Ֆիզիկոսները հայտնաբերել են Հոլի էֆեկտի անսովոր տարբերակ, որի դեպքում էլեկտրական հոսանքը շեղվում է դեպի կողք՝ առանց մագնիսական դաշտի կիրառման։ Այս երևույթում առանցքային դեր է խաղում ոչ թե մագնիսականությունը, այլ բավականաչափ ուժեղ էլեկտրական լարումը, որը ժամանակավորապես փոխում է նյութի ներսում էլեկտրոնների վարքը։ Հայտնագործությունն ընդլայնում է քվանտային նյութերի մասին պատկերացումները և ցույց տալիս, որ որոշ էֆեկտներ, որոնք սովորաբար կապվում են նյութի մագնիսական հատկությունների հետ, կարող են առաջանալ նաև ուժեղ էլեկտրական ազդեցության պայմաններում։
Ռայսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Physical Review Letters ամսագրում։ Հեղինակները նկարագրել են նախկինում անհայտ մի ռեժիմ, որն ստացել է «լիովին ոչ հավասարակշռային արձագանք» (fully nonequilibrium response) անվանումը։ Այն Հոլի էֆեկտի նոր տարատեսակ է և ցույց է տալիս, որ էլեկտրական դաշտին նյութի արձագանքը կարող է էապես փոխվել՝ կախված կիրառված լարման մեծությունից։
Էլեկտրական լարումը ստիպում է հոսանքին փոխել ուղղությունը
Հոլի դասական էֆեկտը հայտնաբերվել է ավելի քան մեկ դար առաջ։ Այն առաջանում է, երբ հաղորդչով էլեկտրական հոսանք են անցկացնում՝ միաժամանակ նյութը տեղադրելով մագնիսական դաշտում։ Մագնիսական ուժի ազդեցությամբ լիցքակիրները շեղվում են, ինչի հետևանքով սկզբնական հոսանքին ուղղահայաց ուղղությամբ լարում է առաջանում։
Հետագայում ֆիզիկոսները հայտնաբերեցին այս երևույթի այլ տարատեսակներ ևս։ Օրինակ՝ Հոլի քվանտային անոմալ էֆեկտը կարող է առաջանալ առանց արտաքին մագնիսական դաշտի։ Այդ դեպքում անհրաժեշտ պայմանն ապահովվում է հենց նյութի ներքին մագնիսական հատկությունների հաշվին։
Նոր հետազոտությունն ուշադրություն է հրավիրում մեկ այլ հնարավորության վրա. Հոլի էֆեկտին բնորոշ լայնական հոսանքը կարող է առաջանալ ուժեղ էլեկտրական լարման ազդեցությամբ նույնիսկ այն դեպքում, երբ մագնիսական դաշտ չկա ո՛չ նյութից դուրս, ո՛չ էլ դրա ներսում։
Արդյունքի անսովոր լինելը հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել ժամանակի շրջման համաչափության հասկացությունը։ Ֆիզիկայում այն նկարագրում է մի իրավիճակ, երբ շարժման օրենքները մնում են նույնը, եթե մտովի ժամանակի ուղղությունը փոխենք հակառակով։
Սովորական պայմաններում մագնիսական դաշտը խախտում է այդ համաչափությունը։ Ուստի որոշակի լայնական էլեկտրական արձագանքի առաջացումը սովորաբար դիտարկվում է որպես ժամանակի շրջման համաչափության խախտման նշան։
Սակայն հետազոտողների ուսումնասիրած փորձարարական տվյալներն անսպասելի բան ցույց տվեցին. նյութը դրսևորում էր ազդանշան, որը սովորաբար կապում են այդ համաչափության խախտման հետ, թեև ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին մագնիսական դաշտ չէր հայտնաբերվել։
Լարմանն արձագանքելու երկու ռեժիմ
Հետազոտողները պարզել են, որ Հոլի քվանտային ոչ գծային անոմալ էֆեկտը կարող է դրսևորվել երկու հաջորդական ռեժիմներով։ Համեմատաբար թույլ լարման դեպքում նյութն իրեն պահում է սպասվածի պես. հոսանքը կախված է կիրառված լարման քառակուսուց։ Նման ոչ գծային կախվածությունը համապատասխանում է ժամանակի շրջման համաչափության պահպանմանը։
Սակայն լարումը մեծացնելիս իրավիճակը փոխվում է։ Էլեկտրական դաշտի ազդեցությամբ էլեկտրոնները լրացուցիչ իմպուլս են ձեռք բերում, և հոսանքի ու լարման միջև կախվածությունը դառնում է գծային։ Արդյունքում առաջանում է ազդանշան, որն արտաքուստ հիշեցնում է համաչափության խախտման և նյութի մագնիսական հատկությունների հետ կապված էֆեկտը։
Ընդ որում, իրական մագնիսական դաշտ չի առաջանում։ Ավելին՝ նոր վիճակը մշտական չէ. հենց լարումը նվազում է, նյութը վերադառնում է սկզբնական ռեժիմին, որում ժամանակի շրջման համաչափությունը պահպանվում է։
Հենց այս ժամանակավոր անցումը նոր վիճակի գիտնականներն անվանել են լիովին ոչ հավասարակշռային արձագանք։ «Մենք հայտնաբերել ենք մի բան, որը կարող է մագնիսականության նմանվել հավասարակշռային համակարգում, որի ֆիզիկան մենք բավական լավ ենք հասկանում։ Բայց իրականում դա մագնիսականություն չէ, իսկ համակարգն ինքն էլ հավասարակշռությունից դուրս է», — բացատրել է աշխատանքի առաջին հեղինակ, Ռայսի համալսարանի նախկին գիտաշխատող Շուվիկ Սուրը։
Նրա խոսքով՝ երկու ռեժիմների միջև անցման կետը կախված է կոնկրետ նյութից. որոշ դեպքերում դրա համար բավական է համեմատաբար փոքր լարումը, իսկ մյուսներում պահանջվում է զգալիորեն ավելի ուժեղ էլեկտրական ազդեցություն։
Ոչ հավասարակշռային ֆիզիկան օգնում է հասկանալ քվանտային նյութերը
Հետազոտողները հայտնագործությանն են հանգել տոպոլոգիական կիսամետաղի ուսումնասիրության ընթացքում։ Այն պատկանում է նյութերի հատուկ դասի, որոնց էլեկտրոնային հատկությունները կապված են դրանց քվանտային վիճակի տոպոլոգիական բնութագրերի հետ։
Աշխատանքը շարունակել է ուժեղ կոռելացված տոպոլոգիական կիսամետաղական վիճակի տեսական մոդելի ուսումնասիրությունները, որը նախկինում առաջարկել էր Ռայսի համալսարանի ֆիզիկոս Ցիմյաո Սիի խումբը։ Հոլի էֆեկտի չափումները սկզբում օգնել էին հաստատել այդ մոդելի հիմնական դրույթները, սակայն միաժամանակ բացահայտել էին մի անբացատրելի առանձնահատկություն, որն էլ դարձել է նոր հետազոտության ելակետը։
Ռայսի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Սիի խոսքով՝ Հոլի էֆեկտի ավանդական ըմբռնումը հիմնականում հիմնված էր հավասարակշռային համակարգերի ֆիզիկայի վրա, որոնցում արտաքին ազդեցությունները, օրինակ՝ էլեկտրական լարումը, համեմատաբար թույլ են։
Նոր հետազոտության մեջ գիտնականները դիտարկել են մի իրավիճակ, երբ արտաքին ազդեցությունն այնքան ուժեղ է դառնում, որ նյութը դուրս է բերում հավասարակշռային վիճակից։ Նման պայմաններում էլեկտրոնների վարքը փոխվում է, իսկ դրա հետ մեկտեղ փոխվում է նաև ամբողջ համակարգի էլեկտրական արձագանքը։
Արդյունքները կարևոր են ոչ միայն Հոլի էֆեկտի նոր տարբերակը հասկանալու համար։ Դրանք նաև լրացուցիչ հիմքեր են տալիս ուժեղ կոռելացված տոպոլոգիական կիսամետաղների ուսումնասիրության համար և ցույց են տալիս, որ ոչ հավասարակշռային քվանտային երևույթների հետազոտությունը կարող է օգնել ավելի խորությամբ հասկանալ նյութի հատկությունները նույնիսկ դրա սովորական՝ հավասարակշռային վիճակներում։










