Apple-ը կթարմացնի iPhone-ի, MacBook Pro-ի և Apple Watch-ի դիզայնը. սարքերն էլ ավելի բարակ կդառնան

17 հունիսի, 2024  10:19

Անցյալ ամիս Apple-ը ներկայացրեց նոր 13 դյույմանոց iPad Pro-ն, որն ունի ընդամենը 5,1 մմ հաստություն. այն ընկերության ամենաբարակ արտադրանքն է: Համացանցային աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերությունը նախատեսում է փոխել նաեւ այլ սարքերի՝ iPhone-ի, MacBook Pro-ի և Apple Watch-ի դիզայնը և դրանք էլ ավելի բարակ դարձնել։

Ըստ 9to5mac-ի՝ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը պնդում է, որ այս տարի ներկայացված iPad Pro-ն «Apple սարքերի նոր դասի սկիզբն է»։ Ընկերության նպատակն է այս ապրանքները դարձնել «ամենաբարակ և թեթև սարքերն իրենց կատեգորիաներում»: Գուրմանը ակնկալում է, որ iPhone 17-ի շարքը կներառի սմարթֆոնի բոլորովին նոր դիզայնով տարբերակը, որը զգալիորեն ավելի բարակ կլինի, քան ներկայիս մոդելները։

Գուրմանը նաև նշել է, որ Apple-ն աշխատում է MacBook Pro-ի և Apple Watch-ի նոր տարբերակների վրա, որոնք ավելի բարակ կլինեն, քան ներկայիս մոդելները։

Նշենք, որ 2021 թվականին MacBook Pro-ի վերջին վերանախագծմամբ սարքն ավելի հաստ և ծանր է, քան նախորդ սերնդի մոդելը: Այս թարմացումը համընկնում է MacBook-ի սեփական Apple Silicon պրոցեսորներին անցնելու, MagSafe և HDMI պորտերի, ինչպես նաև SD քարտի բնիկի վերադարձի հետ:

Թե կոնկրետ երբ ընկերությունը կարող է ներկայացնել MacBook Pro-ի և Apple Watch-ի նոր տարբերակները, չի նշվում։ Այնուամենայնիվ, այսօր շատ բաներ իսկապես ցույց են տալիս, որ Apple-ը ձգտում է ստեղծել այնպիսի սարքեր, որոնք կառանձնանան ոչ միայն բարձր կատարողականությամբ, այլև առավելագույն կոմպակտությամբ և թեթևությամբ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ