Nvidia-ի կապիտալիզացիան հատել է $3 տրլն-ի շեմը․ ընկերությունն առաջ է անցել Apple-ից

6 հունիսի, 2024  12:21

Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 5%-ով՝ հասնելով 1224,40 դոլարի, ինչի արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը։ Բաժնետոմսերի շուկայական արժեքի աճը տեղի է ունեցել ներդրողների կողմից հսկայական պահանջարկի ֆոնին, որոնք հերթական անգամ ցանկացել են ձեռք բերել գեներատիվ արհեստական բանականության տեխնոլոգիաների բումի էպիկենտրոնում է գտնվող այս ընկերության բաժնետոմսերը:

Բացի նրանից, որ ընկերությունն իր կապիտալիզացիայով առաջ է անցել Apple-ից՝ Nvidia-ն զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում՝ զիջելով միայն Microsoft-ին։ Nvidia-ի այս ցուցանիշները ևս մեկ անգամ ցույց են տալիս իր բաժնետոմսերի արժեքի աճի տպավորիչ դինամիկան: Վերջին հինգ տարիների ընթացքում դրանք աճել են ավելի քան 3224%-ով։

Նախկինում առաջին ամերիկյան ընկերությունը, որը հասել էր 3 տրիլիոն դոլար կապիտալիզացիայի մակարդակին, Apple-ն էր: Այս նշաձողին ընկերությունը հասել էր 2022-ի հունվարին: Microsoft-ն այս շեմը հաղթահարել էր 2024-ի հունվարին։ Իսկ Nvidia-ն, որը հիմնադրվել է 1993-ին, այս տարվա փետրվարին գերազանցել էր 2 տրիլիոն դոլարի նշագիծը։ Այս գումարին ևս մեկ տրիլիոն ավելացնելու համար պահանջվել է երեք ամսից մի փոքր պակաս ժամանակ, հայտնում է CNBC-ն։

Մայիսին ընկերությունը հրապարակել է առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքները, որոնք ցույց տվեցին ընկերության բարձր գին ունեցող և հզոր գրաֆիկական պրոցեսորների (GPU) պահանջարկի շարունակական աճը: Միաժամանակ Nvidia-ի հասույթը եռամսյակում կազմել է 26 մլրդ դոլար, ինչը ավելի քան երեք անգամ գերազանցում է մեկ տարի առաջվա ցուցանիշը։ Ընկերությունը գերազանցել է նաև Ուոլ Սթրիթի վաճառքի և շահույթի ակնկալիքները: Նախատեսվում է, որ ընթացիկ եռամսյակում հասույթը կկազմի 28 միլիարդ դոլար:

Աղբյուրը բացատրում է, որ Nvidia-ի ակտիվների արժեքի արագ աճը վերջին տարիներին պայմանավորված է տեխնոլոգիական արդյունաբերության գրաֆիկական պրոցեսորների մեծ պահանջարկով, որոնք օգտագործվում են արհեստական բանականության մեծ մոդելներ մշակելու համար:

Ընկերությունները, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Meta-ն, Amazon-ը և OpenAI-ը, միլիարդավոր դոլարներ են ծախսում Nvidia-ի GPU-ները գնելու վրա: Գեներատիվ արհեստական բանականության ոլորտում բումը, որը պայմանավորված է մասամբ ChatGPT-ի մեծ տարածմամբ, միայն խթանել է այս պահանջարկը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ