Հորդանան գետի հովտում գտնվող Ուբեյդիա հնագիտական վայրը զգալիորեն ավելի հին է դուրս եկել, քան նախկինում համարվում էր: Նոր հետազոտության համաձայն՝ դրա տարիքը կազմում է առնվազն 1,9 միլիոն տարի: Սա նշանակում է, որ վաղ մարդիկ Լևանտի տարածքում հաստատվել են հարյուր հազարավոր տարիներ ավելի վաղ, քան ենթադրում էին գիտնականները: Ըստ տարիքի՝ Ուբեյդիան համադրելի է Վրաստանում գտնվող Դմանիսիի հետ, որը Աֆրիկայից դուրս վաղ մարդկանց կարևորագույն հնավայրերից մեկն է:
Հետազոտության արդյունքները թույլ են տալիս վերանայել մարդկության վաղ գաղթերի ժամանակագրությունը և ենթադրում են, որ մեր հնագույն ազգակիցները Աֆրիկայի սահմաններից դուրս կարող էին տարաբնակեցվել մի քանի խմբերով, որոնք կիրառում էին քարի մշակման տարբեր տեխնոլոգիաներ:
Աշխատանքն իրականացրել են գիտնականները՝ Երուսաղեմի Հրեական համալսարանից պրոֆեսոր Արի Մատմոնի, Հայֆայի համալսարանից պրոֆեսոր Օմրի Բարզիլայի և Թալսայի համալսարանից պրոֆեսոր Միրիամ Բելմակերի ղեկավարությամբ: Հնավայրի տարիքը ճշգրտելու համար թիմը կիրառել է թվագրման երեք անկախ մեթոդ:
Քարե գործիքներ և հնագույն մարդկանց հետքեր
Ուբեյդիան արդեն մի քանի տասնամյակ գրավում է հնագետների ուշադրությունը: Այստեղ հայտնաբերվել են աշելյան մշակույթի ապացույցներ՝ խոշոր քարե գործիքների, այդ թվում՝ երկու կողմից մշակված ձեռքի հատիչների պատրաստման տեխնոլոգիական ավանդույթ: Բացի արտեֆակտներից, հնավայրը պարունակում է կենդանիների կործանված (բրածո) նմուշների հարուստ հավաքածու, որոնց թվում կան անցյալում Աֆրիկայում և Ասիայում տարածված, ինչպես նաև այժմ անհետացած տեսակներ:
Սակայն գտածոների ճշգրիտ տարիքը երկար ժամանակ մնում էր վեճերի առարկա: Նախորդ գնահատականները հնավայրը տեղադրում էին 1,2-ից մինչև 1,6 միլիոն տարվա միջակայքում: Այդ թվագրումները հիմնվում էին գլխավորապես այլ հնագիտական հուշարձանների և երկրաբանական տվյալների հետ համադրման, այլ ոչ թե նստվածքաշերտերի տարիքի ուղղակի չափումների վրա:
Առավել հուսալի գնահատական ստանալու համար հետազոտողները հավաքել են նոր նմուշներ և դրանք ստուգել երեք մեթոդների օգնությամբ, որոնցից յուրաքանչյուրը թույլ էր տալիս անկախաբար գնահատել երկրաբանական շերտերի տարիքը:
Առաջին մեթոդը՝ տիեզերածին իզոտոպներով թվագրումը, հիմնված է տիեզերական ճառագայթների ազդեցության տակ լեռնային ապարներում առաջացող հազվագյուտ իզոտոպների չափման վրա: Երբ ապարները հայտնվում են հողի տակ թաղված վիճակում, այդ իզոտոպների պարունակությունն աստիճանաբար փոխվում է ռադիոակտիվ տրոհման պատճառով: Դրանց հարաբերակցությամբ գիտնականները կարող են գնահատել, թե որքան ժամանակ է նյութը գտնվել հողի տակ:
Երկրորդ մեթոդը թույլ է տվել ուսումնասիրել լճի հատակի նստվածքներում պահպանված Երկրի հնագույն մագնիսական դաշտի հետքերը: Նստվածքային ապարները կուտակվելուն զուգընթաց ֆիքսել են մագնիսական դաշտի ուղղությունը: Համադրելով այդ տվյալները Երկրի բևեռայնության հայտնի փոփոխությունների հետ՝ հետազոտողները սահմանել են, որ նստվածքաշերտերը ձևավորվել են Մատույամա ժամանակաշրջանում՝ երկրաբանական մի միջակայքում, որն սկսվել է ավելի քան երկու միլիոն տարի առաջ:
Ի վերջո, գիտնականները հետազոտել են նույն նստվածքաշերտերում գտնված Melanopsis ցեղի քաղցրահամ ջրերի փորոտանի կակղամորթերի (խխունջների) քարացած խեցիները: Ուրան-կապարային թվագրումը թույլ է տվել որոշել այն երկրաբանական շերտերի նվազագույն տարիքը, որոնցում հայտնաբերվել են քարե գործիքները:
Բոլոր երեք մեթոդները միասին վերցրած մատնանշել են, որ Ուբեյդիան էապես ավելի հին է նախկին գնահատականներից:
Երկու տեխնոլոգիական ավանդույթներ տարածվել են միաժամանակ
Նոր թվագրումը Ուբեյդիան տեղադրում է նույն ժամանակային միջակայքում Դմանիսիի հետ՝ Վրաստանում գտնվող հնավայրի, որը կարևոր դեր է խաղում Աֆրիկայից դուրս մարդկանց վաղ տարաբնակեցման ուսումնասիրման գործում:
Երկու հուշարձանների տարիքի նմանությունը մատնանշում է այն մասին, որ հնագույն մարդիկ կարող էին տարբեր տարածքներ յուրացնել մոտավորապես նույն ժամանակահատվածում: Ընդ որում, հնագիտական գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ Աֆրիկայի սահմաններից դուրս տարածվում էին գործիքների պատրաստման տարբեր տեխնոլոգիաների տիրապետող խմբեր:
Դրանցից մեկը օլդուվայան ավանդույթն է, որին բնորոշ են համեմատաբար պարզ քարե գործիքները: Մյուսը աշելյանն է, որը ներառում էր ավելի մանրակրկիտ մշակված գործիքներ, օրինակ՝ ձեռքի հատիչներ:
Այսպիսով, հնագույն մարդկանց տարաբնակեցումը կարող էր տեղի ունեցած չլինել միակ հաջորդական ալիքի տեսքով, որի դեպքում մի տեխնոլոգիան փոխարինում էր մյուսին: Տարբեր խմբեր կարող էին լքել Աֆրիկան միմյանց համընկնող ժամանակահատվածներում՝ իրենց հետ բերելով քարի մշակման սեփական եղանակները և յուրացնելով կենսագործունեության նոր պայմաններ:
Ընդ որում, հնավայրերի տարիքն ինքնին թույլ չի տալիս ճշգրիտ սահմանել, թե հատկապես մարդկանց որ խմբերն են դրանք բնակեցրել և որքանով են սերտորեն կապված եղել միմյանց հետ նրանց տեղաշարժերը (գաղթերը):
Ինչու են որոշ ապարներ դուրս եկել մոտ երեք միլիոն տարեկան
Հետազոտության ընթացքում ի հայտ է եկել անսպասելի տարամիտություն տարբեր մեթոդների արդյունքների միջև: Տիեզերածին իզոտոպների նախնական չափումները ցույց են տվել, որ որոշ ապարներ կարող են ունենալ մոտ երեք միլիոն տարվա տարիք: Սա նշանակալիորեն ավելի հին է, քան մագնիսական տվյալների, բրածո останок-ների (մնացորդների) և հնագիտական գտածոների հիման վրա ստացված գնահատականները:
Լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ հակասությունը կապված է բուն նստվածքաշերտերի բարդ պատմության հետ: Նյութը բազմիցս կուտակվել է, թաղվել հողի տակ, նորից հայտնվել մակերևույթին և տեղաշարժվել Մեռյալ ծովի ռիֆտային հովտի սահմաններում: Նստվածքների մի մասը թաղվել էր շատ ավելի վաղ, քան դրանք տեղափոխել և կրկին տեղադրել են Ուբեյդիայի տարածքում գտնվող հնագույն լճի ափերին:
Դրա պատճառով որոշ ապարներ պահպանել են շատ ավելի վաղ երկրաբանական անցյալի հետքեր, քան այն շերտերը, որոնցում ի վերջո հայտնվել են հնագիտական գտածոները: Այլ կերպ ասած՝ նյութի առանձին մասնիկների տարիքը պարտադիր չէ, որ համընկներ դրանց վերջին տեղադրման վայրի տարիքի հետ:
Նստվածքների տեղաշարժման այս պատմության հաշվառումը հետազոտողներին թույլ է տվել բացատրել տարամիտությունները և համադրել թվագրման տարբեր մեթոդների արդյունքները:
Նոր գնահատականը Ուբեյդիան դարձնում է Աֆրիկայի սահմաններից դուրս մարդկանց ներկայության հայտնի հնագույն ապացույցներից մեկը: Այն նաև ամրապնդում է այն պատկերացումը, որ վաղ մարդկային պոպուլյացիաների տարաբնակեցումն սկսվել է առնվազն 1,9 միլիոն տարի առաջ և կարող էր ներառել տեխնոլոգիական տարբեր ավանդույթներ ունեցող մի քանի խմբեր:






