Բրիտանական Վերիկա տիրակալին, ում պատմաբանները մոտ երկու հարյուրամյակ համարում էին տղամարդ, կարող էր կին լինել։ Նման եզրակացության է եկել Բորնմութի համալսարանի հնագետ Մայլզ Ռասելը՝ ուսումնասիրելով տիրակալի անվան առանձնահատկությունները, հին մետաղադրամներն ու դրանց պատկերները։ Նրա կարծիքով՝ Վերիկան երկաթի դարի Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանցից մեկն է եղել և կարևոր դեր է խաղացել մեր թվարկության 43 թվականին հռոմեական ներխուժման նախապատրաստման գործում։

Վերիկան կառավարել է ատրեբատների ցեղը, որի տիրույթներն ընդգրկում էին ժամանակակից Հեմփշիր և Արևմտյան Սասեքս կոմսությունների տարածքների զգալի մասը։ Մեր թվարկության շուրջ 40 թվականին տիրակալուհուն զրկել են իշխանությունից, ինչից հետո նա փախել է Հռոմ և օգնության խնդրանքով դիմել Կլավդիոս կայսրին։

Հռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսը պնդում էր, որ հենց Վերիկայի դիմումն է դրդել կայսրին սկսել Բրիտանիայի նվաճումը։ Եթե այս վարկածը ճիշտ է, մեկ տիրակալուհու վտարումը կարող էր դառնալ այն իրադարձություններից մեկը, որոնք որոշել են կղզու հետագա պատմությունը։

Ինչու Վերիկան կարող էր կին լինել

Բորնմութի համալսարանի հնագիտական հետազոտությունների տնօրեն Մայլզ Ռասելը կարծում է, որ Վերիկային որպես տղամարդ ընկալելու պատկերացումն առաջացել է XIX դարի պատմաբանների հաստատված հայացքների պատճառով, որոնք ավտոմատ կերպով հին տիրակալներին ընկալում էին որպես տղամարդկանց։

Վերիկայի կանացի ինքնության օգտին հետազոտողը բերում է մի քանի փաստարկ։ Առաջինը՝ հենց «ա»-ով ավարտվող անունը։ Նման առանձնահատկությունը բնորոշ է այդ ժամանակաշրջանի հայտնի կին տիրակալների անուններին։ Նրանց թվում են Կարտիմանդուան՝ ղեկավարել է բրիգանտների ցեղը ժամանակակից Յորքշիրի տարածքում, և Բոուդիկան՝ իցենների ցեղի առաջնորդուհին, որը հայտնի է դարձել մեր թվարկության 60 թվականին հռոմեացիների դեմ բարձրացրած ապստամբությամբ։

Բոլոր երեք տիրակալուհիներն ապրել են մոտավորապես նույն դարաշրջանում։ Ընդ որում, Ռասելը ենթադրում է, որ Վերիկայի քաղաքական ազդեցությունը կարող էր նույնիսկ ավելի նշանակալի լինել, քան ավելի հայտնի Բոուդիկայինը։

Եվս մեկ փաստարկ կապված է այն մետաղադրամների հետ, որոնք հատվել են Վերիկայի կառավարման տարիներին։ Դրանց վրա առկա է լատինական rex տիտղոսը, որն ավանդաբար թարգմանվում է որպես «թագավոր»։ Հենց դա էլ մեծապես ամրապնդել է Վերիկային որպես տղամարդ ընկալելու պատկերացումը։

Սակայն, ըստ Ռասելի, այս տիտղոսը պարտադիր չէ, որ մատնանշեր տիրակալի սեռը։ Հռոմեացիներն այն ճանաչում էին նաև կանանց համար։ Որպես հայտնի օրինակ՝ հետազոտողը բերում է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային։

Բացի այդ, Վերիկայի մետաղադրամների վրայի պատկերները տարբերվում են երկաթի դարի բրիտանական տիրակալներին բնորոշ պատկերագրությունից։ Եթե մյուս առաջնորդներն իրենց պատկերում էին արտահայտված տղամարդկային գծերով մարտիկների տեսքով, ապա Վերիկայի մետաղադրամների վրա ներկայացված է մերկ կրծքով սլացիկ կանացի կերպար՝ ձիու վրա ցատկելիս։

Ինչպես տիրակալուհու վտարումը կարող էր հանգեցնել հռոմեացիների ներխուժմանը

Ռասելը կարծում է, որ Վերիկայի պատմական դերը չէր սահմանափակվում ատրեբատների կառավարմամբ։ Նրա վարկածով՝ վտարված տիրակալուհին կարող էր դառնալ Հռոմի կարևոր դաշնակիցը և օգնել Կլավդիոսին կազմակերպել հաջող ներխուժում Բրիտանիա։

Անտիկ աղբյուրներում Կլավդիոս կայսրը հաճախ ներկայանում է որպես թույլ տիրակալ, որն ենթարկվում է կանանց և ազատություն ստացած նախկին ստրուկների ազդեցությանը։ Ռասելը ենթադրում է, որ այդ համբավն ազդել է նաև այն բանի վրա, թե ինչպես է Դիոն Կասիոսը նկարագրել Վերիկայի դիմումը։

Նրա շարադրանքում ներխուժման մասին որոշումը ներկայանում էր որպես կայսեր վրա կնոջ ազդեցության հետևանք։ Սակայն հնագետը կարծում է, որ Վերիկայի դերը կարող էր շատ ավելի էական լինել. նա կարող էր հռոմեացիներին տրամադրել հետախուզական տվյալներ, տեղեկություններ տեղական քաղաքական իրադրության մասին և գործնական օգնություն՝ անմիջականորեն ռազմական արշավանքի ընթացքում։

Կլավդիոսի համար Բրիտանիայի նվաճումն առանձնահատուկ նշանակություն ուներ։ Այն կայսրին հնարավորություն էր տալիս ցուցադրելու իր ռազմական ունակությունները և ամրապնդելու հաջողակ զորավարի համբավը։ Վերիկայի վտարումը քաղաքական առիթ տվեց միջամտության համար, իսկ Բրիտանիայի մասին նրա գիտելիքները կարող էին օգնել հռոմեացիներին մտադրվածն իրագործելու հարցում։

Այսպիսով, Վերիկան կարող էր լինել ոչ թե պարզապես հզոր հարևանից օգնություն խնդրած վտարանդի տիրակալ, այլ հռոմեական էքսպանսիայի նախապատրաստման մասնակիցներից մեկը։

Կարո՞ղ էր Բրիտանիայի հռոմեական նվաճումը տեղի չունենալ

Հետազոտողը թույլ է տալիս, որ առանց Վերիկայի վտարման և Կլավդիոսին նրա դիմելու՝ 43 թվականի ներխուժումը կարող էր ընդհանրապես տեղի չունենալ։ Եթե տիրակալուհին պահպաներ իշխանությունը, Հռոմը, հնարավոր է, չունենար ռազմական արշավանքի նույն քաղաքական առիթը։

Այնուամենայնիվ, սա պատմական վարկած է, այլ ոչ թե հաստատված փաստ։ Վերիկայի դերի մասին դատողությունները հիմնված են հնագիտական գտածոների և անտիկ գրավոր վկայությունների մեկնաբանման վրա, որոնք լիարժեք պատկերացում չեն տալիս այդ ժամանակաշրջանի քաղաքական հանգամանքների մասին։

Այնուհանդերձ, Ռասելը կարծում է, որ Վերիկային պետք է վերադարձնել իր տեղը Բրիտանիայի վաղ պատմության ամենանշանակալի կանանց շարքում։

Երկաթի դարի կանայք կարող էին ավելի մեծ իշխանություն ունենալ, քան համարվում էր

Նոր աշխատանքը շարունակում է Բորնմութի համալսարանի՝ հին բրիտանական հասարակության մեջ կանանց դրությանը նվիրված հետազոտությունները։ Անցյալ տարի այս համալսարանի գիտնականները վկայություններ են հայտնաբերել այն մասին, որ երկաթի դարի որոշ համայնքներ կարող էին ունենալ մատրիլինեար սոցիալական կազմակերպվածություն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնությունից հետո տղամարդիկ տեղափոխվում էին իրենց կանանց համայնքներ։ Սա կարող է վկայել հասարակության կառուցվածքում և ազգակցական կապերի կազմակերպման գործում կանանց կենտրոնական դերի մասին։

Վերիկայի մասին նոր եզրակացությունների հետ միասին այս տվյալները ստիպում են վերանայել մինչհռոմեական Բրիտանիայում իշխանության բաշխման սովորական պատկերացումները։ Կանայք կարող էին ոչ միայն բարձր դիրք զբաղեցնել իրենց համայնքների ներսում, այլև ինքնուրույն կառավարել տարածքներ, մասնակցել միջազգային քաղաքականությանը և ազդել խոշոր ռազմական իրադարձությունների ընթացքի վրա։

Վերիկայի հետազոտությունը ներկայացված է Մայլզ Ռասելի «Caratacus: Great King of Britain» նոր գրքում, որը պետք է լույս տեսնի հունվարին Bloomsbury հրատարակչությունում։ Նյութը հրապարակված է նաև Current Archaeology ամսագրի վերջին համարում։