Ընկղմման էֆեկտով քարտեզներ, NVIDIA H100 26,000 արագացուցիչով ամպ և անկեղծ ակնարկներ. 3 հետաքրքիր նորամուծություն Google-ից

11 մայիսի, 2023  16:09

Բացի նոր սմարթֆոններից, պլանշետից և ներկառուցված արհեստական ​​բանականությամբ թարմացված որոնման համակարգից, Google-ը երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ աշխարհին ներկայացրեց մի քանի այլ հետաքրքիր նորարարություններ, այդ թվում՝ «ընկղմման էֆեկտով» քարտեզներ, ամպ՝ 26,000 NVIDIA H100 արագացուցիչների հասանելիությամբ և Perspectives  բաժինը, որում տարբեր թեմաների վերաբերյալ տարբեր մարդկանց փորձառություններ ու կարծիքներ են ներառված՝ առանց SEO օպտիմալացման։

Եղանակի և երթևեկության վիզուալիզացիա. «ընկղմման էֆեկտով» քարտեզներ

Street View-ի եռաչափ քարտեզները ժամանակին նորարարական և անսովոր բան էին, բայց այսօր դրանք արդեն ընկալվում են որպես սովորական և ձանձրալի: Google-ը ներկայացրել է Immersive View քարտեզների նոր ռեժիմը, որը հնարավորություն կտա ուսումնասիրել երթուղին ներսից՝ եղանակի, երթևեկության և այլ հնարավորությունների վիզուալիզացիայի միջոցով։

Տեխնոլոգիան թույլ է տալիս Street View պատկերների և օդային լուսանկարչության տվյալների հիման վրա ստեղծել փողոցային 3D քարտեզներ, որոնց այնուհետև կցվում են անհրաժեշտ տեղեկություններ: Օգտագործողը կարող է ինտերակտիվ կերպով հետևել և ուսումնասիրել իրեն հետաքրքրող ողջ երթուղին: Ավելին, ցանկության դեպքում կարելի է ավելացնել եղանակային պայմանները և երթևեկության ինտենսիվությունը որոշակի ժամանակահատվածի համար:

google-maps

Ցավոք, նոր ռեժիմը հնարավորություն է տալիս այս կերպ «ուսումնասիրել» աշխարհի ընդամենը 15 քաղաք։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է այս ծառայությունը գործարկել  Ամստերդամում, Բեռլինում, Դուբլինում, Ֆլորենցիայում, Լաս Վեգասում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Մայամիում, Փարիզում, Սիեթլում, Սան Ֆրանցիսկոյում, Սան Խոսեում, Տոկիոյում և Վենետիկում:

Երբ ծառայությունը պաշտոնապես գործարկվի, ծրագրային ապահովման և հավելվածների մշակողները կստանան գործիքներ այն ինտեգրելու իրենց մշակումներին (զբոսաշրջային ուղեցույցներ, որտեղ կարելի է նշել ռեստորաններն ու տեսարժան վայրերը եռաչափ քարտեզի վրա, անշարժ գույք գնելու և վաճառելու հավելվածներ և այլն):

26,000 NVIDIA H100 արագացուցիչ Google Cloud-ում

Google I/O Developer Conference-ի ընթացքում ընկերությունը նաև ներկայացրեց Google Compute Engine A3 սուպերհամակարգիչները, որոնք օգտագործում են ժամանակակից պրոցեսորներ, արագագործ հիշողություն, NVIDIA արագացուցիչներ և Intel IPU-ներ մեքենայական ուսուցման ծանրաբեռնվածության համար լավագույն կատարողականությունն ապահովելու համար:

A3 վիրտուալ մեքենան ներառում է.

  • 8 հատ NVIDIA H100 Hopper արագացուցիչ,
  • NVLink 4.0-ով NVIDIA NVSwitch անջատիչներ, որոնք արագացուցիչների միջև ապահովում են 3,6 ՏԲ/վ թողունակություն,
  • Intel Xeon Sapphire Rapids պրոցեսորներ,
  • 2 ՏԲ DDR5-4800 օպերատիվ հիշողություն,
  • 200 Գբ/վ IPU, հատուկ GPU↔GPU միջսերվերային հաղորդակցման ստեկ և NCCL օպտիմալացումներ։

26,000 H100 արագացուցիչները միավորված են արհեստական բանականությամբ գործող ամպային սուպերհամակարգչում, որը մինչև 26 FLOPS կատարողականություն ունի: Համեմատության համար, Microsoft Azure-ի ԱԲ սուպերհամակարգիչները միավորում են տասնյակ հազարավոր արագացուցիչներ՝ օգտագործելով InfiniBand և NVIDIA DPU-ները: Նույն մոտեցումն է կիրառում Oracle Cloud Infrastructure-ը (OCI), որը ռեկորդակիր է 32,768 արագացուցիչների միավորման ցուցանիշով։ Վերջապես, EFA-ի շնորհիվ մինչև 20,000 արագացուցիչներ կարելի է համատեղել AWS-ում:

Google-A3-supercomputers

A3-ի օգտատերերը հնարավորություն կունենան վիրտուալ մեքենան գործարկել ինքնուրույն կամ որպես կառավարվող ծառայություն, իսկ Google-ը կկատարի աշխատանքի մեծ մասը: A3-ը կարող է օգտագործվել նաև Google Kubernetes Engine-ում (GKE) կամ Vertex AI-ում:

Նշենք, որ ներկայումս A3 վիրտուալ մեքենաներին հասանելիություն հնարավոր է ստանալ միայն նախադիտման սպասման ցուցակում գրանցվելուց հետո:

Perspectives բաժին. իրական մարդկանց կարծիքներ առանց SEO-ի օպտիմալացման

Մարդիկ, որոնք ցանկանում են իմանալ այլ մարդկանց անկեղծ կարծիքները կամ ստանալ տեղեկություններ առանց SEO օպտիմալացման, բացի հիմնական հարցումից, որոնման տողում գրում են նաև «Reddit» բառը, որպեսզի արդյունքները ներառեն նաև հայտնի հարթակի էջեր, որտեղ մարդիկ կիսվում են իրենց անձնական փորձով: Մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգտվել ազնիվ ակնարկներից, Google-ը նախատեսում է Perspectives բաժինը, որտեղ կհայտնվեն սովորական մարդկանց կողմից գրված սուբյեկտիվ կարծիքներով տեքստեր:

google-perspectives

Perspectives-ը հասանելի կլինի «առաջիկա շաբաթներին», այդ կարծիքները կհայտնվեն որոնման բոլոր արդյունքների վերևում՝ նորությունների, պատկերների, տեսանյութերի, գրքերի և որոնման այլ բաժինների հետ միասին: Եթե սեղմեք համապատասխան ներդիրը, ապա այն ձեզ կտանի մի էջ, որն ավելի շատ նման է Pinterest-ին, քան սովորական Google-ի որոնմանը։ Բաժինը կներառի հղումներ դեպի Reddit հարթակի մեկնաբանություններին, YouTube-ի տեսանյութերին, Stack Overflow-ից ստացված տվյալներին և տարբեր համայնքների մարդկանց կողմից հրապարակված այլ տվյալների, բլոգային գրառումների և այլ նյութերի, որոնք Google-ի որոնման ալգորիթմները կհամարեն հեղինակային բովանդակություն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ