներգետիկ համակարգեր ստեղծել դեպի այլ մոլորակներ արշավախմբերի համար։
Ավելի հավակնոտ մեկ այլ նախագիծ կապված է միջուկային-ջերմամիջուկային հրթիռային շարժիչների հետ։ Helicity ընկերությունում, որտեղ Ղաֆարիանը վերջերս ներդրում է կատարել, մշակվում են տեխնոլոգիաներ, որոնք, նրա գնահատմամբ, հեռանկարում կարող են Երկրից Մարս թռիչքի տևողությունը ներկայիս շուրջ ինն ամսից կրճատել՝ հասցնելով ինն օրվա։
Սա առայժմ տեխնոլոգիական հեռանկար է, այլ ոչ թե տիեզերական տրանսպորտի պատրաստի համակարգ։ Սակայն հենց նման մշակումներն են, ըստ գործարարի, ի զորու արմատապես փոխելու Արեգակնային համակարգի հետազոտման հնարավորությունները։
Ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը նոր տիեզերական տնտեսությունում
Ելույթի առանձին հատվածը նվիրված էր Հայաստանի հնարավորություններին։ Պատասխանելով այն հարցին, թե տիեզերական ոլորտի որ հատվածներում կարող է մրցունակ դառնալ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, բայց ամուր ինժեներական ավանդույթներ ունեցող փոքր երկիրը, Ղաֆարիանն առաջարկեց վերաիմաստավորել տեխնոլոգիական զարգացման մոտեցումը։
«Վերաիմաստավորե՛ք Հայաստանը»,- ասաց նա՝ կոչ անելով կողմնորոշվել ոչ թե անցյալում տնտեսությունը ձևավորած ուղղություններով և նույնիսկ ոչ միայն այսօրվա տեխնոլոգիաներով, այլ այն ոլորտներով, որոնք կերտելու են ապագան։ Այդպիսի ուղղությունների շարքում նա առանձնացրեց էներգետիկան, արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան և քվանտային հաշվարկները։ Նրա համոզմամբ՝ հենց այս ոլորտներում արվող ներդրումները կարող են հիմք դառնալ երկրի տեխնոլոգիական զարգացման համար։
Ղաֆարիանն անդրադարձավ նաև տիեզերական ծրագրերին Հայաստանի մասնակցության կարևորությանը։ Նա հույս հայտնեց, որ ապագայում կհաջողվի հայ տիեզերագնաց ուղարկել տիեզերք։ Նրա խոսքով՝ տիեզերական առաքելություններում երկրի ներկայացուցիչների ներգրավվածությունն ունի ոչ միայն խորհրդանշական նշանակություն, այլև կարող է ոգեշնչել երիտասարդ սերնդին՝ ստանալու ինժեներական և գիտական կրթություն։
Գործարարը պատմեց, որ վերջին չորս տարում Axiom Space-ը տիեզերք է ուղարկել 12 մասնավոր տիեզերագնացի տարբեր երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, ԱՄՆ-ից, Կանադայից, Սաուդյան Արաբիայից, եվրոպական պետություններից, Հնդկաստանից և այլն։ Նման առաքելությունները, նրա կարծիքով, օգնում են ընդլայնել պետությունների մասնակցությունը տիեզերական գործունեությանը և խթանում երիտասարդության հետաքրքրությունը գիտության ու տեխնոլոգիաների նկատմամբ։
Միջաստղային ապագան՝ որպես երկարաժամկետ նպատակ
Ղաֆարիանը Լուսնի և Մարսի յուրացումը դիտարկում է ոչ թե որպես վերջնանպատակ, այլ որպես միջանկյալ փուլեր՝ ավելի մասշտաբային խնդրի՝ Արեգակնային համակարգի սահմաններից մարդկության դուրս գալու ճանապարհին։
Արեգակին ամենամոտ աստղը՝ Կենտավրոսի Պրոքսիման, գտնվում է շուրջ 4,25 լուսային տարի հեռավորության վրա։ Դեպի այնտեղ թռիչքները կպահանջեն սկզբունքորեն նոր շարժիչային կայանքներ, էներգետիկ համակարգեր և կենսաապահովման տեխնոլոգիաներ։ Ուստի, գործարարի կարծիքով, արդեն այսօր անհրաժեշտ է զարգացնել փոխկապակցված ուղղությունների մի ամբողջ համալիր՝ ուղեծրային ենթակառուցվածքից և միջուկային էներգետիկայից մինչև արհեստական բանականություն և տիեզերքում տեղաշարժվելու նոր եղանակներ։ «Ամբողջ մարդկության վերջնական առաքելությունը միջաստղային տեսակ դառնալն է»,- հայտարարել է Ղաֆարիանը։







