WhatsApp-ում 2 նոր գործառույթ է ավելացել

10 հուլիսի, 2023  10:23

Հանրահայտ WhatsApp մեսենջերի մշակողները շարունակում են բարելավել այն և ներդնել նոր գործառույթներ։ Վերջին թարմացումների շրջանակում հավելվածում երկու հետաքրքիր գործառույթներ են հայտնվել, որոնք կհեշտացնեն հավելվածի օգտագործումը և էլ ավելի հարմար կդարձնեն շփումը հաղորդագրությունների միջոցով։

Հաղորդագրությունների ֆիլտրում

Առաջին թարմացումում WhatsApp-ի մշակողները ավելացրել են հաղորդագրությունների ֆիլտրման գործառույթ հենց չատի ցուցակում: Սա նշանակում է, որ օգտվողներն այժմ կկարողանան կառավարել ֆիլտրերը անմիջապես հավելվածի հիմնական էկրանից:

Ֆիլտրերի կոճակները կտեղակայվեն չատի ցուցակի վերևում, և յուրաքանչյուր չատ կունենա իր ֆիլտրերը: Սա թույլ կտա կազմակերպել չատերը՝ ըստ չկարդացված հաղորդագրությունների, անձնական և գործնական չատերի: Սա շատ ավելի կհեշտացնի նավիգացիան և համապատասխան չատերը գտնելու գործընթացը WhatsApp-ի օգտատերերի համար:

Նշենք, որ ներկայումս հավելվածը չունի խմբային չատերի ֆիլտրեր, ինչը մի շարք անհարմարություններ է առաջացնում հատկապես շատ օգտատերերի համար, որոնք աշխատանքային չատեր ունեն WhatsApp-ում։

Ինչպես տեղեկացնում է Gizmochina-ն, առայժմ այս գործառույթը հասանելի է Google Play-ի բետա թեստավորման ծրագրի ներքո 2.23.14.17 թարմացման մեջ:

Սթիքերներով հուշումներ

Երկրորդ թարմացումը, որը նկատվել է WhatsApp-ի՝ iPhone-ի համար նախատեսված բետա տարբերակում, կապված է սթիքերների հետ: Այժմ օգտատերերը կարող են արագ գտնել անհրաժեշտ սթիքերը՝ օգտագործելով դրա հետ կապված էմոջիները:

Երբ օգտատերը էմոջի է մուտքագրում հաղորդագրության մուտքագրման դաշտում, հայտնվում է թռուցիկ պատուհան այդ սիմվոլի հետ կապված սթիքերներով: Այս ֆունկցիան WhatsApp-ի ակտիվ օգտատերերին թույլ է տալիս կրճատել անհրաժեշտ սթիքերը գտնելու համար ծախսվող ժամանակը և պարզեցնել նամակագրության մեջ սթիքերների օգտագործման գործընթացը։

Ինչպես հայտնում է WABetaInfo պորտալը, գործառույթը դեռ փորձարկման փուլում է և հասանելի է միայն որոշ բետա փորձարկողների համար, որոնք տեղադրել են հավելվածը Apple-ի TestFlight ծառայության միջոցով։ Android օգտատերերի համար նորամուծությունը հասանելի է հավելվածի 2.23.14.16 տարբերակում։


 
 
 
 
  • Արխիվ