Նոր սմարթֆոններ և 11 տարի անց նոր պլանշետ․ ի՞նչ սարքեր է Google-ը ներկայացրել

11 մայիսի, 2023  12:19

Google-ը երեկ տեղի ունեցած Google I/O 2023 համաժողովի ժամանակ ներկայացրել է երեք նոր սարք՝ Pixel Fold և Pixel 7a սմարթֆոնները, ինչպես նաև Pixel Tablet պլանշետը։ Բոլոր սարքերն էլ հետաքրքիր բնութագրեր ունեն, թեև Pixel Fold-ը համարվում է նույնիսկ ուշացած։

Pixel Fold

Google-ը թերևս վերջին ընկերությունն է, որն արտադրում ծալովի էկրանով սմարթֆոն, մրցակիցները վաղուց ունեն նման հեռախոսներ։ Pixel Fold-ը բացվում է 180 աստիճանով, ինչի շնորհիվ էկրանի չափը դառնում է 7.6 դյույմ։ Էկրանը գերբարակ OLED է՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Սա համարվում է ամենաբարակ ծալովի սմարթֆոնը շուկայում։ Համենայնդեպս, այդպես պնդում է արտադրողը։

Pixel Fold-ը հինգ տեսախցիկ ունի, երեքը՝ հետևի մասում են, մեկը՝ ներսում և նախատեսված է սելֆիի համար, ևս մեկը՝ ներսում և նախատեսված է տեսազանգերի համար։ Հիմնական տեսախցիկը 48 ՄՊ է։

Pixel Fold-ը ներառում է այնպիսի գործառույթներ, որոնք ունեն Pixel շարքի հեռախոսները, սակայն ունի նաև ֆունկցիաներ, որ հատուկ են միայն Pixel Fold-ին, օրինակ՝ երկու էկրանով կենդանի թարգմանությունը, որը օգտատիրոջը թույլ է տալիս հաղորդակցվել այլ լեզվով արտաքին էկրանի ձայնային և տեքստային արագ թարգմանությունների օգնությամբ:

pixel fold.JPG (41 KB)

Բացված ժամանակ էկրանի տարբեր մասեր կարող են օգտագործվել միաժանակ, օրինակ՝ էկրանի մի մասով կարելի է տեսազանգ անել, իսկ մյուսով ստուգել նամակները։

Սմարթֆոնը թողարկվում է երկու գույնով՝ սև և սպիտակ։ Չափերը՝ 158.7x139.7x 5.8 մմ, քաշը՝ 283 գրամ, մարտկոցի հզորությունը՝ 4821 մ/Աժ։ Pixel Fold-ի 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ ստարբերակը կարժենա 1799 դոլար, իսկ 12 ԳԲ/512 ԳԲ տարբերակը՝ 1919 դոլար։

Pixel 7a

Մյուս նորույթը Pixel 7a-ն է, որն արտաքինից նման է Pixel 7-ին և 7 Pro-ին և ունի գրեթե բոլոր հնարավորությունները, ինչ կարելի է ակնկալել այս շարքի սմարթֆոնից՝ ավելի լավ էկրան, առաջադեմ տեսախցիկ և ավելի երկարակյաց մարտկոց: Սակայն Pixel 7a-ն ունի Tensor G2 պրոցեսոր և TItan M2 անվտանգության չիպ, որոնք ապահովում են հիանալի կատարողականություն և արհեստական բանականության նոր ֆունկցիաներ։

Սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց OLED, HDR էկրան՝ պատկերի 90 Հց հաճախականությամբ և 1080 x 2400 պիքսել լուծաչափով, ապակին՝ Corning Gorilla Glass 3։ Նորույթն ունի երկու տեսախցիկ՝ հիմնականը 64 ՄՊ, իսկ մյուսը՝ 13 ՄՊ գերլայնանկյուն։

Pixel 7a.JPG (42 KB)

Pixel 7a-ն ունի 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև անլար լիցքավորում, ինչն առաջին անգամ է կիրառվում A շարքի հեռախոսների վրա։ Սմարթֆոնի չափերն են՝ 152x72.9x9 մմ, քաշը՝ 193.5 գրամ։ Մարտկոցի հզորությունը՝ 4385 մ/Աժ։

Սմարթֆոնը թողարկվում է մի քանի գույնով և արժե 499 դոլար։

Pixel Tablet

Google I/O 2023 միջոցառման ժամանակ Google-ը ներկայացրել է նաև Pixel Tablet-ը։ Սա 2012-ին թողարկված Nexus 7 պլանշետի գաղափարական ժառանգորդն է: Տասնմեկ 11 տարի պլանշետների շուկայում Google-ի նոր սարքեր չի ներկայացրել (չհաշված 2018-ին արտադրված Pixel Slate-ը, որն աշխատում էր Chrome OS-ով, ոչ թե Android-ով):

Pixel Tablet-ը կառուցված է Tensor G2 մեկ չիպային հարթակի վրա՝ համալրված Titan M անվտանգության չիպով։ Այն ստացել է IPS էկրան՝ 11 դյույմ անկյունագծով և 2560x1600 պիքսել լուծաչափով։

Պլանշետն ունի երկու տեսախցիկ՝ մեկը առջևում, մյուս՝ հետևում։ Ընդորում, երկուսն էլ լրիվ նույնն են՝ 8 ՄՊ սենսորներով, F/2.0 բացվածքով ոսպնյակներով և Full HD տեսանկարահանման աջակցությամբ: Առկա է մատնահետքի սկաներ (ներկառուցված միացման ստեղնի մեջ), երեք խոսափող և չորս բարձրախոս, USB 3.2 Type-C պորտ, UWB, Wi-Fi 802.11ax և Bluetooth 5.2 աջակցություն:

pixel tablet.JPG (39 KB)

Մարտկոցի հզորության մասին չի հաղորդվում, սակայն Google-ը նշում է, որ սարքն աշխատում է մինչև 12 ժամ տեսահեռարձակման ռեժիմում։ Պլանշետի չափերը՝ 258x169x8,1 մմ, քաշը՝ 493 գրամ։

ԱՄՆ-ում սարքի գինը 500 դոլար է, իսկ Եվրոպայում այն գնահատվել է 680 եվրո։ Սա 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակի գինն է, իսկ 8 ԳԲ/256 ԳԲ տարբերակն արժե 800 եվրո։ Ընդորում, վաճառքը կսկսվի հունիսի 20-ին։


 
 
 
 
  • Արխիվ