Ժամանակակից գիտությունը թույլ է տալիս օգտագործել այրման գործընթացները ոչ միայն որպես էներգիայի աղբյուր, այլև որպես գործիք՝ նոր հատկություններով նյութեր ստանալու համար։ Նման տեխնոլոգիաները հնարավորություններ են բացում մի շարք ճյուղերի զարգացման համար՝ արդյունաբերությունից ու էներգետիկայից մինչև բժշկություն և բարձր տեխնոլոգիական արտադրություն։ Այն մասին, թե ինչպես է այս ուղղությունը զարգանում այսօր, ինչ հետազոտություններ են իրականացվում Հայաստանում և ինչպիսի ներուժ ունեն ստացվող նյութերը, «Գիտե՞ք արդյոք» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է պրոֆեսոր Ալեքսանդր Մուկասյանը։

Ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության մասին հարցազրույցների շարքի գործընկերն է Team Telecom Armenia ընկերությունը։

«Պինդ կրակ». ինչպես է այրումն օգնում ստանալ գերբարձրջերմաստիճանային կերամիկա

Այրման գործընթացն իրենից ներկայացնում է ինքնապահպանվող քիմիական ռեակցիա. սկզբնավորումից հետո այն կարող է շարունակվել առանց արտաքին էներգիայի լրացուցիչ մատակարարման։ Ինչպես բացատրում է պրոֆեսոր Ալեքսանդր Մուկասյանը, այս հատկությունը կարելի է օգտագործել ոչ միայն էներգիա ստանալու, այլև արժեքավոր նյութերի սինթեզի համար։

Նման մոտեցման օրինակներից է այսպես կոչված «պինդ կրակը»՝ ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզը։ Որպես օրինակ՝ պրոֆեսորը բերում է տիտանի և տանտալի կարբիդների ստացումը։ Դրա համար խառնում են համապատասխան մետաղի և ածխածնի (մուրի) փոշիները։ Ռեակցիայի սկզբնավորման ժամանակ դրանց միջև անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն։ Այդ ջերմությունը բավարար է խառնուրդի հաջորդ շերտում ռեակցիան գործարկելու համար, ապա՝ հաջորդում, ինչի արդյունքում այրման ճակատն ինքնուրույն տարածվում է նյութի ողջ ծավալով։

«Եթե մենք լցնենք այս փոշիների խառնուրդի 10 մետր և մի անկյունում սկզբնավորենք ռեակցիան, ապա մոտ մեկ րոպե անց այրման ճակատը կհասնի մինչև վերջ», — պարզաբանում է Մուկասյանը։

Ընդ որում, ռեակցիան ընթանում է առանց թթվածնի և որևէ գազային ռեագենտի մասնակցության։ Դրա արդյունքում առաջանում են տիտանի կամ տանտալի կարբիդներ՝ նյութեր, որոնք պատկանում են գերբարձրջերմաստիճանային կերամիկայի դասին։ Դրանց հալման ջերմաստիճանը մոտենում է 4000 աստիճանի։ Նման նյութերը կիրառվում են տարբեր հատուկ արտադրատեսակների թողարկման համար։

Պրոֆեսորի խոսքով՝ ավանդաբար նման կերամիկան ստանում են վառարանային եղանակով. ելակետային փոշիները պահում են մոտ 2000 աստիճան ջերմաստիճանում՝ շուրջ տասը ժամ։ Ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզը թույլ է տալիս ստանալ նույն արտադրանքը սկզբունքորեն այլ եղանակով՝ քիմիական ռեակցիայի ընթացքում անմիջականորեն անջատվող էներգիայի հաշվին։

Հենց այդ պատճառով էլ այս գործընթացն անվանում են «պինդ կրակ». դրանում կան ջերմություն, լույս, ռեակցիայի ճակատի տարածում և վերջնական արտադրանքի առաջացում, բայց չկա սովորական գազային այրում։

Գերբարձրջերմաստիճանային կերամիկայից՝ մինչև նանոնյութեր

Ալեքսանդր Մուկասյանի խոսքով՝ ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի կիրառման առավել հեռանկարային ուղղություններից մեկը գերբարձրջերմաստիճանային կերամիկայի ստացումն է։ Այն բանի շնորհիվ, որ ռեակցիայի ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել 3500–4000 աստիճանի, հաջողվում է զգալիորեն արագացնել զանգվածափոխանակությունը և ստանալ առանց ծակոտիների նյութեր։ Ավանդական վառարանային արտադրության դեպքում դրա համար պահանջվում են չափազանց բարձր ջերմաստիճաններ և մշակման երկարատև ժամանակ։

Մյուս կարևոր ուղղությունը նանոնյութերի սինթեզն է։ Ինչպես նշում է պրոֆեսորը, սկզբում կասկածներ կային այն մասին, որ այրման բարձրջերմաստիճանային գործընթացները թույլ են տալիս ստանալ նանոմետրային մասշտաբի նյութեր. բարձր ջերմաստիճանը նպաստում է զանգվածափոխանակությանը և մասնիկների խոշորացմանը։ Սակայն վերջին հետազոտությունները փաստել են, որ դա հնարավոր է։

Մասնավորապես, հեռանկարային մեթոդ է դարձել այսպես կոչված լուծույթների այրումը։ Որպես օքսիդիչ սովորաբար օգտագործում են մետաղների նիտրատներ, իսկ որպես վառելիք՝ օրգանական նյութեր, օրինակ՝ գլիցին։ Էկզոթերմիկ ռեակցիայի սկզբնավորումից հետո այն տարածվում է լուծույթով՝ ջերմության և գազերի ինտենսիվ անջատմամբ։ Արդյունքում կարելի է ստանալ նանաչափ մետաղների օքսիդներ, համաձուլվածքներ, կարբիդներ, նիտրիդներ և այլ նյութեր։

Մուկասյանը նաև նշում է, որ նանոնյութերի հատկությունները կարող են էականորեն տարբերվել նույն նյութի՝ սովորական մասշտաբի հատկություններից։ Օրինակ՝ մասնիկների չափի փոքրացման դեպքում կարող են փոխվել հալման ջերմաստիճանը, էլեկտրոնային կառուցվածքը և նույնիսկ նյութի գույնը։ Հենց այս բնութագրերը կառավարելու հնարավորությունն էլ հեռանկարներ է բացում նախապես տրված հատկություններով նյութեր ստեղծելու համար։

«Գործնականում ցանկացած նանոնյութ կարելի է ստանալ նույն գաղափարի՝ այրման գաղափարի կիրառմամբ», — ամփոփել է պրոֆեսորը։

Կարելի՞ է ստեղծել ֆանտաստիկ հատկություններով նյութեր

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այրմամբ սինթեզի տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ արտասովոր, գրեթե ֆանտաստիկ հատկություններով նյութեր, Ալեքսանդր Մուկասյանը բերում է մի քանի օրինակ։ Դրանցից մեկը գրաֆենն է, որն իր ժամանակին իսկական բեկում դարձավ նյութագիտության մեջ։ Պրոֆեսորի խոսքով՝ այն այրման մեթոդով ստանալը լիովին հնարավոր է, և համապատասխան գիտական հրապարակումներ, այդ թվում՝ իր սեփականը, արդեն գոյություն ունեն։

Եվս մեկ օրինակ է խորանարդային բորի նիտրիդը, որը հայտնի է որպես բորազոն։ Սա մի նյութ է, որի կարծությունը գործնականում համադրելի է ադամանդի հետ։ Այն նույնպես կարելի է ստանալ այրման միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է քիմիական ռեակցիան համադրել հարվածային ալիքի ազդեցության հետ։

«Այս պահին գործնականում բոլոր հայտնի նյութերը կարելի է փորձել ստանալ այրման ռեժիմում», — նշում է Մուկասյանը։

Սակայն ժամանակակից գիտության հնարավորություններն անսահմանափակ չեն։ Որպես նյութի օրինակ, որն առայժմ հնարավոր չէ ստեղծել, պրոֆեսորը բերում է չինացի գրող Լյու Ցիսինի «Երեք մարմնի խնդիրը» վեպի ֆանտաստիկ նյութը։ Ըստ ստեղծագործության նկարագրության՝ դրա առանձնահատկությունն այն է, որ մասնիկների միջև փոխազդեցությունն իրականացվում է մյուոնների միջոցով, այլ ոչ թե սովորական ատոմային կապերի։ Նման կառուցվածքի շնորհիվ նյութը գործնականում անհնար է քանդել. նույնիսկ ջերմամիջուկային պայթյունն ունակ չէ այն ոչնչացնել։

«Կարելի՞ է արդյոք նման նյութ ստանալ։ Առայժմ՝ ոչ», — ասում է գիտնականը։ Ընդ որում՝ նա չի բացառում, որ ապագայում գիտությունը կկարողանա մոտենալ նման խնդիրների լուծմանը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ գիտնականները կկարողանան մշակել նման նյութի ստացման տեխնոլոգիա, Մուկասյանն ընդգծում է, որ պատրաստ չէ նման կանխատեսումներ անել, բայց կարծում է, որ այս ոլորտում զարգացումն ընթանալու է աստիճանաբար։