Արհեստական բանականության վրա հիմնված նոր մեթոդը թույլ կտա ավելի ճշգրիտ ուսումնասիրել բջջաթաղանթներում ներդրված սպիտակուցները։ Սա կարող է օգնել հետազոտողներին ավելի լավ հասկանալ բջիջներ վիրուսների ներթափանցման և սպիտակուցների՝ շրջապատող լիպիդային միջավայրի հետ փոխազդեցության մեխանիզմները, իսկ հեռանկարում՝ ստեղծել ավելի արդյունավետ դեղամիջոցներ և մշակել վարակների դեմ պայքարի նոր մոտեցումներ։
isSPA-vesicle անվանումով մեթոդը մշակել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կենսաֆիզիկայի ինստիտուտի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Չժան Սինչժենի ղեկավարությամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 16-ին՝ Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
ԱԲ-ն օգնում է վերականգնել սպիտակուցների եռաչափ կառուցվածքը
Թաղանթային սպիտակուցները կարևոր դեր են խաղում բջիջների գործունեության մեջ․ դրանք մասնակցում են ազդանշանների փոխանցմանը, թաղանթով նյութերի փոխադրմանը և շրջակա միջավայրի հետ բջջի փոխազդեցությանը։ Շատ վիրուսներ նույնպես օգտագործում են իրենց մակերեսի սպիտակուցները՝ մարդու բջիջներ ներթափանցելու համար։ Սակայն նման սպիտակուցների կառուցվածքն ուսումնասիրելը հեշտ չէ։ Դրանց ձևն ու հատկությունները մեծապես կախված են լիպիդային միջավայրից՝ թաղանթի ճարպային շերտից, որում դրանք ներդրված են։ Ուստի հավաստի արդյունքներ ստանալու համար կարևոր է սպիտակուցներն ուսումնասիրել բնականին հնարավորինս մոտ պայմաններում։
Նման միջավայր ստեղծելու միջոցներից են վեզիկուլները՝ լիպիդային թաղանթով շրջապատված փոքր պղպջակները։ Դրանք թույլ են տալիս վերարտադրել բջջաթաղանթների առանձնահատկությունները, ներառյալ դրանց կորությունը և թաղանթի տարբեր կողմերում իոնների խտությունների տարբերությունը պահպանելու ունակությունը։ Չնայած նմուշների պատրաստման մեթոդների զարգացմանը՝ նման պղպջակներում սպիտակուցների բարձր ճշգրտությամբ եռաչափ պատկերներ ստանալը մնում էր բարդ խնդիր։ Առանձին մասնիկների վերլուծության և ենթատոմոգրամների միջինացման ավանդական մեթոդները միշտ չէ, որ թույլ էին տալիս բավականաչափ ճշգրիտ որոշել սպիտակուցային մոլեկուլների դիրքն ու կողմնորոշումը։
Այս խնդիրը լուծելու համար գիտնականները մշակել են isSPA-vesicle-ը, որում արհեստական բանականությունն օգտագործվում է թաղանթների երկրաչափությունը վերլուծելու համար։ Ալգորիթմին սովորեցրել են որոշել վեզիկուլների երկրաչափական պարամետրերը և հաշվարկել նորմալի վեկտորները՝ որոշակի կետերում թաղանթի մակերեսին ուղղահայաց ուղղությունները։ Դրա համար համակարգը կառուցում է պղպջակի մակերեսի մաթեմատիկական մոդելը՝ այն մոտարկելով գնդի կամ էլիպսոիդի ձևին։ Ստացված տեղեկությունն օգնում է ընտրել այն մասնիկները, որոնք իսկապես կապված են թաղանթին։ Ալգորիթմը հաշվի է առնում սպիտակուցային մոլեկուլի կողմնորոշման և մակերեսի տեղային ուղղության միջև անկյունը՝ վերլուծությունից բացառելով վեզիկուլներին չկապված ազատ մասնիկները։
Մինչև 2,7 անգստրեմ ճշգրտություն
Հետազոտողները նոր մեթոդը փորձարկել են 130 կիլոդալտոնից մինչև 2 մեգադալտոն մոլեկուլային զանգված ունեցող թաղանթային սպիտակուցների վրա։ Փորձերում օգտագործվել են թաղանթավոր վիրուսների երկու տեսակի սպիտակուցներ, ինչպես նաև արհեստական լիպոսոմների երեք տարատեսակ։
isSPA-vesicle-ի օգնությամբ գիտնականներին հաջողվել է վերականգնել գրիպի A վիրուսի հեմագլյուտինինի կառուցվածքը՝ 2,7 անգստրեմ լուծաչափով, ինչպես նաև մարդու OC43 կորոնավիրուսի փշաձև սպիտակուցի կառուցվածքը՝ բջջաթաղանթին միաձուլվելուն նախորդող վիճակում՝ 3,1 անգստրեմ լուծաչափով։
Անգստրեմը հավասար է մետրի մեկ տասը միլիարդերորդ մասին։ Նման լուծաչափը թույլ է տալիս սպիտակուցների կառուցվածքը դիտարկել շատ բարձր մանրամասնությամբ՝ ընդհուպ առանձին ատոմների մակարդակով։
Մեթոդը փորձարկել են նաև AcrB սպիտակուցի վրա, որը մասնակցում է բջջից նյութերի արտամղման բակտերիալ համակարգերի աշխատանքին։ Դրա եռաչափ վերակառուցման լուծաչափը կազմել է 3,1 անգստրեմ, ինչը գերազանցել է համեմատվող մյուս երեք մեթոդների արդյունքները։
Բացի այդ, պարզվել է, որ նոր մոտեցման արդյունավետությունը կախված չէ սպիտակուցի լուծելի հատվածների մոլեկուլային զանգվածից։ isSPA-ի սկզբնական տարբերակի համեմատ այն թույլ է տալիս զտել թաղանթին չկապված մասնիկները և վերլուծել ավելի փոքր չափերի սպիտակուցներ։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ isSPA-vesicle-ը կարող է դառնալ համեմատաբար պարզ և արդյունավետ գործիք՝ ֆիզիոլոգիական պայմանները նմանակող լիպիդային միջավայրում թաղանթային սպիտակուցների բարձր ճշգրտությամբ եռաչափ կառուցվածքներն անմիջապես վերականգնելու համար։ Սա լրացուցիչ հնարավորություններ է բացում թաղանթների հետ սպիտակուցների փոխազդեցությունն ու վիրուսային և բջջային սպիտակուցային կառուցվածքների աշխատանքի մեխանիզմներն ուսումնասիրելու համար։










