Ամեն օր միլիոնավոր մարդիկ մուտքագրում են լոգինն ու գաղտնաբառը՝ էլեկտրոնային փոստը բացելու, սոցիալական ցանց մտնելու կամ բանկային հավելվածից օգտվելու համար։ Բառն այնքան սովորական է դարձել, որ դրա ծագումը քչերին է հետաքրքրում։ Եվ իզուր․ համակարգչային բառապաշարի մաս դառնալուց առաջ այն արդեն գործածվում էր ծովային բառապաշարում և կապված է փայտե չորսուի հետ, որի օգնությամբ նավաստիները չափում էին նավի արագությունը։

Որտեղի՞ց է առաջացել log բառը

Անգլերեն login բառը ծագել է log in բառակապակցությունից, որը բառացի նշանակում է «գրառում կատարել մատյանում» կամ «գրանցվել»։ Այստեղ առանցքայինը log բառն է․ այսօր այն նշանակում է իրադարձությունների հաշվառման մատյան, սակայն պատմականորեն ունեցել է նաև մեկ այլ իմաստ՝ փայտե գերան կամ չորսու։

Այս իմաստների միջև կապը հասկանալու համար պետք է մի քանի դար հետ գնանք, երբ առագաստանավի արագությունը չափում էին բավական անսովոր եղանակով։

Ինչպես փայտե գերանը դարձավ նավամատյան

XVII դարում նավաստիները նավի արագությունը որոշելու համար հատուկ սարք էին օգտագործում։ Նավից ջուրն էին նետում հանգույցներով երկար պարանին ամրացված փայտե չորսու։ Մինչ նավն առաջ էր շարժվում, պարանը քանդվում էր, իսկ նավաստիները հաշվում էին, թե որոշակի ժամանակահատվածում քանի հանգույց է անցնում։

Այսպես առաջացավ ծովում արագությունը չափելու եղանակը, իսկ «հանգույց» բառը ամրապնդվեց որպես նավերի արագության չափման միավոր։ Սարքն ինքնին կոչվում էր log։

Չափումների արդյունքները, երթուղու, եղանակի և այլ իրադարձությունների մասին տեղեկությունները գրանցում էին հատուկ նավամատյանում՝ logbook։ Ժամանակի ընթացքում log բառն սկսեց ասոցացվել ոչ միայն չափիչ չորսուի, այլև տեղի ունեցող իրադարձությունների մասին գրառումների հետ։ Այդպես այն աստիճանաբար ավելի լայն գործածություն ստացավ՝ իրադարձությունների հաշվառման մատյանի իմաստով։

Ինչպես ծովային տերմինաբանությունը հասավ համակարգիչներին

Համակարգչային ոլորտում log in արտահայտությունն ամրապնդվեց 1960-ականների սկզբին, երբ սկսեցին հայտնվել բազմաօգտատեր հաշվողական համակարգեր։ Մի քանի մարդ կարող էր առանձին տերմինալների միջոցով միաժամանակ աշխատել մեկ մեծ համակարգչով։ Համակարգիչը պետք է տարբերակեր օգտատերերին և որոշեր, թե ում է թույլատրված մուտքը։

Այս արտահայտության գործածության վաղ հայտնի օրինակներից է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մշակված CTSS (Compatible Time-Sharing System) համակարգի փաստաթղթավորումը։ Աշխատանքը սկսելու համար օգտատերը պետք է անցներ գրանցման ընթացակարգ՝ log in, այսինքն՝ փաստացի նշեր իր ներկայությունը համակարգում։

Հետագայում արտահայտությունը վերածվեց ինքնուրույն բառի՝ login։ Անհատական համակարգիչների և համացանցի տարածմանը զուգընթաց այն ծանոթ դարձավ գրեթե բոլորին։

Ինչու լոգինն այլևս միայն մուտք գործելը չէ

Անգլերենում log in-ը սովորաբար գործողություն է նշանակում՝ մուտք գործել համակարգ, մինչդեռ login-ը կարող է գործածվել որպես գոյական, օրինակ՝ login credentials («մուտքի տվյալներ») բառակապակցության մեջ։ Ռուսերենում այս իմաստների միջև սահմանն ավելի աննկատ է դարձել։

Մենք լոգին ենք անվանում թե՛ մուտքի թույլտվություն ստանալու գործընթացը, թե՛ նույնացուցիչը, որով համակարգը ճանաչում է օգտատիրոջը։ Ուստի կարելի է ոչ միայն «լոգինով մուտք գործել», այլև «մոռանալ լոգինը», թեև վերջին դեպքում խոսքն արդեն ոչ թե մուտքի ընթացակարգի, այլ օգտահաշվի անվան մասին է։

Այսպիսով՝ սովորական դարձած գործողությունն անսպասելիորեն երկար պատմություն ունի։ Ժամանակին նավաստիները նավից ջուրն էին նետում փայտե չորսու՝ նավի արագությունն իմանալու համար, ապա արդյունքները գրանցում էին նավամատյանում, իսկ դարեր անց համակարգիչները որդեգրեցին իրադարձությունների գրանցման գաղափարը։ Այսօր նավապետի և նավամատյանի փոխարեն սերվերն ու օգտահաշիվն են, բայց բառը նույնն է մնացել։