Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են վիրուսների նախկինում անհայտ խումբ, որը կարող է օգնել բացատրել, թե ինչպես են էվոլյուցիայի վաղ փուլերում առաջացել որոշ կարևորագույն կենսաբանական կառուցվածքներ։ Հայտնագործությունը կասկածի տակ է դնում բջիջների ներսում սպիտակուցային միկրոկոմպարտմենտների ծագման գոյություն ունեցող տեսությունը և մատնանշում, որ վիրուսները կարող էին էվոլյուցիայում շատ ավելի բարդ դեր խաղալ, քան համարվում էր մինչ այժմ։
Մայամիի համալսարանի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակված է Nature Communications ամսագրում, բացահայտել է անսպասելի նմանություն վիրուսների և այսպես կոչված էնկապսուլինների՝ ոչ մեծ սպիտակուցային կառուցվածքների միջև, որոնք հանդիպում են բակտերիաների և արքեաների մոտ և ընդունակ են բջջի ներսում ստեղծել մեկուսացված տարածություններ՝ կենսաքիմիական ռեակցիաների ընթացքի համար։
Մինչ այժմ գերակշռում էր պատկերացումն այն մասին, որ այդ բջջային կառուցվածքներն առաջացել են վիրուսներից։ Սակայն նոր տվյալները վկայում են ավելի բարդ պատկերի մասին. վիրուսներն ու էնկապսուլինները կարող էին միլիոնավոր տարիների ընթացքում բազմիցս էվոլյուցիայի ենթարկվել մեկը մյուսից։
Մեկ սպիտակուցային թաղանթի երկու ֆունկցիաները
Հայտնագործության հիմքում ընկած են HK97-fold անունով հայտնի բնորոշ եռաչափ կառուցվածքով սպիտակուցները։ Դրանք ընդունակ են ինքնուրույն հավաքվելու թաղանթներում՝ ձևավորելով յուրօրինակ պաշտպանիչ կոնտեյներներ։ Նման սպիտակուցներ հանդիպում են ինչպես վիրուսների, այնպես էլ էնկապսուլինների մոտ։
Տարբերությունն այն է, որ այդ թաղանթները տարբեր խնդիրներ են կատարում։ Վիրուսները դրանք օգտագործում են գենետիկական նյութի փաթեթավորման և պաշտպանության համար, մինչդեռ բջիջների ներսում համանման կառուցվածքները կարող են մեկուսացնել որոշակի կենսաքիմիական գործընթացներ՝ պայմաններ ստեղծելով քիմիական ռեակցիաների ընթացքի համար։
Հենց այս նմանությունն էլ ստիպել է հետազոտողներին նորովի նայել նմանատիպ սպիտակուցային համալիրների ծագմանը։
«Այս սպիտակուցները ստեղծում են կոմպարտմենտներ՝ երկու տարբեր ֆունկցիաներով։ Սա ուղղակիորեն կապված է կյանքի ծագման և դրա վաղ էվոլյուցիայի ուսումնասիրության հետ. եթե մտածենք, կյանքի հիմքում ընկած է քիմիական ռեակցիաներն առանձին տարածության մեջ փակելու կարողությունը, ինչպես նաև տեղեկատվությունը, որը կարող է փոխանցվել հաջորդ սերունդներին, որպեսզի այդ ռեակցիաները կարողանան շարունակվել», — բացատրել է հետազոտության առաջին հեղինակ Աբելարդո Ագիլարը՝ Մայամիի համալսարանի կենսաբանության ամբիոնի ասպիրանտը։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հայտնաբերված վիրուսները. դրանց գենոմներն ավելի փոքր են և պարզ, քան HK97-fold սպիտակուցային թաղանթներ ձևավորող մյուս վիրուսներինը։ Ընդ որում, դրանք օժտված են վիրուսներին և էնկապսուլիններին միաժամանակ բնորոշ հատկանիշներով։ Գիտնականների կարծիքով՝ նման օրգանիզմները կարող են ներկայացնել միջանկյալ օղակներ, որոնք թույլ են տալիս հետևել երկու տիպի կառուցվածքների միջև էվոլյուցիոն անցումներին։
ԱԲ-ն օգնել է գտնել վիրուսներ՝ ԴՆԹ-ի միլիարդավոր հաջորդականությունների մեջ
Անսովոր վիրուսները հաջողվել է հայտնաբերել հսկայական գենետիկական տվյալների բազաների վերլուծության շնորհիվ։ Այն բանի փոխարեն, որ փորձեին լաբորատորիայում աճեցնել անհայտ վիրուսներ, հետազոտողներն ուսումնասիրել են շրջակա միջավայրի նմուշներից ստացված ԴՆԹ-ի միլիարդավոր հաջորդականություններ։
Աշխատանքում օգտագործվել են կենսաինֆորմատիկայի մեթոդներ, սպիտակուցների վարքագծի մոդելներ և արհեստական բանականության գործիքներ։ Մասնավորապես, գիտնականները կիրառել են սպիտակուցների լեզվական մոդելներ և AlphaFold-ը՝ համակարգ, որը թույլ է տալիս կանխատեսել սպիտակուցային մոլեկուլների եռաչափ կառուցվածքն՝ ըստ դրանց ամինաթթվային հաջորդականության։
Տվյալների աղբյուրներից մեկը դարձել է IMG/M բազան, որը կապված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Գենոմի միացյալ ինստիտուտի և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի հետ։ Այն պարունակում է գենետիկական տեղեկատվություն՝ ամենատարբեր միջավայրերում հավաքված նմուշներից՝ հողում, ծովային ջրում, կեղտաջրերում, մարդու աղիքներում և այլ կենսաբանական համակարգերում։
Նման մոտեցումը հատկապես կարևոր է վիրուսաբանության համար։ Վիրուսների զգալի մասն անհնար է կուլտիվացնել լաբորատոր պայմաններում, ինչը նշանակում է, որ հետազոտության ավանդական մեթոդները թույլ չեն տալիս ուսումնասիրել դրանցից շատերին։
«Վիրուսների մեծ մասը հնարավոր չէ աճեցնել լաբորատորիայում։ Բայց սեքվենավորման շնորհիվ մենք հասանելիություն ենք ստանում այն վիրուսների մասին տեղեկատվությանը, որոնց տերերն մեզ հայտնի չեն և որոնք հնարավոր չէ կուլտիվացնել, թեև դրանք ամենուր են», — նշել է հետազոտության ավագ հեղինակ, Մայամիի համալսարանի դոցենտ Անտոնի Լուկե Սանտոլարիան։
Նրա խոսքով՝ գենետիկական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս ուսումնասիրել վիրուսների էվոլյուցիան և դրանց հարմարվողականությունը շրջակա միջավայրին նույնիսկ այն դեպքերում, երբ բուն վիրուսային մասնիկներն անհասանելի են անմիջական ուսումնասիրության համար։
Կարո՞ղ են վիրուսները քիմիական ռեակցիաներ ապահովել
Հետազոտողները հնարավոր բացատրություն են առաջարկել այն բանի, թե ինչպես վիրուսային թաղանթներն ու բջջային կոմպարտմենտները կարող էին առաջանալ ընդհանուր էվոլյուցիոն ձևերից։
Այս հիպոթեզի կենտրոնում այսպես կոչված պրոկապսիդներն են՝ վիրուսների չհասունացած սպիտակուցային թաղանթները։ Գիտնականների ենթադրությամբ՝ դրանք կարող էին դառնալ միջանկյալ ձև, որն ընդունակ է ժամանակի ընթացքում ձեռք բերել տարբեր ֆունկցիաներ՝ գենետիկական նյութի պահպանումից մինչև կենսաքիմիական ռեակցիաների համար տարածության ստեղծում։
Այս ենթադրությունը փոխում է վիրուսային կապսիդների դերի սովորական պատկերացումը։ Սովորաբար դրանք դիտարկվում են առաջին հերթին որպես պաշտպանիչ փաթեթավորում՝ վիրուսային ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի համար։ Սակայն նման թաղանթների որոշ տարատեսակներ պոտենցիալ կարող են մասնակցել նաև քիմիական գործընթացների կազմակերպմանը։
«Մեր հետազոտության հնարավոր հետևանքներից մեկն այն է, որ վիրուսային կապսիդները նույնպես կարող են նպաստել կենսաքիմիական ռեակցիաների ընթացքին։ Սա հեռանկար է բացում շրջակա միջավայրում նման կառուցվածքների այլ ֆունկցիաների հայտնաբերման համար», — պարզաբանել է Ագիլարը։
Առայժմ խոսքը հիպոթեզի մասին է, որը դեռ պետք է ստուգվի հետագա հետազոտություններում։ Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն բջիջներ վարակելու ունակ ակտիվ վիրուսային մասնիկներին, այլև դրանց ոչ ինֆեկցիոն ձևերին։
Ագիլարի խոսքով՝ հենց նման կառուցվածքները կարող էին մնալ հետազոտողների տեսադաշտից դուրս, թեև դրանք ընդունակ են կատարելու ֆունկցիաներ, որոնք դուրս են վիրուսային գենետիկական նյութի տարածման շրջանակներից։
Մշակված մոտեցումը կարող է կիրառվել ինչպես կյանքի ծագման ուսումնասիրության, այնպես էլ նոր վիրուսների որոնման և պոտենցիալ ի հայտ եկող պաթոգենների ուսումնասիրության համար։










