ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանին հնարավորություն է տալիս համաշխարհային տեխնոլոգիական շուկայում նշանակալի դերակատար դառնալու։ Այս մասին այսօր Digiconf-ի շրջանակում անցկացված քննարկումների ժամանակ հայտարարել է NVIDIA-ի՝ ֆիզիկական արհեստական բանականության սիմուլյացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարիտյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այս ոլորտում արդեն իսկ զգալի առավելություն ունի։ «Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող գրաֆիկական պրոցեսորներն ու արհեստական բանականության հզորություններն ավելի շատ են, քան աշխարհի գրեթե ցանկացած այլ վայրում, և մենք մեծացնում ենք այդ ներուժը», - նշել է նա։
Հայաստանը կարող է կարևոր դերակատար դառնալ համաշխարհային տեխնոլոգիական շուկայում
NVIDIA-ի ներկայացուցչի գնահատմամբ՝ արհեստական բանականության զարգացումը Հայաստանի առջև միանգամից երկու լայնածավալ հնարավորություն է բացում։
Առաջինը կապված է ԱԲ ենթակառուցվածքների համաշխարհային զարգացման հետ։ Լեբարիտյանի խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին ամբողջ աշխարհում նման ենթակառուցվածքների ստեղծման համար կներդրվի 3–4 տրլն դոլար։ Սա մարդկության պատմության մեջ ենթակառուցվածքների ամենախոշոր և ամենաարագ իրականացվող լայնածավալ կառուցումն է, որը կպահանջի մատակարարման բարդ շղթաների ձևավորում և բազմաթիվ նոր ընկերությունների ի հայտ գալը։
Նա կարծում է, որ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել այս գործընթացին՝ ստեղծելով ընկերություններ և զարգացնելով համաշխարհային ԱԲ ենթակառուցվածքների ապահովման համար անհրաժեշտ ուղղություններ։
Երկրորդ հնարավորությունը կապված է այն հանգամանքի հետ, որ ոլորտն ինքնին զարգացման սկզբնական փուլում է։ Լեբարիտյանի խոսքով՝ քանի որ արհեստական բանականությունը բոլորովին նոր ոլորտ է, դեռ ոչ ոք չգիտի, թե ինչպես այն զարգացնել առավել արդյունավետ կերպով։ Սա Հայաստանին համեմատաբար հավասար պայմանների մեջ է դնում մյուս երկրների հետ և հնարավորություն տալիս առաջ անցնելու։ «Այժմ սա պարզապես ընտրության հարց է․ ուզո՞ւմ ենք արդյոք առաջ անցնել։ Եվ քանի որ որոշել ենք դա անել, այժմ կարող ենք համաշխարհային մակարդակում հանդես գալ որպես կարևոր դերակատար։ Ես հավատում եմ, որ Հայաստանի բարեկեցիկ, անվտանգ և հարգված լինելը երաշխավորելու միակ ճանապարհը մյուսների համար կարևոր լինելն է։ Սա նշանակալի դառնալու մեր հնարավորությունն է», - հայտարարել է նա։
Անհրաժեշտ է ԱԲ ենթակառուցվածքներից ստացվող եկամուտների մի մասն ուղղել երկրի զարգացմանը
Լեբարիտյանն անդրադարձել է նաև այն եկամուտների վերաներդրման թեմային, որոնք Հայաստանը ստանալու է ԱԲ ենթակառուցվածքների զարգացումից։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Firebird ընկերության հետ։ Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ հնգամյա ծրագրի շրջանակում նախատեսված է 25 մլն դոլար՝ տարեկան 5 մլն դոլար, Firebird-ից արտոնյալ գնով հաշվողական հզորություններ ձեռք բերելու համար։ Այդ ռեսուրսները պետք է տրամադրվեն Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտահետազոտական լաբորատորիաներին, ընկերություններին և ձեռնարկություններին։ Դիտարկվում է նաև պետական կառույցների կողմից դրանց օգտագործման հնարավորությունը։
Սակայն Լեբարիտյանը նախատեսված միջոցները բավական համեստ է համարում հնարավորությունների ներուժի մասշտաբների համեմատ։ «Սա հրաշալի է, բայց իրականում բավական համեստ թիվ է։ Հինգ միլիոն դոլարի ԱԲ հզորությունները շատ, շատ քիչ են», - նշել է նա։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է գնահատի ԱԲ ենթակառուցվածքային նախագծերից ստացվող ընդհանուր տնտեսական օգուտը, ներառյալ ուղղակի եկամուտները, և դիտարկի այդ միջոցների մի մասը երկիր վերադարձնելու հնարավորությունը։ Խոսքը հաշվողական ռեսուրսների հասանելիության միջոցով հայկական համալսարանների, ընկերությունների և քաղաքացիների համար լրացուցիչ առավելություններ ստեղծելու մասին է։ Լեբարիտյանն ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս առաջատար դիրքը հավերժ չի պահպանվելու, ուստի ձեռք բերված առավելություններն անհրաժեշտ է օգտագործել երկրի հետագա զարգացման համար։
«Այստեղ արժեք ստեղծելն ու այն արտահանելը մի բան է, իսկ այդ արժեքի մի մասը վերցնելն ու մեր երկրում վերաներդնելը՝ բոլորովին այլ բան։ Այժմ մենք ունենք այս առաջատար դիրքը, ինչը հրաշալի է, բայց այն հավերժ չի պահպանվելու, ուստի պետք է այն վերաներդնենք», - հայտարարել է նա։










