Մոտ 5800 տարի առաջ դանիական Սեյերե կղզում մահացած տղամարդը կարող էր ականատես լինել տեղի բնակիչների՝ որսորդությունից և ձկնորսությունից երկրագործության անցմանը։ Նրա ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ դեռահասության շրջանում սննդակարգը կտրուկ փոխվել է. դրանում զգալիորեն ավելացել է ցամաքային ծագման սնունդը։ Հնարավոր է՝ դա կապված է տարածաշրջանում առաջին երկրագործների և անասնապահների հայտնվելու հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Antiquity ամսագրում։
Գրեթե 70 տարի առաջ հայտնաբերված կմախքը
Գրեթե ամբողջական կմախքը հայտնաբերվել է դեռևս 1956 թվականին՝ Սեյերե կղզու Ռյոդհալս խեցակույտում։ Տղամարդը ցածրահասակ է եղել՝ մոտ 1,55 մետր, և մահացել է մոտավորապես 30–40 տարեկանում։
Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ նա պատկանել է որսորդ-հավաքիչների արևմտաեվրոպական խմբին։ Այս պոպուլյացիայի ներկայացուցիչները բնակվել են ներկայիս Դանիայի տարածքում մինչև երկրագործության տարածումը։
Սակայն նոր հետազոտությունները թույլ են տվել պարզել, որ տղամարդու կենսակերպը կարող էր զգալիորեն տարբերվել նրա նախնիներին բնորոշ կենսակերպից։ Գիտնականներն ուսումնասիրել են նրա ատամների իզոտոպային կազմը, որն օգնում է վերականգնել կյանքի տարբեր փուլերի սննդակարգը։ Ատամնային հյուսվածքը պահպանում է մանկության և պատանեկության տարիներին օգտագործված սննդի քիմիական հետքերը, ուստի հետազոտողները կարողացել են հետևել ժամանակի ընթացքում սննդակարգի փոփոխություններին։
Ինչպես է փոխվել տղամարդու սննդակարգը
Մանկության տարիներին տղամարդը հիմնականում սնվել է փափկամարմիններով և ծանծաղուտներում բնակվող ձկներով։ Մոտ 11 տարեկանից նրա սննդակարգում ավելացել են ձողաձուկն ու պիկշան։ Սակայն ամենաէական փոփոխությունը տեղի է ունեցել դեռահասության շրջանում. կտրուկ աճել է ցամաքային աղբյուրներից ստացվող սպիտակուցի բաժինը։
Ցամաքային ծագման սննդի սպառման նման մակարդակն անսովոր է եղել։ Մեզոլիթի դարաշրջանի դանիացի ևս 65 որսորդների ու ձկնորսների ուսումնասիրելիս գիտնականները նմանատիպ սննդակարգ չեն հայտնաբերել։
Ինքնին իզոտոպային վերլուծությունը թույլ չի տալիս հստակ որոշել, թե ինչ է կերել տղամարդը։ Ցամաքային ծագման սպիտակուցը կարող էր ստացվել վայրի կենդանիներից, որոնց որսում էին տեղի բնակիչները։ Սակայն հետազոտողներն ավելի հավանական են համարում, որ նրա սննդակարգում հայտնվել են երկրագործների հետ կապված մթերքներ՝ ընտանի կենդանիների միս և հացազգիներ։
Այս վարկածի օգտին են խոսում նաև թաղման առանձնահատկությունները։ Ռյոդհալսի թաղումը տարբերվում է մեզոլիթյան տիպիկ թաղումներից և ունի վաղ երկրագործական մշակույթներին բնորոշ գծեր։
Երկու մշակույթ՝ նույն տարածքում
Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդը մահացել է մոտավորապես մ.թ.ա. 3930–3710 թվականների միջակայքում։ Այդ ժամանակ դանիական կղզիներում արդեն հայտնվել էին առաջին անասնապահները։
Հավանաբար, նա ապրել է այն ժամանակաշրջանում, երբ որսորդ-հավաքիչների և երկրագործների համայնքները համագոյակցում էին նույն տարածքում։ Նրանց միջև կարող էին շփումներ լինել, և նրանք կարող էին փոխանակել ոչ միայն առարկաներ, այլև առօրյա կենցաղի տարրեր, այդ թվում՝ սննդային սովորություններ։
Այսպիսով, Ռյոդհալսում հայտնաբերված մնացորդները հազվադեպ հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու անցումային այն շրջանի մասին, երբ ավանդական կենսակերպն աստիճանաբար փոխվում էր սննդի արտադրության նոր եղանակների ազդեցությամբ։
Միաժամանակ հետազոտողները զգուշացնում են չափազանց լայն ընդհանրացումներից. խոսքը մեկ մարդու մասին է, և նրա սննդակարգը թույլ չի տալիս դատել, թե որքան տարածված էին նման փոփոխությունները տեղի որսորդ-հավաքիչների շրջանում։
Ռյոդհալսի տղամարդը մնում է Դանիայում հայտնի՝ բացառապես մեզոլիթյան գենետիկական ծագում ունեցող ամենաուշ ժամանակաշրջանի մարդը։ Նրա պատմությունը ցույց է տալիս, որ երկրագործությանն անցումը պարտադիր չէ, որ տեղի ունեցած լիներ միանգամից. հին և նոր ավանդույթները կարող էին համագոյակցել մի ամբողջ սերնդի կյանքի ընթացքում։






