Մեղրատու մեղուները ոչ միայն մրցում են վայրի փոշոտողների հետ նեկտարի և փոշու համար, այլև ակտիվորեն քշում են նրանց ծաղիկներից։ Այս եզրակացությանն են եկել Անգլիա Ռասկինի համալսարանի հետազոտողները, որոնք երկու տարվա ընթացքում հետևել են միջատների փոխազդեցություններին Քեմբրիջի և նրա շրջակայքի հինգ վայրերում։ Գիտնականները զգուշացնում են․ ջերմաստիճանի աճը և մեղրատու մեղուների թվի ավելացումը կարող են մեծացնել ճնշումը վայրի փոշոտողների վրա, որոնք կարևոր նշանակություն ունեն էկոհամակարգերի համար։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ecological Entomology ամսագրում։ Դիտարկումներն իրականացվել են ծաղկող մոշի և բաղեղի վրա՝ բույսեր, որոնք գրավում են բազմաթիվ միջատների և նրանց ապահովում նեկտարով ու փոշով։

Մեղրատու մեղուները հաղթում են ծաղիկների համար մրցակցությունում

93 ժամ տևած դիտարկումների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են միջատների հինգ խմբերի փոխազդեցությունները՝ մեղրատու մեղուների, իշամեղուների, միայնակ մեղուների, ծաղկաճանճերի, ինչպես նաև թիթեռների, բզեզների և կրետների։ Հետազոտողները գրանցել են դեպքեր, երբ մի միջատը խանգարում էր մյուսին սնվել կամ թույլ չէր տալիս նրան հասնել ծաղկին։ Արդյունքները ցույց են տվել, որ այն վայրերում, որտեղ մեղրատու մեղուների խտությունն ավելի բարձր էր, այլ փոշոտողներ, որպես կանոն, ավելի քիչ էին, իսկ ծաղիկների համար մրցակցությունն ավելի ինտենսիվ էր դառնում։ Մեղրատու մեղուները նաև ավելի հաճախ հաղթող էին դուրս գալիս այլ միջատների հետ բախումներից։

Մասնավորապես, մոշի ծաղիկների վրա մեղրատու մեղուների խտության կրկնապատկումը կապված էր իշամեղուների թվաքանակի 14% կրճատման հետ։ Բաղեղի վրա մեղրատու մեղուների թվի աճն ուղեկցվել է միայնակ մեղուների և ծաղկաճանճերի քանակի նվազմամբ։ Ընդ որում, մեղրատու մեղուները չեն սահմանափակվել միայն նրանով, որ առաջինն են զբաղեցրել ծաղիկները։ Նրանք հաճախ իրենք էին նախաձեռնում բախումները՝ մրցակիցներին հեռացնելով սննդի աղբյուրներից։

Մոշի վրա գրանցված փոխազդեցությունների 28%-ում և բաղեղի վրա դեպքերի 36%-ում այլ փոշոտողները խուսափում էին մեղրատու մեղուների հետ շփումից։ Երկու բույսերի վրա մեղրատու մեղուների հաղթած բախումների առնվազն 20%-ում նրանք ֆիզիկապես հրում էին մրցակիցներին կամ քշում նրանց։ Այլ տեսակների կողմից ագրեսիվ վարքագիծը զգալիորեն ավելի հազվադեպ էր հանդիպում։ Բացառություն էր բաղեղային մեղուն՝ միայնակ տեսակ, որը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերվել է 2001 թվականին։ Այն երբեմն ինքն էր հետապնդում մեղրատու մեղուներին և հեռացնում նրանց ծաղիկներից՝ հաջողությամբ մրցելով սննդի հասանելիության համար։

Ինչու տաքացումը կարող է վատթարացնել իրավիճակը

Հետազոտողները պարզել են, որ ավելի տաք պայմաններում փոշոտողների միջև մրցակցային բախումներն ավելի հաճախ էին տեղի ունենում։ Նրանց գնահատմամբ՝ ջերմաստիճանի հետագա բարձրացումը կարող է ուժեղացնել մեղրատու մեղուների առավելությունը որոշ վայրի տեսակների նկատմամբ։ Հնարավոր պատճառներից մեկը կապված է այն բանի հետ, որ ջերմային սթրես ապրող բույսերը կարող են ավելի քիչ նեկտար արտադրել։ Արդյունքում միջատները ստիպված են մրցել սննդի նվազող պաշարի համար։

Բացի այդ, տարբեր փոշոտողներ շոգին միատեսակ չեն արձագանքում։ Իշամեղուներն ու ծաղկաճանճերը զգայուն են բարձր ջերմաստիճանների նկատմամբ և կարող են ավելի արդյունավետ սնունդ փնտրել ավելի զով եղանակին։ Մեղրատու մեղուները, հակառակը, սովորաբար ավելի ակտիվ են դառնում ջերմաստիճանի բարձրացման դեպքում։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ Ցելսիուսի 12 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվել է փեթակներից դուրս եկող մեղրատու մեղուների թվի տասնապատիկ աճով։

Այս տարբերությունները կարող են հանգեցնել նրան, որ տաքացման հետ մեղրատու մեղուները կստանան էլ ավելի մեծ առավելություն ծաղկային ռեսուրսների համար պայքարում։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայում աճում է մեղվաբույծների թիվը․ եթե 2010 թվականին նրանց թիվը կազմում էր մոտ 19 հազար, ապա անցյալ տարի՝ արդեն 47 հազար։ Կառավարվող մեղվային գաղութների քանակի աճը կարող է ուժեղացնել մրցակցությունը փեթակների բարձր խտությամբ շրջաններում, այդ թվում՝ քաղաքներում։

Ինչպես պաշտպանել վայրի փոշոտողներին

Հետազոտության գլխավոր հեղինակ, Անգլիա Ռասկինի համալսարանի ասպիրանտ Վիկտորիա Բաքլը ընդգծել է, որ աշխատանքի նպատակը մարդկանց մեղվաբուծությունից հետ պահելը չէ, այլ ավելի լավ հասկանալ վայրի և մարդու կողմից պահվող փոշոտողների միջև մրցակցությունը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել բնական պոպուլյացիաները։ Հետազոտողի խոսքով՝ սննդի համար բախումների մեծ մասը սկսում էին մեղրատու մեղուները, որոնք ավելի հաճախ հաղթում էին՝ զրկելով այլ միջատներին նեկտար և փոշի հավաքելու հնարավորությունից։ Իշամեղուները, միայնակ մեղուները և ծաղկաճանճերը խուսափում էին նրանցից, զիջում էին նրանց ծաղիկները, իսկ երբեմն ենթարկվում էին հետապնդման։

Միևնույն ժամանակ բաղեղային մեղուն ցույց տվեց, որ ունակ է հաջողությամբ դիմակայել մեղրատու մեղուներին։ Բաքլի խոսքով՝ հեղինակներին հայտնի տվյալներով նման վարքագիծ առաջին անգամ է հաջողվել դիտարկել։ Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է ուղիներ գտնել մեղրատու մեղուների և վայրի փոշոտողների համակեցությունն ապահովելու համար, հատկապես այն վայրերում, որտեղ շատ են փեթակները։ Հետազոտության արդյունքները մատնանշում են կենսաբազմազանության պահպանման համար հնարավոր խնդիր, սակայն ինքնին չեն նշանակում, որ մեղվաբուծությունը պետք է համատարած սահմանափակել։